Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ 205 ՄԼՆ ՎԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսությունը աղետի առաջ է կանգնած, եւ ՀՀ իշխանությունների համար մեկ օրն էլ անգամ կարեւոր է անհրաժեշտ վարկային գումարները ներգրավելու տեսանկյունից: Այս մասին են վկայում վերջին օրերին ՀՀ Կառավարության գործողությունները:

Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ գործադիրն արտահերթ նիստ է հրավիրել եւ որոշել է ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման համար: Նոր արտահերթը խորհրդարանը պետք է գումարի դեռեւս հունիսի 15-ին մեկնարկած եւ դեռեւս ընթացող արտահերթ նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական գործընթացի հետ գործ ունենք, սակայն այս համաձայնագրի վավերացումն իրականում Կառավարության կողմից կազմակերպված բլից գործընթաց է, որի ընթացքում ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմեր են խախտվել եւ հավանաբար դեռ կխախտվեն:
Դեռեւս հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը այսպիսի հաղորդագրություն է տարածել. «ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար ՀՀ Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը: Այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում եւ 4 մլն 815 հազ. 869.84 եվրո դրամաշնորհ»: Իսկ ինչպես է ՀՀ Կառավարությունը խորհրդարան ուղարկում ընդամենը վեց օր առաջ ստորագրված համաձայնագիրը, չէ որ մինչ այդ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ՍԴ-ն քննի դրա Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը: Պարզվում է՝ այն ժամանակ, երբ ՀՀ Կառավարությունը երեկ արտահերթ նիստ է հրավիրել` վերը նշված համաձայնագիրը ԱԺ ուղարկելու վերաբերյալ որոշումը կայացնելու համար, զուգահեռ նիստ է գումարել նաեւ ՀՀ ՍԴ-ն: Այն, որ ՍԴ-ն իր որոշմամբ կդակեր եւ Սահմանադրությանը համապատասխանող կճանաչեր վերը նշված համաձայնագիրը, թերեւս հասկանալի է: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ տեխնիկական հարցը լուծելու համար ՍԴ-ն ստիպված է եղել կոպտորեն խախտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Այսպես, համաձայնագրի սահմանադրականության հարցը քննելու վերաբերյալ դիմումը նախագահականից մուտք է եղել ՍԴ հունիսի 19-ին: Հունիսի 20-ին, այսինքն՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել եւ համաձայնագիր քննարկելու նպատակով հունիսի 22-ին` ժամը 11.00, ՍԴ նիստ նշանակել:
Ի դեպ, «ՍԴ մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դիմումի եւ գործի մնացած նյութերի պատճեները ՍԴ անդամներին եւ կողմերին է ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ: Այս դրույթի պահանջները ՍԴ-ն փաստացի խախտել է: Բացի այս՝ միջազգային համաձայնագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ն քննում է գրավոր ընթացակարգով: Այդ գործերը կարող են բանավոր ընթացակարգով քննվել «ՍԴ-ի պատճառաբանված որոշմամբ»: Այս պահանջը սահմանված է «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 3 կետով: Իսկ նշված համաձայնագիրը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին ՍԴ որոշումից տեղեկանում ենք, որ այս գործով նիստը կայացվել է բանավոր ընթացակարգով, եւ ոչ մի խոսք այն մասին, թե ինչու է այդ փաստաթղթի նկատմամբ նման բացառիկ վերաբերմունք կիրառվել: Այսինքն՝ ՍԴ-ն չի կատարել իր գործունեությունը կանոնակարգող օրենքի պահանջը եւ չի պատճառաբանել, թե ինչու է որոշել նիստը բանավոր ընթացակարգով անցկացնել: Հունիսի 20-ին ՍԴ-ի կայացրած աշխատակարգային որոշման մեջ եւս բացակայում է համաձայնագրի բացառիկության վերաբերյալ պատճառաբանությունը:
Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՍԴ որոշման մեջ ոչինչ նշված չէ այն մասին, թե այս համաձայնագրով ստացվելիք վարկն ինչ նպատակների վրա է ծախսվելու: Որոշման տեքստը ինքնին շատ աղքատիկ է, տեխնիկական մասը եթե հանենք, ապա տակը մնում է ընդամենը մեկուկես էջ, որտեղ միայն ընդհանուր բնույթի ձեւակերպումներ են: Միակ կոնկրետ տվյալը ստացվելիք վարկի եւ դրամաշնորհների չափերն են:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստացվելիք դրամաշնորհը նախատեսվում է ծախսել «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի վրա: Իսկ վարկը նախատեսվում է ծախսել «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:
Այն փաստը, որ մի քանի օր շահելու համար ՀՀ իշխանությունները պատրաստ են նույնիսկ ՍԴ-ին դրդել ապօրինությունների, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը աղետալի վիճակում է, եւ միակ փրկությունը գերմանական վարկն է: Եվ մեկ օրն էլ իշխանությունների համար նշանակություն ունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ՔՎԵԱՐԿԵՆ
Երեկ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ ի թիվս այլ հակահայկական արձանագրումների, նշված է, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը», ԵԽԽՎ նիստում քվեարկության պետք է դրվի այսօր: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ն բարդ ու ծանր ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման վրա: «ԵԽԽՎ պատգամավորները պետք է շատ լավ հասկանան, որ չի կարելի վնասակար ազդեցություն ունենալ առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում, ուղղակի չի կարելի: Եթե իրենք ցանկանում են խրախուսել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, ապա, խնդրեմ, թող խրախուսեն»,- ասաց Զաքարյանը: Մեր այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում նման նախապատրաստելուն, նա պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմաթիվ կոչեր հնչեցրել է, որ անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված եւ անկողմնակալ մոտեցում»:

 

ՀԱՆՈՒՆ ԵԹԵՐԻ
ՀՀ Կառավարության կողմից դեռեւս անցած երկուշաբթի օրվանից հրավիրած եւ մինչ օրս շարունակվող ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին օրերին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներն անսովոր ակտիվություն են դրսեւորում` բոլորով հերթագրվում, հարցեր են տալիս զեկուցողներին, ելույթներ են ունենում: Սակայն ուշագրավն այն է, որ բոլոր այդ նախագծերով օրենսդրության հետ կապված, այսպես կոչված, տեխնիկական բնույթի խնդիրներ են լուծվում: Այսինքն՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության վերջին օրերի «պահվածքի» արդյունքում իշխանությունները ոչինչ, բացի ժամանակից, չեն կորցնում: Պարզվում է՝ ՕԵԿ-ականների նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ական պատգամավորները գիտեն, թե ինչու են նրանք այդքան ակտիվացել: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հայտարարում են, որ ՕԵԿ-ականներն այդպիսով ցանկանում են իրենց հեռուստաընկերության («Հ3») եթերը «լցնել», որ հեռուստադիտող ունենան:

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեից ստացել է եւ ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը: Ըստ ամենայնի, Գեւորգ Կոստանյանը դեռ չի որոշել ինչպես վարվել Սուրիկ Խաչատյանի եւ նրա որդու հետ: Նրա որոշումը պարզ կդառնա այն ցուցումներից, որոնք գլխավոր դատախազությունն այս գործով կտա ՀՀ քննչական կոմիտեին` նախաքննությունն իրականացնող մարմնին, եւ կորոշվի Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու հետագա ճակատագիրը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին եւ ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով: Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար:

 

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Արմավիրի մարզի 4 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում դրանցից միայն 1-ում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզից 11 երեխա էր հոսպիտալացվել՝ թունավորման ախտանշաններով: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մանկապարտեզում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարական կանոնների եւ նորմերի կոպիտ խախտումներ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Հիմա, սակայն, պարզվում է, որ խախտումներն առկա են ոչ միայն Ալաշկերտի, այլեւ մարզի մի շարք այլ մանկապարտեզներում:

 

ԱՆՈՒՆԸ ԴՈՒՐԸ ՉԻ ԵԿԵԼ
Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե «վնասով աշխատող» ՀԷՑ-ի տնօրեն Ե. Բիբինը 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստանում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»:

 

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՈՐՑՐԵՑ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Նա արդեն 4-րդ օրն է՝ Ազատության հրապարակում պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակտիվիստը չի հորդորում ոչ մեկի նման քայլի դիմել, բայց միեւնույն ժամանակ պնդում է՝ աշխատանքից ազատվելը պայքարին լիարժեք մասնակցելու միակ տարբերակն էր: Նշենք, որ Վ. Շուշանյանը նման քայլի գնում է արդեն երկրորդ անգամ։ Իր դիմումի համաձայն նա աշխատանքից ազատվել էր նաեւ դեկտեմբերին։ «Ես էլի աշխատանքից հեռացա, որովհետեւ իմ ընկերության ղեկավարի վրա սկսել էին ճնշումներ գործադրել, այս անգամ էլ եթե դիմումով չազատվեի, նույն կերպ կարող էր լինել»,- ասել է նա։




Լրահոս