«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ՓԲ ընկերությունը հերթական անգամ հայտնվել է դատարանում:
Հունիսի 16-ին ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը քաղաքացի Մաքսիմ Վարդանյանից բռնագանձի դրամական պարտավորությունը չկատարելու համար նախատեսված գումարները եւ դրա արդյունքում կուտակված տոկոսները, ինչպես նաեւ՝ ընկերության կողմից դատարան դիմելու համար վճարված պետական տուրքը: Այս գործով դատավոր է նշանակվել Ռուբեն Ափինյանը, եւ դեռ առաջին դատական նիստը չի էլ կայացել:
Իսկ ով է նշված անձը, եւ ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը ինչ դրամական պարտավորություններ են ունեցել, որոնք չեն կատարել. այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Արթուր Մարտիրոսյանի հետ:
Ըստ նրա, Մաքսիմ Վարդանյանը ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց է պարտք եղել, եւ այդ ամենը շուրջ մեկ տարվա պատմություն ունի: «Նշված անձը խանութի տեր է եղել, որին ընկերությունը քաղցրավենիք է մատակարարել: Նրանք մատակարարված ապրանքի գումարը չեն տվել, պարտք են մնացել 1 միլիոն 950 հազար դրամ: Նշեմ, որ խանութի տերը՝ Մաքսիմ Վարդանյանը, պարտավորագիր է գրել, որ որոշակի ժամկետում պարտավորվում է այդ գումարն ամբողջությամբ վճարել, սակայն չի մարել: Մենք բազմիցս ժամկետ ենք տվել, որ մարեն պարտքը եւ, ի վերջո, տեսնելով, որ չեն մարում, դիմել ենք դատարան»:
Ինչպես պարզեցինք, ԱԺ պատգամավորին պատկանող ընկերության իրավաբանական բաժնի պետից, սա միակ պարտապանը չէ, որից գումար պահանջելու հայցով Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը դիմել է դատարան.«Երկրոդ գործը Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Իրինա Վահանյանն են, որոնք իրար հետ փոխկապակցված անձինք են: Նրանք «Սլավ գրուպ» ընկերությանը պարտք են մնացել 1.56 միլիոն դրամ, իսկ Ռուբեն Հովհաննիսյանը առանձին մատակարարված անձեռոցիկների համար պարտք է մնացել 990 հազար դրամ: Դարձյալ ամիսներ շարունակ հնարավորություն է տրվել, որ վճարում կատարեն: Նույնիսկ հրավիրել ենք իրավաբանական բաժին, ասել ենք՝ վճարելու եք, պատասախանել են, որ ոչ, եւ մենք ստիպված ենք եղել դիմել դատական պաշտպանությանը: Մենք չեն ճնշել, չենք նեղել, իսկ իրենք ընդունել են, որ անբարեխիղճ են եղել: Այսքանը կասեմ, նաեւ կխնդրեմ, որ կարեւոր մի հանգամանք նշեք. ըստ էության, Արկադի Համբարձումյանը ընդունում է, որ շատ ընկերություններ են փաստացի պատկանում Համբարձումյանների եւ Հովակիմյանների ընտանիքին, պարզապես Արկադի Համբարձումյանը ուղղակիորեն ներգրավված չէ ձեռնարկատիրության մեջ, քանի որ պատգամավոր է, իսկ բիզնեսը ղեկավարում եւ առաջնորդում է նրա հայրը` Ստանիսլավ Հովակիմյանը»:
Արդյո՞ք դատական նիստից հետո կվերադարձնեն Ա. Համբարձումյանի պարտքը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորին պատկանող ընկերությունը հայտնվում է դատարանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ նոյեմբերի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն վճարի «Գազպրոմ Արմենիային» 111 հազար 258 դրամ հասանելիք գումարը: Իսկ, ահա, 2014թ նոյեմբերի 27-ին էլ Երեւան քաղաքի բնակիչ Մնացական Մելքոնյանը դատական հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից պահանջելով հատուցել իրեն պատճառված վնասը:
Քնար Մանուկյան