«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հաշվեհամարներն արգելանքի տակ են, որեւէ գործարք հնարավոր չէ կատարել, եւ վտանգված է թերթի ամենօրյա տպագրությունը: Պատճառն այն է, որ գործարար Խաչիկ Խաչատրյանը (նա հայտնի է ձվերի Խաչիկ ածականով), ՀՀ «ամենաանկախ դատարանում» 2012-ից սկսած դատական գործընթացի վերջնափուլում հասել է այն բանին, որ «Ժողովուրդ»-ից հօգուտ իրեն բռնագանձվի 1 մլն 783 հազար դրամ՝ իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն էլ իր հերթին է օրաթերթից 114.150 դրամ ստանալու պահանջ ներկայացրել: Իսկ թերթի բոլոր բողոքները մերժվել են: Ու թեեւ ՀՀ ՍԴ-ն որոշել էր, որ մամուլի դեմ ներկայացված հայցերը քննելիս պետք է հաշվի առնվի լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները, այնուամենայնիվ, տխրահռչակ դատավոր Ռուբեն Ներսիսյանը պահանջում է մոտ 2 մլն դրամ վճարել: Իհարկե, մենք կհայթայթենք այդ գումարը (խմբագրակազմն արդեն հրաժարվել է իր աշխատավարձի 50 տոկոսից, որը կարող է մասամբ լուծել հարցը), բայց նույն վճռականությամբ կշարունակենք բացահայտել խաչիկանման տեսակներին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: