Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ավան թաղամասում գտնվող Մխիթարյան կրթահամալիրում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևների հանձնման արարողությանը:
Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաների ուժերով ներկայացվեց թատերաերաժշտական բեմադրություն, որը պատմում էր ցեղասպանության, ինչպես նաև հայոց պատմության հերոսական դրվագների և հայոց մեծերի մասին:
Բեմադրության ավարտից հետո, միջոցառմանը ներկա Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր, Հայր ծայրագույն վարդապետ Գոճանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և հրավիրեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ամփոփելու «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» մրցանակաբաշխության արդյունքները: Մինչ իր գնահատանքի խոսքը սկսելը, նախարարը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից հեռացած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հիշատակը:
Ապա, Նախարարը դրվատանքի և շնորհակալանքի խոսք ուղղեց Մխիթարյան կրթահամալիրի տնօրինությանն ու աշակերտությանը` Նախարարության կողմից հայտարարված մրցույթի հանդեպ մեծ պատասխանատվություն և պատրաստվածություն ցուցաբերելու համար:
«Ուրախ եմ, որ այս կրթահամալիրը ընդհանուր կրթական ծրագրերից զատ, մեծ ուշադրություն է դարձնում մշակութային դաստիարակությանը: Եվ ձեր ցուցադրած բեմադրությունը, որը պոեզիայի, երաժշտության, պարի և թատերախաղի հրաշալի համադրություն էր` վկայում է ձեր խորը գիտելիքների և գեղագիտական բարձր դաստիարակության մասին: Ուզում եմ, որ էլ՛ավելի մեծ արդյունքների հասնեք, ուզում եմ, որ լավ մարդ և լավ հայ մեծանաք ու ձեր գիտելիքներով կարողանաք արժանի տեղ գրավել կյանքում», – ասաց նախարարը` հավելելով, որ միայն խորը, համապարփակ գիտելիք ունեցող սերունդը կարող է հաղթական ավարտի հասցնել համայն հայության «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:
Այնուհետև, Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության պարգևները հանձնեց հաղթող ճանաչված սաներին` Ալբերտ Մակարյանին, Հակոբ Տեր-Հարությունյանին, Արամ Խոսրովյանին, Ալբեր Մակարյանին, Սևակ Պետրոսյանին և Անդրանիկ Փանոսյանին: