ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎՃԱՐԵԼ ԴԵՐԺԱՎԱՅԻ ԱՐԿԱԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ՓԲ ընկերությունը հերթական անգամ հայտնվել է դատարանում:

Հունիսի 16-ին ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը քաղաքացի Մաքսիմ Վարդանյանից բռնագանձի դրամական պարտավորությունը չկատարելու համար նախատեսված գումարները եւ դրա արդյունքում կուտակված տոկոսները, ինչպես նաեւ՝ ընկերության կողմից դատարան դիմելու համար վճարված պետական տուրքը: Այս գործով դատավոր է նշանակվել Ռուբեն Ափինյանը, եւ դեռ առաջին դատական նիստը չի էլ կայացել:
Իսկ ով է նշված անձը, եւ ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը ինչ դրամական պարտավորություններ են ունեցել, որոնք չեն կատարել. այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Արթուր Մարտիրոսյանի հետ:
Ըստ նրա, Մաքսիմ Վարդանյանը ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց է պարտք եղել, եւ այդ ամենը շուրջ մեկ տարվա պատմություն ունի: «Նշված անձը խանութի տեր է եղել, որին ընկերությունը քաղցրավենիք է մատակարարել: Նրանք մատակարարված ապրանքի գումարը չեն տվել, պարտք են մնացել 1 միլիոն 950 հազար դրամ: Նշեմ, որ խանութի տերը՝ Մաքսիմ Վարդանյանը, պարտավորագիր է գրել, որ որոշակի ժամկետում պարտավորվում է այդ գումարն ամբողջությամբ վճարել, սակայն չի մարել: Մենք բազմիցս ժամկետ ենք տվել, որ մարեն պարտքը եւ, ի վերջո, տեսնելով, որ չեն մարում, դիմել ենք դատարան»:
Ինչպես պարզեցինք, ԱԺ պատգամավորին պատկանող ընկերության իրավաբանական բաժնի պետից, սա միակ պարտապանը չէ, որից գումար պահանջելու հայցով Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը դիմել է դատարան.«Երկրոդ գործը Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Իրինա Վահանյանն են, որոնք իրար հետ փոխկապակցված անձինք են: Նրանք «Սլավ գրուպ» ընկերությանը պարտք են մնացել 1.56 միլիոն դրամ, իսկ Ռուբեն Հովհաննիսյանը առանձին մատակարարված անձեռոցիկների համար պարտք է մնացել 990 հազար դրամ: Դարձյալ ամիսներ շարունակ հնարավորություն է տրվել, որ վճարում կատարեն: Նույնիսկ հրավիրել ենք իրավաբանական բաժին, ասել ենք՝ վճարելու եք, պատասախանել են, որ ոչ, եւ մենք ստիպված ենք եղել դիմել դատական պաշտպանությանը: Մենք չեն ճնշել, չենք նեղել, իսկ իրենք ընդունել են, որ անբարեխիղճ են եղել: Այսքանը կասեմ, նաեւ կխնդրեմ, որ կարեւոր մի հանգամանք նշեք. ըստ էության, Արկադի Համբարձումյանը ընդունում է, որ շատ ընկերություններ են փաստացի պատկանում Համբարձումյանների եւ Հովակիմյանների ընտանիքին, պարզապես Արկադի Համբարձումյանը ուղղակիորեն ներգրավված չէ ձեռնարկատիրության մեջ, քանի որ պատգամավոր է, իսկ բիզնեսը ղեկավարում եւ առաջնորդում է նրա հայրը` Ստանիսլավ Հովակիմյանը»:
Արդյո՞ք դատական նիստից հետո կվերադարձնեն Ա. Համբարձումյանի պարտքը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորին պատկանող ընկերությունը հայտնվում է դատարանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ նոյեմբերի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն վճարի «Գազպրոմ Արմենիային» 111 հազար 258 դրամ հասանելիք գումարը: Իսկ, ահա, 2014թ նոյեմբերի 27-ին էլ Երեւան քաղաքի բնակիչ Մնացական Մելքոնյանը դատական հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից պահանջելով հատուցել իրեն պատճառված վնասը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Ր ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԿԿԱՆՉԵՆ ՀՔԾ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բռնության ենթարկված լրագրողների հրապարակումներն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Տեղեկացնենք, որ բացի հրապարակումներից՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւս լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասով գրություն է ուղարկել դատախազություն, ինչը եւս ուղարկվել է ՀՔԾ:
Իսկ ո՞ր լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական գործունեությունն էր խոչընդոտվել: «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանը պատմել էր. «Երբ հիմնական ցուցարարների մասին բռնեցին, հերթը հասավ մեզ: Նույնիսկ չնկատեցի էլ, թե ինչպես հարձակվեցին վրաս, որովհետեւ մի պահ ուղղակի հայացքս թեքեցի, ու միանգամից 4 հոգով հարձակվեցին, ընդ որում, ոչ միայն ոստիկանական, այլեւ քաղաքացիական հագուստով իրավապահներ»: «Պանարմենիան ֆոտո»-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանի դեպքը տեղի է ունեցել Ազատության հրապարակում. «Երբ արդեն ավարտում էի նկարելը Թումանյանի արձանի մոտ, մեկը ձախ կողմից ձեռքը գցեց, որ ֆոտոխցիկը քաշի: Ես փախցրեցի, մեկ էլ մյուս կողմից քաշեցին: Քաղաքացիական հագուստով իրավապահներ էին: Ֆոտոապարատս գրկեցի պինդ, նստեցի գետնին: Մի քանի հոգի քաշում էին, խփում էին, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան»:
Իսկ, ահա, «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրել էր, որ իրեն ծեծել են ոստիկանության հրեշտակները. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը…»:
Նշենք, որ այդ օրն ընդհանուր առմամբ ոստիկանները բերման էին ենթարկել 11 լրագրողի՝ Անի Հովհաննիսյան (Հետք), Հրանտ Գալստյան (Հետք), Մկրտիչ Կարապետյան (Հայկական ժամանակ), Փայլակ Ֆահրադյան («Գալա» հ/ը), Կարապետ Սահակյան (Panarmenian Photo), Արսեն Սարգսյան (News.am), Տիգրան Հակոբյան (Epress.am), Գարիկ Հարությունյան (Ազատություն), Դավիթ Դավթյան («Արմենիա» հ/ը), Խաչատուր Եսայան («Արմենիա» հ/ը): Նախնական տվյալներով՝ ոստիկանական գործողության ընթացքում բռնության էր ենթարկվել 8 լրագրող՝ Կարեն Չիլինգարյան (1in.am), Հովսեփ Հովսեփյան (1in.am), Գոռ Հովհաննիսյան (1in.am), Նիկոլայ Թորոսյան (Panarmenian.net), Գեւորգ Ղազարյան (անկախ լրագրող), Արթուր Պապյան (Ազատություն), Սիսակ Գաբրիելյան (Ազատություն), Գարիկ Ազիբեկյան (Ազատություն):
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ նշված լրատվամիջոցների լրագրողների մասին հրապարակումներ ուղարկել է ՀՔԾ` համապատասխան ընթացք տալու համար: Կհարուցվի՞ քրեական գործ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առիթով, թե՞ կմերժվի, դեռ վաղ է ասել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱՀԱՆՋԻ ՈՒՂԻՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ իշխանությունները հստակ որոշում են կայացրել զիջումների գնալ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում: Նրանք այլ ելք չունեն, քան որոշման կասեցումը կամ չեղյալ հայտարարումը, ինչը պահանջում են հունիսի 19-ից բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդները:
Եւ ահա «Ոչ թալանին» նախաձեռնության առաջ քաշած հարցի լուծման համար Սերժ Սարգսյանի իշխանությունն ունի երկու տարբերակ. կայացնել քաղաքական որոշում՝ ռուսական ընկերությանը պարզապես «չորելու» տարբերակով (սա, իհարկե, այնքան էլ հավանական զարգացման սցենար չէ) կամ գտնել ներդրող (ներդրողներ), ովքեր իրենց վրա կվերցնեն ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու եւ էլէներգիայի սակագինը չբարձրացված տարբերակին թողնելու ծանր գործառույթը: Բայց այս պահի դրությամբ ՀՀ Կառավարությանն ու ՀՀ նախագահի նստավայրի համապատասխան աշխատակիցներին դեռ չի հաջողվել ներդրողներ գտնել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօրվա ընթացքում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը բանակցութուններ է վարում «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ` Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու շուրջ: Պարզվում է՝ ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմը խնդրում, հորդորում է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա գնի ՀԷՑ-ը, եւ հնարավոր լինի հարցը փակել ու մեղմել Հայաստանում սրված քաղաքական ու քաղաքացիական իրավիճակը: Սակայն armlur.am-ի ունեցած տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը պահանջել է միջազգային աուդիտորական եւս մի ընկերության պատվիրել՝ ուսումնասիրելու բարոյապես եւ տնտեսապես մաշված ՀԷՑ-ի գործունեությունն ու հնարավորությունը, որպեսզի հասկանա, թե ինչքան ներդրումներ անելուց հետո հնարավոր կլինի խելքի բերել տարիներ շարունակ թալանով զբաղված ընկերության գործունեությունը, որպեսզի քաղաքացին չտուժի:
Այս համատեքստում ամենեւին էլ պատահական չէ, որ օր ու մեջ հայտարարություններ են լինում, թե «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող սուպերմարկետներում ռումբ կա տեղադրված: Այդ լուրերն ու դրանց հետեւող տարհանումները, բնականաբար, զգալի վնասներ են հասցնում «Տաշիր» ընկերությանը: Թե ո՞վ է դրանց կոնկրետ հեղինակը, տարբեր վարկածներ կան:
Ինչեւէ, armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքերը, եւ արդեն կայացվել է որոշումը, որ պետք է հասարակության պահանջները բավարարվեն, որպեսզի շուրջօրյա հանրահավաքները այլ՝ իրենց համար առավել վտանգավոր դաշտ չտեղափոխվեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԵՂՔԸ
«Բարեւ Երեւան» խմբակցությունը Երեւանի ավագանու հունիսի 24-ի նիստում վրդովմունք է հայտնել Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում, սկիզբ առած հանրային շահի պաշտպանության խաղաղ զանգվածային միջոցառումների մասնակիցների, լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության անիրավաչափ գործողությունների կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք սեփական ժողովրդի հետ նման «երկխոսությունը» եւ վրդովմունք հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ Երեւանի քաղաքապետարանը մասամբ իր գործողություններով, մասամբ էլ անգործությամբ նպաստել է այդ հունով իրավիճակի զարգացմանը»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ:




Լրահոս