Հունիսի 26-ին կենդանաբանական այգում՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Երազանքի գիշեր» ամենամյա երկրորդ միջոցառումը։ Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներով տասնյակ երեխաների և նրանց ընտանիքներին ընդունեցին Երևանի կենդանաբանական այգում որպես հատուկ կարևորության հյուրերի։ Ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Երևանի կենդանաբանական այգու նախաձեռնությամբ: Միջոցառման իրականացմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
Երեկոն ներառում էր խաղեր, նվերներ, հյուրասիրություն և հատուկ մշակված շրջայց կենդանաբանական այգում, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու կենդանիների և դրանց խնամողների հետ, ինչպես նաև հասցրեցին խաղալ Երևանի կենդանաբանական այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։
Միջոցառման իրականացմանն աջակցել էին մի քանի գործընկեր կառույցներ՝ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլն: Երեկոյի գեղարվեստական հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։
Երեկոյի շրջանակում ոչ միայն ներկաներին, այլև հատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր փոքրիկներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Վերջինիս աջակցությամբ՝ մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում գործող հիպոթերապիայի նորաբաց կենտրոն շաբաթական երկու անգամ անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր երեխաներն, ում ցուցված է բուժման այս այլընտրանքային տեսակը։
«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1996թ.-ին՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն իրականացվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում ։ Միջոցառման առաքելությունն է տարվա մեջ առնվազն մեկ երեկո նվիրել հատուկ կարիքներով և քրոնիկ առողջական խնդիրներով երեխաներին և նրանց ընտանիքներին։ Հայաստանում առաջին «Երազանքի գիշեր» նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Երևանի կենդանաբանական այգին: