ՀԱՐՑ. Դուստրս 13 տարեկան է. նկատել եմ, որ վերջերս հետաքրքրված է ժողովրդական գործիքներով, հատկապես քանոնով. երբ հեռուստացույցով ժողգործիքների խմբի որեւէ ելույթ է լինում, ամեն բան թողնում է, գնում նստում էկրանի դիմաց: Նրա համար արդեն ո՞ւշ է երաժշտական դպրոց դիմելու համար: Եւ որտեղի՞ց կարող եմ քանոն ձեռք բերել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այժմ սաների ընդունելության հարցում որեւէ տարիքային սահմանափակում չի գործում: Աղջիկը կարող է ընդունվել երաժշտական դպրոցի գեղագիտական դասարան, որտեղ նրա հետ շաբաթական կանցկացվի երկու պարապմունք: Ամսական վարձը նման պարապմունքների համար կազմում է 10 հազար դրամ: Իր ցանկությամբ նա կարող է հաճախել նաեւ «Սոլֆեջո» առարկայի պարապմունքներին: Քանոն միայն դասերի ժամանակ նրան կտրամադրվի դպրոցի կողմից, սակայն մի պայմանով` եթե այդ պահին լինի ազատ գործիք: Այնպես որ, ցանկալի է, որ աղջիկն ունենա սեփական գործիքը: Իսկ թե որ վարպետից ձեռք բերի գործիք, նրան անհրաժեշտ խորհուրդ կտա պարապող մասնագետը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դպրոցականների շրջանում հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության դրսեւորումն այսօր հայ երաժշտարվեստի ամենանուրբ ու զգայուն լարերից է, ու կարծում ենք՝ ամենայն հոգածության ու պետական աջակցության կարիք ունի: