«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկինում տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, խախտելով օրենքը, չէր ներկայացրել 2014 թվականի հայտարարագիրը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարագիրն, ի վերջո, ներկայացվել է: Ըստ այդմ, Ռոբերտ Սարգսյանն անցած տարվա վերջին դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 582 հազար դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ անփող պատգամավորը 2014 թվականին 35 հազար դոլար արժողությամբ «Mercedes-Benz G 500» մակնիշի ավտոմեքենա է գնել:
Թե ինչ գումարներով, պարզ չէ: Նկատենք, որ հայտարարագրեր ներկայացնելու իմաստը հենց այն է, որ պաշտոնյաներն իրենց ամեն մի լումա եկամուտի համար պատասխան տան: Բայց ինչպես տեսնում ենք՝ այդ ամենը զուտ ձեւական բնույթ է կրում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Սարգսյանը պատգամավոր է դարձել Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից: Իսկ նրա արժանիքն այն է, որ նա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: