ԲՀԿ-ՀԱԿ նորաթուխ սերն արդեն իսկ աչքի է ընկնում սիրահար զույգի միջեւ տարաձայնություններով, որոնցից, մեղմ ասած, լավ հոտ չի գալիս:
Դեռ նախօրեին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ բացահայտ, բայց ընդգծված ենթատեքստով «կատոկեց» ՀԱԿ խմբակցության անդամներին՝ կապված նրանց տարօրինակ պահվածքի եւ մարտի 1-ի հարցով հանձնաժողովի ստեղծումը մեկ տարով հետաձգելուն այդքան հեշտ համաձայնելու հետ: Եւ այդ ենթատեքստում ակնհայտ մեղադրանքներ էին, որոնք, չի կարելի ասել, թե անհիմն էին: Նույնիսկ դրանց կարելի է ավելացնել մի քանիսը, օրինակ՝ եթե ՀԱԿ-ը համաձայնում է հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մեկ տարով կամ թեկուզ ստեղծել նախագահական ընտրություններից հետո, որտեղի՞ց նրանց երաշխիք, որ ընտրություններից հետո իշխանական կազմը չի փոխվի, իշխանափոխություն չի լինի, հետեւաբար ԱԺ արտահերթ ընտրություններ էլ չեն լինի, եւ ԱԺ կազմը չի փոխվի:
Ավելին, Լեւոն Զուրաբյանն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հրապարակավ երաշխիքներ է պահանջել մեկ տարվա կտրվածքով: Համաձայնե՛ք, որ սրա համար առնվազն պետք է համոզված լինել, որ մեկ տարի հետո նույն Հովիկ Աբրահամյանը լինելու է ԱԺ նախագահ: Ստացվում է, որ թե՛ Լ. Զուրաբյանը, թե՛ ՀԱԿ այլ անդամներ լավ էլ համոզված են դրանում, այլ հարց է, թե ինչի հիման վրա եւ որտեղից այդ համոզմունքը:
Փաստորեն, Ուրիխանյանի՝ ենթատեքստով արտահայտվող կասկածները կարող են եւ անհիմն չլինել. այստեղից առնվազն սիրային «դավաճանության» հոտ է գալիս: Իսկ թե ում հետ, դժվար չէ գուշակել: Դե էլ ինչպե՞ս չվստահել սիրելիի խոստմանը՝ սիրելի՛ս, ինչպես այսօր, այնպես էլ մեկ տարի հետո քո կողքին կլինեմ, հավատա՛ ինձ, հավատանք միմյանց, հավատանք, որ փոխենք:
Նշենք, որ դասական սիրային եռանկյունիները սովորաբար ունենում են հստակ ֆորմատ՝ Ա-ն սիրում է Բ-ին, Բ-ն սիրում է Գ-ին, Գ-ն սիրում է Ա-ին: Հայաստանի քաղաքական դաշտում դասական ֆորմատից զգալի շեղումներ կան. Ա-ն կարող է սիրել թե՛ Բ-ին եւ թե՛ Գ-ին, Բ-ն՝ թե՛ Ա-ին եւ թե՛ Գ-ին, Գ-ն՝ թե՛ Ա-ին եւ թե՛ Բ-ին: Սա չի տեղավորվում ավանդական երկսեռ հարաբերությունների կոնտեքստում եւ կարելի է անվանել քաղաքական բիսեքսուալություն:
Ոչ ավանդական կողմնորոշման քաղաքական դաշտ ստեղծելուց եւ ոչ ավանդական սիրախաղերից բացի, մեր քաղաքական գործիչները բազմաթիվ այլ տիպի խաղեր էլ են տալիս: Խոսքը «տակից խաղերի» մասին է: Օրինակ՝ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ ղեկավար կազմի որոշ անդամներ վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հորդորում են գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերել, քանի որ, իրենց խոսքով, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ վստահեցրել, որ նրան է պաշտպանելու: Այսպիսով, ըստ ՀԱԿ-ի, ձեռք բերելով նաեւ ԲՀԿ-ի ոչ փոքր ընտրազանգվածը՝ իրենց հաղթանակի շանսերն անհամեմատ մեծանում են:
«Ժողովուրդ»-ին մասնավորապես հայտնի դարձավ, որ նման թեմայով հանդիպում-զրույց են ունեցել ՀԱԿ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: Անշուշտ, փորձեցինք հարցի շուրջ ստանալ նաեւ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Վերջինս, սակայն, ասելով, որ զբաղված է՝ անջատեց հեռախոսը: Տեղեկությունը հերքեց Արամ Մանուկյանը, իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրեց այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը:
Հետաքրքիր է՝ արդյոք տեղյակ են այս «տակից արվող» խաղերի մասին ԲՀԿ-ականները: Ցավոք, դա առայժմ չհաջողվեց իմանալ, քանի որ նրանց իրավասու ներկայացուցիչները կա՛մ բացակայում են երկրից, կա՛մ էլ չեն պատասխանում հեռախոսազանգերին: Բացի այդ, ԲՀԿ-ն իր «տակից խաղերով» է զբաղված, որոնք այնքան շատ են դառնում, որ ՀԱԿ-ի խաղերը նկատելու ժամանակ կարող է եւ չմնալ:
Ամեն դեպքում, փաստ է, որ ԲՀԿ-ի այս խուսափողական կեցվածքը չի կարող չնյարդայնացնել ՀԱԿ-ին: Եւ չի բացառվում, որ մարտի 1-ի հանձնաժողովի «զոհաբերումը» հենց ՀԱԿ-ի պատասխանն էր պրոռուսական ծրագրի ձախողման ճանապարհով Բրյուսել մեկնած Ծառուկյանին: «Մենք ամենուր պահանջարկ ունենք» սկզբունքից, ի վերջո, օգտվեց ՀՀԿ-ն, քանի որ նախընտրական այս կարեւորագույն ժամանակահատվածում արմատական ընդդիմադիր համարվող Հայ ազգային կոնգրեսը կորցրեց իր գլխավոր խաղաքարտը՝ մարտի 1-ի հանձնաժողովի խնդիրը: Իսկ գուցե այդպե՞ս էր պետք:
ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ