Ադրբեջանը պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակի երկրի իշխանությունների բոլոր քննադատներին, որոնք բանտարկվել են, որպեսզի Եվրոպական խաղերի մասին միայն դրական արձագանք լինի: Այս մասին ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական խաղերի փակման նախօրեին:
«Իշխանությունները կոպտորեն փորձել են Խաղերի շուրջ առանց քննադատության գոտի ստեղծել` չթույլատրելով երկիր օտարերկրյա լրագրողների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների մուտքը»,- ասել է Դենիս Կրիվոշեևը` Amnesty International-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրենը:
«Սակայն միջազգային ԶԼՄ-ները լուսաբանել են ամենը ու ցույց տվել ողջ աշխարհին, որ երկիրն ունի շատ ամոթալի երևույթներ, սակայն ցանկանում է դրանք թաքցնել»:
Եվրոպական խաղերի շեմին մարդու իրավունքների ոտնահարումը վերաբերել է լրագրողներին, իրավաբաններին, երիտասարդական ակտիվիստներին ու ընդդիմադիր գործիչներին, որոնք հետապնդվում են, ահաբեկվում ու բանտարկվում կեղծ մեղադրանքների հիման վրա: