«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ղարաբաղի Մարտունու N զորամասի մի շարք զինվորների մոտ այս օրերին մաշկային խնդիրներ են առաջացել: Պտտվող խոսակցությունների համաձայն՝ զինվորների մաշկին միս ուտելու հետեւանքով է ցան առաջացել: Ավելի ուշ այդ ցանը վերածվել է վերքերի, ու մինչ այսօր նրանցից շատերի մոտ եղունգները վերքերից թափվում են: Վերքերի մեջ են նաեւ զինվորների ծնկները: Մեր տեղեկություններով՝ զինվորներից մեկը, խիստ անհանգստացած, դիմել է զորամասի բուժկետ, սակայն այնտեղ նրան ասել են, թե «քիչ ժամանակ է մնացել, ծառայությունդ կավարտես, կգնաս, տանը կբուժվես»: Զինվորի հարազատները (հարգելի պատճառներով չցանկացան ներկայանալ) նշեցին, որ բանակում զինվորների նկատմամբ դրսեւորված անտարբերությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ զինվորների մոտ առաջացած վերքերը չեն մտահոգում բանակի սպաներին:
-Նման բան չկա մեզ մոտ, եւ այդպիսի խնդիր չունենք, ինչը Դուք եք նշում: Ընդամենը մեկ տղա է հիվանդ մեզ մոտ, այն էլ ջրծաղիկով:
-Ի՞նչ վիճակում է:
-Զինվորը զորամասում է, ամեն ինչ կարգին է, եւ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Տղային չենք հոսպիտալացրել, քանի որ այդ հիվանդության դեպքում կարիք չկա:
-Դուք նշում եք ջրծաղիկի դեպքը: Մի կողմ թողնելով այն, որ ջրծաղիկով հիվանդին պետք է մեկուսացնել, փաստենք, որ կոնկրետ մեկ զինվորի մայր Երեւանում իր տղային է բուժում, սակայն մինչ այդ դիմել է բուժկետ, եւ նրան չեն օգնել:
-Ի՞նչ բուժումով են զբաղված:
-Կրկնում եմ՝ տղայի մաշկն ամբողջությամբ վերքերի մեջ է, եղունգները թափվում են, ինչը կապվում է բանակում առկա սննդի հետ:
-Ես տղայի ծնողներին կասեմ, որ բանակի նկատմամբ քրեական գործ հարուցեն:
-Բայց տեսնում ենք, թե քանի քրեական գործ կա, սակայն իրավիճակը նույնն է: Կարծում եք՝ այդ քրեական գործերով իրավիճակը կփոխվի՞:
-Իհարկե կկարողանաք, եթե այդ ամենն իրականությանը համապատասխանում է: Ես կասեմ, որ Ձեր ասածները հերյուրանք են:
-Հերյուրանք չեն, ուղղակի մարդիկ չեն վստահում եւ դրա համար էլ չեն դիմում իրավապահներին:
-Ձեզ ոչինչ էլ չեմ կարող ասել: Կարող եք գալ մեզ մոտ եւ տեսնել, թե ինչ է կատարվում: Դա հերյուրանք է: Դուք կարող եք գալ, զինվորներից հարցնել եւ կտեսնեք, որ բոլորը Ձեզ հայրենասիրություն կքարոզեն: Դուք կտեսնեք, որ զորացրվողներից մեկը բանակի մասին վատ բան կասի, նոր կգաք, ինձ հետ կխոսեք:
-Թո՛ւյլ տվեք ասել, որ ոչ բոլորն են այդ կարծիքին, շատերն այդքան էլ վստահություն չունեն բանակի հանդեպ, եւ ծնողներն իրենց զավակներին վախով են ճանապարհում ծառայության:
-Ես չեմ կարող ասել, որ մեր հասարակության կարծիքն այդպիսին է: Դուք ավազակների հետ եք շփվել: Կարող եք գալ Ղարաբաղ, հարցնել զինվորներից՝ նրանք վախով են եկել այստեղ, թե եկել են իրենց պարտքը կատարելու հայրենիքի նկատմամբ:
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՇԿԸ ՎԵՐՔԵՐԻ ՄԵՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ