Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է` շարունակվում է բողոքի ակցիան:
Գիշերն անցել է առանց միջադեպերի: Ցուցարարների մի մասը քննարկել է ստեղծված իրավիճակը, մյուս մասն էլ քնել պողոտայում, հարակից տարածքներում:
Ցուցարարները օրը սկսեցին աղոթքով, ապա երգեցին ՀՀ պետական հիմնը: Քաղաքացիները մաքրեցին տարածքը։ Այժմ Բաղրամյան պողոտայում սև ժապավեն է կախված, որը սովորաբար կախում են մահվան դեպքում: Ժապավենին գրված է «Բիբին 51, ոչ թանկացմանը»։
Նշենք, որ այսօր 18.00-ին նախատեսվում է անցկացնել մեծ հանրահավաք` քննարկելու Սերժ Սարգսյանի որոշումը և հետագա քայլերը:
Ինչպես հայտնել էինք, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ: