Երեկ վերջապես իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացրել էինք, հանդիպումը կայացել է Աշխաբադում` ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այն տեւել է բավական կարճ` մոտ 15 րոպե, եւ մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել: Պուտինը խոսել է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷՍ-ին ՀՀ անդամակցության մասին՝ ասելով, որ հարկավոր է վերջնականապես կողմնորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի նստավայրից այս հանդիպման առիթով ընդամենը տեղեկացրել են, որ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի այդ, տեւական ժամանակ է` հետաձգվում է Պուտինի` Հայաստան կատարելիք այցը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ