ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին քննարկվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ ի թիվս այլ հակահայկական արձանագրումների, նշված է, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Վիճահարույց այս զեկույցը ԵԽԽՎ նիստում դրվելու է քվեարկության:

Երեկ ԼՂՀ ԱԺ խմբակցություններն այդ զեկույցի հետ կապված հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձեւակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը: Ավելին՝ նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու եւ միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ»:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս վիճահարույց փաստաթղթի շուրջ:
-Պարո՛ն Բաբայան, «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը որքանո՞վ է մտահոգում ԼՂՀ-ին ու ինչքանո՞վ կարող է վնասել բանակցային գործընթացին:
-Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որը քննարկվում է, պետք է իրականությունը արտացոլի: Այդ զեկույցը որեւէ կապ չպետք է ունենա քաղաքական հարցերի հետ, սա հնարավորինս ուրիշ հարթության հարց է: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ մենք որեւէ մեկի տարածքը չենք օկուպացրել, որովհետեւ օկուպացիան նաեւ ռազմական տերմինաբանություն է, նախօրոք կազմակերպված, պլանավորված մի գործընթաց է՝ թշնամու կամ այլ տարածք զավթելու համար: Իսկ մենք որեւէ մեկի տարածքը չենք զավթել: Այդ տարածքները չեն կարող կոչվել օկուպացված, եղել է սահմանների փոփոխություն, ինչն էլ եղել է ստիպված` թշնամուց պաշտպանվելու եւ նրա ագրեսիան կանխելու համար: Երբ որ քննարկվում են Ադրբեջանում մարդու իրավունքները, ու այդ փաստաթղթում նշվում են այսպիսի քաղաքական հարցեր, սա նախ չի արտացոլում բովանդակությունը: Մենք տեսնում ենք, որ նման ձեւաչափերով կարծես թե աչք է փակվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա, ինչ կապ ունեն այդ քաղաքական խնդիրները, սահմանների փոփոխությունն ու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Ի՞նչ է, դրա համար է Ադրբեջանը փակում ԵԱՀԿ գրասենյակը, «Ազատություն» ռադիոկայանը, հալածանքի ենթարկում քաղաքական ակտիվիստներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, մարդու իրավունքի պաշտպանին: Այսինքն՝ այս ամենը պետք է շատ լուրջ հաշվի առնել ու սրանով հանդերձ պետք է շատ լուրջ մոտենալ ցանկացած փաստաթղթի մշակմանը:
-Արդյո՞ք Ձեր մատնանշած խնդիրները ցանկանում են տեսնել ԵԽԽՎ պատգամավորները, կարծում եք` այս ամենը հաշվի առնելով՝ այդ բանաձեւը չի՞ ընդունվելու:
-Կարծում եմ, որ սա հասկանալի է բոլորի համար, բայց մենք տեսնում ենք, որ գոյություն ունեն լուրջ բացասական գործընթացներ Եվրոպայում, ԵԽԽՎ-ում եւ այլ կառույցներում` կապված կոռուպցիայի հետ, կապված Ադրբեջանի կողմից նավթադոլարների, տարբեր տիպի բնամթերքներով այս կամ այն պատգամավորին կաշառելու հետ, որն ինքնին քայքայում է ժողովրդավարական սկզբունքներն ու հարված հասցնում այդ նույն կազմակերպությունների վարկանիշին ու հեղինակությանը: Դրա համար չի բացառվում, որ որոշ պատգամավորներ, այսպես ասած, նախօրոք գնվել են, եւ նրանք կքվեարկեն կողմ: Բայց կրկնում եմ՝ սա որեւէ ձեւով չի կարող ազդել իրավիճակի վրա, ընդամենը շեղում կհանդիսանա բուն թեմայից, իսկ Ադրբեջանի իշխանությունները հասկանալի պատճառով ցանկանում են շեղել սեփական բնակչության ուշադրությունը:
-Տեսակետ կա, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կարող էր լավ «աշխատելու» դեպքում հասնել զեկույցում վիճահարույց ձեւակերպումների փոփոխմանը: Ձեր գնահատմամբ` արդյո՞ք այսպիսի զեկույցի առկայությունը ՀՀ պատվիրակության թերի աշխատանքի արդյունքն է:
-Ես անձամբ շատերին ճանաչում եմ ու չեմ կարող կիսել այդ գաղափարը, որովհետեւ այնտեղ իսկապես կան պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր իրենց գործը, պարտականությունները լավ գիտակցում են: Այստեղ ՀՀ պատգամավորների աշխատանքը չի, այստեղ Եվրոպայի լուռ ճգնաժամն է, այսինքն՝ կոռուպցիան է, իսկ կոռուպցիան խտրականության մի ձեւ է, երբ դու սկսում ես իրականության վրա աչք փակել, որովհետեւ ունես նյութական շահ: Այսինքն՝ փողը տալիս են, իրենք էլ նման քայլեր են կատարում, այստեղ կապ չունի ՀՀ պատգամավորների դիրքորոշումն ու աշխատանքը: Մենք որեւէ բան չենք կորցնելու, կորցնելու է Եվրոպան, կորցնելու է միջազգային իրավունքը, քանի որ ցույց է տալու, որ այնտեղ կան կոռումպացված մարդիկ, կոռումպացված չինովնիկներ: Եվ դա պետք է ահազանգ լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

 

 

 

ՀՀԿ-Ն ԴԵՄ ԷՐ, ԲԱՅՑ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑ` ՀԱՆՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց աղմկահարույց «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նշենք, որ նախօրեին այս օրինագծին դեմ էին արտահայտվել նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Իսկ երեկ կրքերն այնքան թեժացան, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախքան քվեարկությունը, 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է բարձրացնել օղու, ծխախոտի եւ վառելիքի ակցիզային հարկը: Նախքան քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունն այն կարծիքին է, որ սպառողական շուկայում նոր ցնցումեր առաջացնելը տեղին չէ, եւ իրենք դեմ են այդ օրինագծին: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հավելեց, որ ԱԺ ամեն նստաշրջանից հետո հարկերն ավելանում են, էլեկտրաէներգիայի, գազի թանկացում է լինում. «Քանի որ օրենքը 2016 թվականից է կիրառվելու, ապա պետք է չընդունել այն ու քննարկել»,- առաջարկեց Բիշարյանը եւ 20 րոպե ընդմիջում խնդրեց. «Գնահատում եմ, հերոսական առաջարկ է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
Սակայն ընդմիջումից հետո «Ակցիզային հարկի» մասին օրինագիծն ընդունվեց ձայների 56 կողմ, 38 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշենք, որ իշխող կուսակցությունից միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) դեմ քվեարկեց օրինագծին, չնայած որ նախորդ օրը ՀՀԿ-ականները հայտարարում էին, թե նման օրենք ունենալն ուղղակի «հանցագործություն» է:
Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Վարդան Այվազյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը, Հայկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Սպարտակ Մելիքյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չեն քվեարկել, չնայած որ ներկա են գտնվել քվեարկությանը: ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանն էլ ձեռնպահ է քվեարկել:
Ուշագրավ է նաեւ այն, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը քննադատում էր օրինագիծը, ընդմիջումից հետո չքվեարկեց: Արդեն ավելի ուշ Բիշարյանը հայտարարեց, որ չի հասցրել շուտ դահլիճ մտնել ու ուշացել է քվեարկությունից, բայց քարտուղարությանը տեղյակ է պահել, որ դեմ է: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրինագծի մասին կհիշեն աշնանը, բայց, ամենայն հավանականությամբ, այն «կսառեցվի», քանի որ նոր թանկացումը իշխանությունների վրա կարող է՝ շատ «թանկ» է նստել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ «ՕՊԵՐԱ ՔԼԱԲԻ»
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ հունիսի 2-ին «Յուքոմ» ՍՊԸ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Օպերա Քլաբ» ՍՊԸ-ից բռնագանձել 108 հազար 700 դրամ: Ինչպես հայտնի է՝ «Օպերա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեությունը մշտապես կապվել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաղաբյանի հետ: Գործը հասել է դատաքննության փուլ: Ի դեպ, նշենք, որ ակումբն արդեն երկար ժամանակ է՝ չի գործում: Ուշագրավ է, որ Աշոտ Աղաբաբյանի անվան հետ կապվող բիզնեսների շուրջ վերջին շրջանում պարբերաբար են խնդիրներ առաջանում. 2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 60 միլիոն դրամի չափով տուգանել էր պատգամավորին պատկանող «Հրազդան» տոնավաճառին, նա չնայած տուգանքը վճարել է, բայց հետագայում ակտը դատական կարգով բողոքարկել է դատարան:

 

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերելակը տան տերերը տեխնիկայի խանութից չեն գնել, այլ պարզապես վարպետ են կանչել, եւ վերջինս վերելակը պատրաստել է ու տեղադրել բնակարանում: Հետեւաբար տեխնիկական զննության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչ այս տեղեկացրել էինք, որ դեպքից հետո մահացած երեխայի հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Աջափնյակի առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի եւ վերելակի մեջտեղում:

 

31 ՄԼՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար գրասենյակային տարածք վարձակալելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ին վճարել է 31 մլն 165 հազար դրամ: Այս գումարով նախագահի աշխատակազմը վարձակալել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի 6-րդ հարկն ամբողջությամբ` ընդհանուր 236,1 քառակուսի մետր տարածք: Տեղեկացնենք, որ 1 քառակուսի մետր տարածքի վարձակալության ամսավճարը, ըստ պայմանագրի, կազմում է 11 հազար դրամ: Հիշեցնենք, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել չափահաս եւ խելամիտ մարդու, ով չգիտի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա պաշտոնավարման տարիներին մի քանի միլիարդի կարողություն է կուտակել: Բայց ինչպես տեսնում ենք՝ նա չի ցանկանում իր գրպանից վճարել գրասենյակի համար: Սա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն իր որդիների հետ ամեն անգամ աֆրիկյան երկրներում որսի գնալու համար (որպեսզի առյուծ սպանի եւ նստի վրան ու լուսանկարվի) 31 մլն դրամից մի քանի անգամ ավել գումար է ծախսում:




Լրահոս