«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող բողոքի ակցիաներում և դրանից դուրս ամենաշատը «հայհոյվող», անվանարկվող երևույթը քաղաքականությունն է: Ի դեմս քաղաքականության՝ ձևավորվել է մի յուրահատուկ «բոբո», և դրան մոտենալը կամ դրան մոտ թողնելը գրեթե հռչակվում է՝ որպես մահացու մեղք: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ի սկզբանե, իհարկե, հայտարարել է, որ իրենց պայքարը քաղաքացիական է և չի վերաճելու քաղաքականի: Սակայն, անկախ դրանից, անկախ երիտասարդների ցանկությունից, պայքարն առաջին իսկ օրվանից եղել է քաղաքական և, առավել ևս, այդպիսին է դարձել բողոքի ակցիաների յուրաքանչյուր օրվա հետ: Խնդիրը, վերջին հաշվով, հանգում է նրան, որ քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է անպատկերացնելի մեծ հաջողության հասնել՝ քաղաքական բովանդակություն ունեցող պահանջներ առաջ քաշելով, սակայն դրա շարունակությունն արդեն, այսպես թե այնպես, քաղաքական հարթությունում գտնվող գործիքներ ու լուծումներ է պահանջում: Այդ իմաստով քաղաքական որևէ ուժի կողմից շարժումն այս կամ այն կերպ իր նպատակներին ծառայեցնելու փորձը չպետք է դատապարտվի, ինչպես արվում է վերջին օրերին, առաջին հերթին՝ իշխանական շրջանակների, բայց նաև քաղաքացիական ակտիվիստների կողմից:
Այլ հարց է, որ քաղաքական ուժերը դա պետք է անեն ոչ թե «տակից», այլ հրապարակավ, հասարակությանն ազնվորեն ներկայացնելով, թե իրենց ո՛ր նպատակին կամ նպատակներին են ցանկանում ծառայեցնել ժողովրդական այս շարժումը: Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչև արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարևորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսևորվում: Ու դա հերթական անգամ ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի ախտահարվածությունը. քաղաքական ուժերն այնքան են հեղինակազրկվել, որ հեղինակազրկել են քաղաքականություն երևույթն ընդհանրապես: Վերջին մի քանի տարիներին փողոցը դադարել էր քաղաքական գործոն լինելուց՝ փողոցի միջոցով հասարակությանը հուսախաբ արած քաղաքական ուժերի պատճառով:
Հիմա կրկին փողոցը քաղաքական գործոն է, բայց՝ առանց քաղաքական ուժերի: Սա, մի կողմից՝ անոմալ երևույթ է, մյուս կողմից՝ գուցե նաև հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ մաքրվելու և հասարակության հետ ազնիվ լինելու համար: Հիմա Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում քաղաքականության մասին խոսելը գրեթե հավասարազոր է սադրանքի: Իշխանությունը շարունակում է օգուտներ քաղել այդ «սադրանքից», որը տարածվում է անտեսանելի կերպով, սակայն դա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած ակնհայտ սադրանքները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։