ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը՝ համեմատած նախորդի հետ, ակնհայտորեն մեծ էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ոստիկանության տվյալներով ակցիայի մասնակիցների թիվը մոտ 4500 է եղել, ինչը նշանակում է, որ հրապարակում կրկնակի շատ մարդ կար նախորդից: «Ոչ թալանին» նախաձեռնությունը խոստացել էր այնպես անել, որ հոսանքի թանկացման՝ ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշումը բեկանվի: Նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում հավաքվածներին հայտարարեցին, որ սկսում են եռօրյա նստացույց մինչեւ երկուշաբթի: Այդ հայտարարությունն անակնկալ էր ինչպես ակցիայի մասնակիցների, այնպես էլ ոստիկանության համար, ընդ որում, վերջինիս համար ավելի շատ, եւ դա ակնհայտ էր: Նախաձեռնության անդամներն իրենց այս որոշումը բացատրեցին նրանով, որ արդեն հոգնել են ամեն անգամ Ազատության հրապարակ գալուց, ելույթներ ունենալուց եւ այդպես էլ ոչ մի արդյունքի չհասած` հեռանալուց: Իհարկե, նստացույցի որոշման մասին հայտարարելուց հետո հրապարակում եղած մարդկանց թիվը զգալիորեն կրճատվեց, սակայն դա ամենեւին թեւաթափ չարեց նախաձեռնության մասնակիցներին: Վերջիններս Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ տվեցին:
Վերջում ավելացնենք, որ ակցիայի մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում քաղաքացիական հագուստով ոստիկանները: Եվ եթե նրանք եկել էին հասարակական կարգը պաշտպանելու, ապա պարտավոր էին լինել համազգեստով, իսկ եթե որպես քաղաքացի էին եկել պայքարելու, ապա աշխատանքային ժամին դրա իրավունքը չունեին: Ինչեւէ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ իրենք մնալու են Ազատության հրապարակում` հասարակական կարգը պաշտպանելու:

 

 

 

 

 

ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ

Երեկ Արամ Սիմոնյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նշենք, որ ընտրությունը տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Արամ Սիմոնյանի օգտին են քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամները:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել էր միայն Արամ Սիմոնյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է դեռեւս 2006 թվականի մայիսից եւ նրա ընդդիմախոսների գնահատմամբ` պարզապես մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
-Պարո՛ն Բլեյան, Արամ Սիմոնյանը վերընտրվեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում…
-Ես խորհրդի անդա՞մ եմ (ծիծաղում է):
-Իսկ եթե լինեիք, ապա ինչպե՞ս կվարվեիք:
-Յարոսլավ Հաշեկի հերոս, քաջարի զինվոր Շվեյկը մի առիթով պատասխանում է՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կանվանեի (ծիծաղում է): Ես ինձ շատ լավ եմ զգում, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Ուզում եմ ասել, որ իրականում ընտրության կարգը եւ համալսարանի կառավարման խորհրդի կազմը, կառուցվածքը դա արդեն կանխորոշում է: Ցավոք, մեր երկրի պետական կազմակերպություններում, անգամ հիմնադրամներում, այդ գործընթացը կանխորոշվում է, ընտրությունը դառնում է նշանակում: Այսօր գործող իշխանությունն է Արամ Սիմոնյանին նշանակել ռեկտոր: Նշանակում է, ի՞նչ կարող ես անել:
-Շատերը համոզված են, որ Արամ Սիմոնյանը մենաշնորհել է ռեկտորի պաշտոնը: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:
-Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության վիճակի մասին լուրջ վերապահումներ ունեմ: Դա ընդհանուր արատ է: Եթե միայն ԵՊՀ-ն այդպես լիներ: Բուհերի, հատկապես Բոլոնիայի հռչակագրի որոշմամբ, ակադեմիական ինքնավարությունը պահանջում է, որ համալսարաններն ազատ տարածքներ լինեն՝ զերծ վարչական, տնտեսական, ֆինանսական միջամտությունից: Շատ կուզեի, որ այդպիսի Հայաստանում ապրեի, որտեղ ազատ համալսարանները թելադրեին, որոշեին, լքված հասարակության որպիսության համար պատասխանատու լինեին, բայց այդպես չէ: Դա միայն այսօրվա համալսարանների խնդիրը չէ, որովհետեւ բարձրագույն մասնագիտական կրթության հետ կապված հարցեր քննել առանց հասարակական, տնտեսական կյանքի, հնարավոր չէ: Այսօր Հայաստանին փոփոխություններ են պետք, այդ թվում նաեւ՝ կրթության ոլորտում:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ ռեկտորի պաշտոնի համար մրցույթին, բացի Սիմոնյանից, այլ թեկնածու չմասնակցեց:
-Այսօր մենք չունենք ազատ համալսարան՝ իր ազատ պրոֆեսուրայով, որը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, ազատ ինքնառաջադրվել, ունենալ աջակցություն իր պրոֆեսոր գործընկերների կողմից: Եվ երբ այդ ամեն ինչը բերված է վարչական կտրուկ, կոնկրետ, ուղղակի միջամտությամբ ընտրության, դա արդեն սովետն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՄԻ՛ ՄՈԼՈՐՎԵՔ
«Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ «Մարիաննա» ապրանքանիշի ներքո արտադրվող կաթնամթերքը վաճառվում է միայն վաճառակետերում (սուպերմարկետներ, խանութներ, մթերային կրպակներ): «Շրջիկ վաճառողների կողմից բակերում եւ փողոցներում վաճառվող կաթնամթերքը (ապակե տարաներով), որը կներկայացվի որպես «Մարիաննա» ընկերության արտադրանք, չի պատկանում մեր ընկերությանը եւ մոլորության մեջ է գցում սպառողներին: Մեր ընկերության արտադրանքը՝ տարբեր զանգվածներով, վաճառվում է միայն ֆիրմային փաթեթավորմամբ՝ պահպանելով կաթնամթերքի մակնշմանը ներկայացվող ստանդարտի պահանջները»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը եւ բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին մինչեւ հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

 

ՀՐԴԵՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Երեկ հրդեհ է բռնկվել Նովոսիբիրսկի «Տոլմաչեւո» միջազգային օդանավակայանում, որն ավելի ուշ տեղայնացվել է, օդանավակայանի աշխատանքի վրա հրդեհը չի ազդել: Հրդեհված տերմինալից տարհանվել է շուրջ 500 մարդ:




Լրահոս