«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն: Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:
Նորայր Նորիկյանի խոսքով՝ ընդունված որոշումը կարող է կասեցնել տվյալ հանձնաժողովը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն:
Նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, ընդ որում հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:
Ըստ օրենքի՝ հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: