«ՀԷՑ-ի կուտակած պարտքերը թող վերցնեն Երվանդ Զախարյանից կամ Արթուր Բաղդասարյանից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ ծառացել է մեր պետության առաջ, չենք կարող լուծել, մինչև իշխանությունները չփոխեն իրենց գործելաոճը. բյուջեն պարտքերով լցնել ու լուծել ժողովրդի խնդիրները`  պարզապես աբսուրդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին,  մասնավորապես էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:

Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն առաջացրել է ժողովրդի բնական հուզումը և քաղաքական ուժերը, չգիտես ինչու, հանդես չեն եկել, այլ ձևավորվել է հասարակական խումբ:

Բանախոսի գնահատմամբ, շատ տարօրինակ է այն, որ իշխանությունը պաշտպանում է ոչ թե ժողովրդի, այլ մասնավոր սեկտորի շահերը:

«Եթե պայքարի մեջ իշխանությունը բռնում է սեփականատիրոջ կողմը, ըստ էության, այստեղ թաթախված է ողջ իշխանական վերնախավը: Սա շատ տարօրինակ է»:

Նա առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կուտակած պարտքը վերցնել որևէ քաղաքական գործչից, ինչպես, օրինակ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից կամ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանից:

«Զախարյանը, տարբեր տվյալներով, մոտ 600 մլն դոլար կարողություն է կուտակել: Նրանից թող վերցնեն այդ գումարը կամ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանից: Նա էլ, մոտ 300 մլն դոլար կարողություն է կուտակել»:

Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ երկու օր է` շրջում է Բաղրամյան պողոտայում և շատ գոհ է բողոքի ցույց անող երիտասարդներից. «Սրանք այն մարդիկ են, ովքեր շատ լավ կոփվել են մութ ու ցուրտ տարիներին, և նրանց ջրցան մեքենաներով չես վախեցնի: Այս տղաները մինչև վերջ գնացող տղաներ են, թող մեր իշխանություններն այս հանգամանքը հաշվի առնեն»:

Արփինե Թովմասյան




Լրահոս