Կառավարության նիստում այսօր ներկայացվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին որոշումը: Հարցը ներկայացնում էր ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Հարցի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին: Նա նշեց, թե նման ձևով պայքարը հաջողություն չի բերելու:
«Այս հարցը օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ ակցիաները դեռ չէին իրականացվում, սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, որը ոստիկանությունում գործող մշտական մարմին է, աշխատանքներն առավել ակտուալ են դառնում: Այդ մարմնի նպատակն է հավաքների ժամանակ հասարական կարգին ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական նյութերի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը և նրանց գործողությունների օրինաչափությանը որոշումը:
Հունիսի 23-ին վաղ առավոտյան Բաղրամյան փողոցում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակական, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանքի են արժանացել: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել, այս տեսանկյունից, կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի, բացի արդունավետ աշխատանքից, հանրությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք: Օգտվելով առթից` ես ուզում եմ դիմել մեր ակտիվիստներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու և ես առաջարկում եմ, որ լինեն ավելի կառուցողական, և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որը բարձրացվում է իրենց կողմից:
Փակելով կենտրոնական փողոցներից մեկը, խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, իմ կարծիքով, չի համապատասխանում մեր Սահմանադրությանը և օրենքներին: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին հարգեն մեր գործընկերներին, վերադառնան կառուցողական դաշտ և միասին քննարկել հարցը, որը հուզում են մեր քաղաքացիներին»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: