Համացանցից օգտվելու պատճառով ընտանեկան հերթական ողբերգությունը. ամուսինը պատմում է՝ ինչպես է կինն իրեն սպանության դրդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 33-ամյա Գրիգոր Գրիգորյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման կնոջը՝ Լիանա Մ.-ին, սպանելու համար:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, ընտանեկան վիճաբանությունն այն աստիճան է սրվել, որ հանգեցրել է սպանության: Սպանության շարժառիթ է հանդիսացել Լիանայի՝ երկար համացանցում մնալը:

Ըստ մեղադրանքի, 2014 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գրիգոր Գրիգորյանը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր տան հյուրասենյակում, նախատել է կնոջը երկար ժամանակ համացանցում մնալու համար: Ապա կնոջը պահանջել է բացել անկողինը, որպեսզի ինքը քնի: Կինը չկատարելով ամուսնու պահանջը, շարունակել է զբաղվել համակարգչով:

Ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ կինը, գտնվելով նյարդայնացած վիճակում, խոհանոցից վերցրել է դանակ և ամուսնուն առաջարկել հարվածել իրեն: Ամուսինն էլ խլել է դանակը` վնասել իր աջ դաստակի 2-րդ և 5-րդ մատերի ափային մակերեսները:

Ապա կնոջ կողմից իրեն անպատվելու և ամուսնալուծության հարց բարձրացնելու պատճառով կնոջը սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան:

Դանակի շեղբը կոտրվելուց հետո խոհանոցից վերցրել է այլ դանակ և կրկին հարվածներ հասցրել կնոջը, ընդհանուրը` դանակի գործադրմամբ կատարել 14 հարված, ինչի հետևանքով կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:

Դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ չի ցանկացել սպանել կնոջը և որ կատարածի համար զղջում է:

Ըստ դատաքննական ցուցմունքի, կնոջ վարքագծից ելնելով սկսել է կասկածել նրան դավաճանության մեջ, քանի որ կինը համակարգչի միջոցով ծանոթացել է մի տղայի հետ, կինն առավոտից մինչ գիշերը ժամը 1-2-ը անցկացրել է համակարգչի առաջ: Ամբաստանյալը հայտնել է, որ կնոջ հեռախոսի մեջ կարդացել է տարբեր բնույթի սիրային նամակներ, պարզել, որ կինը լիցքավորել է համացանցի միջոցով ծանոթացած տղայի հեռախոսը, ինչի հետևանքով ինքն ու կինը հաճախ վիճել են: Կինն, ըստ ամբաստանյալի, շփումներ է ունեցել նաև նախկին ընկերոջ հետ:

Դեպքի օրն ինքը կնոջն ասել է՝ «մի հատ տեղը բացի, պառկեմ», ամուսինների միջև լեզվակռիվ է ծագել, կինը սկսել է վիրավորել իրեն, անվանելով անինքնասեր, անտեր շուն, կինը գոռացել է իր վրա, հրամայել հեռանալ տանից, չի ցանկացել հետը ապրել, իսկ ինքը փորձել է հանգստացնել կնոջը:

Վիճաբանությունը շարունակվել է նաև խոհանոցում, որի ժամանակ կինը «սավոկի միջի փոշին շպրտել է իր դեմքին», ապա բերելով երկար դանակը, որը կոթից է բռնած եղել, շեղբը պահած իր ուղղությամբ, ասել է՝ խփիր ինձ: Ինքը բռնել է դանակի շեղբից և քաշել դեպի իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը և ճկույթը: Դրանից հետո, կինը կրկին ասել է, որ պետք է բաժանվի և անպատվել է իրեն, ձեռքով հարվածել և կոտրել է խոհանոցի դռան ապակին, դրանից հետո ինքը ոչինչ չի հիշում: Ըստ ամբաստանյալի, ինքը հիշում է, որ արյուն է տեսել կնոջ պարանոցին, սթափվել տեսել է, որ դանակը իր ձեռքում է և ասել է կնոջն՝ «էս ի՞նչ արեցիր»:

Դատարանը գտել է, որ Գ.Գրիգորյանի պատճառաբանություններն անհիմն են, նպատակ են հետապնդում քրեական պատժից և պատասխանատվությունից խուսափելու, նրան առաջադրված մեղադրանքը հաստատված է ապացույցներով:

Գ. Գրիգորյանը դեպքից հետո ներկայացել էր ոստիկանության Գյումրիի Կումայրիի բաժին, ընթերակաների ներկայությամբ հայտարարել, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում իրենց տանը խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ և խոհանոցային դանակով հարվածել վերջինիս, ապա անմիջապես ներկայացել է ոստիկանություն:




Լրահոս