Մարդիկ են հայտնվել, ովքեր ուզում են հերոսանալ. Գագիկ Բեգլարյանը` Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, թե Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին կան մարդիկ, ովքեր իրենց իմիջն են վերականգնում կամ փորձում հերոսանալ: Լրագրողների հետ զրույցում խոսելով այդ մասին, նա հավելեց, թե ինքն այդ կարգի ներկայանալու կարիք չունի:

Հարցին, թե Դուք պատրա՞ստ եք վճարել, Բեգլարյանը ասաց, որ եթե որոշում է եղել, պատրատ է: «Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է: Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար: Այն մանրամասները, որոնք եթե Դուք լսեք և իմանաք, ապա ինքներդ հավատացած եղեք, որ ժողովրդի մեծ մասը կհասկանա, որ տակը տրամաբանություն կա: Ինչ մնում է Բաղրամյան փողոցի վրա մարդկանց պայքարին, ապա նրանց պետք է ներկայացվի այդ մասնագիտական տեսակետը, այդ երիտասարդների հետ պետք է այդ մանրամասները քննարկվեն: Թող լինեն գեղեցիկ, լավ դիսկուսիաներ, ժողովուրդը դիսկուսիաները լսելով, ինքը կկողմնորոշվի` երիտասարդնե՞րն են ճիշտ, թե պետությունը, պետությա՞ն մոտեցումն է ճիշտ, թե երիտասարդների պայքարը. և՛ բոլորիս, և՛ հանրությանը հայտնի կլինի ամեն ինչ:

Ես ամեն օր նայում եմ, հետևում եմ մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ և ինձ համար շատ անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»,- եզրափակեց Գագիկ Բեգլարյանը:




Լրահոս