ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԽՃՃՎԵԼ Է ՈՒ ԽՃՃԵԼ ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես շուտով բախտ կունենանք տեղյակ լինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկար սպասված որոշման մասին: Որոշում, որից տարօրինակ կերպով կախվածություն ունեն Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Դեկտեմբերի 1-ից 5-ը:
Ծառուկյանի մամլո խոսնակը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեկտեմբերի 1-5-ը Ծառուկյանը կխոսի: Իսկ թե մինչ այդ Ծառուկյանն ինչ միջազգային այցեր է ունենալու, մասնավորապես Բրյուսել, Իվետա Տոնոյանը չմանրամասնեց. «Կգա ժամանակը, կլինի պաշտոնական հայտարարություն»: Բայց հաշվի առնելով ԲՀԿ-ի սպասեցնող քաղաքականությունը՝ ավելի իրատեսական կլինի դեկտեմբերի 5-ից շուտ որոշման հրապարակում չակնկալել: Այսքան սպասել ենք, մի շաբաթ էլ կսպասենք: Բացի այդ, դեռ մի շաբաթ էլ հնարավորություն կունենանք ենթադրություններ եւ կանխագուշակումներ անել:
Այստեղ չի կարելի չնկատել, որ ենթադրվող եւ նախատեսված այցերն ու հանդիպումները կարող են անմիջական կապ ունենալ ԲՀԿ առաջնորդի որոշման հետ: Ուղղակի այսօր ենթադրությունների ավելի լայն սպեկտր ունենք: Եթե ԲՀԿ-ի հարցում առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ քամին Ռուսաստանի կողմից է փչում, ապա այսօր արդեն դա միանշանակ չէ, քանի որ Ծառուկյանի նավը նաեւ ուղղություն է բռնում դեպի արեւմուտք: Կարծես թե այն մոլորվել է ջրերի մեջ եւ փորձում է կողմնորոշվել, թե որ կողմից փչող քամու ուղղությամբ նավարկի: Եւ սա միայն Ծառուկյանի դեպքում չէ, այլ առհասարակ Հայաստանի գրեթե բոլոր՝ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժեր ներկայացուցիչներն էական որոշումներ կայացնելու նախօրեին միշտ հայտնվում են «դրսերում», հետո էլ ասում, թե ամեն ինչ մենք ենք որոշում, ոչ թե Ռուսաստանը կամ Եվրոպան:
Վերադառնանք Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ առաջնորդը նոյեմբերի 28-ին ներկա է եղել բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Նույն օրը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստ, ուր քննարկվել է ՀԱԿ-ի առաջարկությունը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Հիշեցնենք, որ ներկա պահին ԲՀԿ-ն բանակցությունների մեջ է ՀԱԿ-ի հետ: Ու ոչ միայն ԲՀԿ առաջնորդը (գոնե դիտորդի կարգավիճակով), այլեւ տեղակալները նիստին ներկա չեն եղել: Հետաքրքիր է՝ եթե Գագիկ Ծառուկյանը դառնա երկրի նախագահ, սպորտը գերադասելու է երկրի կարեւոր քաղաքական իրադարձությունների՞ց: Առավել հետաքրքիր է, որ ընդդիմության մի զգալի մասը, այնուամենայնիվ, շարունակում է դիտարկել Գ. Ծառուկյանին որպես միասնական թեկնածուի լավագույն հավակնորդ եւ ապրում է սպասումներով՝ առանց գիտակցելու, որ Ծառուկյանն իրականում կարող է լինել շատ խոցելի թեկնածու: Նախադեպեր արդեն ունենք:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս