ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ
ԱԺ-ն երեկ ընդունեց 2013թ. ՀՀ պետական բյուջեն: Նկատենք, որ առաջին անգամն էր, որ պետբյուջեի նախագիծն ընդունվեց մեծ դիմադրությամբ՝ ԱԺ 6 խմբակցություններից 4-ը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, նախագծին դեմ քվեարկեցին, կողմ էին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Արդյունքում՝ պետական բյուջեի նախագիծը ստացավ 71 կողմ եւ 37 դեմ ձայն: Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորները երեկ քվեարկում էին միմյանց փոխարեն. «Ազատություն» ռ/կ-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, քվեարկել է իր կողքին նստող բացակա գործընկերոջ՝ Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի փոխարեն: Սակայն լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե նման բան չի արել:
ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ թե ինչ պահանջով` Սաֆարյանն առայժմ ցանկանում է անակնկալ պահել իշխանությունների համար:
ԵՎՐԱԿԵՂԾԻՔ
«Բարոզուն եկավ այստեղ եւ խոսեց 4 սկզբունքներից, որով նրանք գալիս են Հայաստան: Դրանք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը: Չորսն էլ բացարձակ կեղծիք են,-168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աշոտ Մանուչարյանը` նկատելով,-հերիք է տեսնել, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարվեց Եվրոպայի վերջին դիկտատոր, եւ Բարոզուն մոտ կես տարի առաջ հրաժարվեց նրա հետ հայտնվել բանակցությունների նույն սենյակում, սակայն նույն օրերին հանգիստ գնաց եւ հանդիպեց Իլհամ Ալիեւին, լուսանկարվեց նրա հետ եւ ողջունեց»:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է
«Առավոտ»-ի հարցին, թե ինչպես եք վերաբերում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է քվեարկության, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհի դեմ պայքարելուն, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ցավդ տանեմ, արտադրությունն է իմը, իմը զավոդ է աշխատում: Ես երկու տարուց ավելի է՝ չեմ ներկրում: Հումքն եմ բերում Բրազիլիայից, զավոդն աշխատացնում եմ»: Ալեքսանյանը, չկարողանալով զսպել ծիծաղը, նաեւ ասել է, թե ՀԱԿ-ի փաթեթին կողմ է քվեարկելու. «Հա՛, հա՛, որ էլ մենաշնորհ չլինի»:
ԼՂՈԶԵՑ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ ԱԺ-ում կրկին հնչեցրել է Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն հարցը` հետաքրքրվելով, թե ի վերջո, որ միությանն անդամակցելն է առավել կարեւոր Հայաստանի համար: Ի պատասխան` հակաեվրասիական պահվածքով հայտնի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե եվրասիական շրջանակներում Հայաստանի շփումները որեւէ կերպ չեն կարող սահմանափակել կամ ստվերել մեր երկրի եվրոպական նկրտումները:
ԿՅԱՆՔԸ ՈՒՐԱԽ, ԱՊՐՈՒՍՏԸ` ՁՐԻ
Երեկ «Առավոտ»-ը նկատել է, որ ԱԺ միջանցքներում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ՀՀԿ իր գործընկերոջ՝ Մուրադ Մուրադյանի հետ պարապ ման էր գալիս: Մի քիչ շրջելուց, պատուհանից դուրս նայելուց եւ ակնհայտորեն ձանձրանալուց հետո նա դիմել է Մուրադյանին. «Չեթա՞նք նստենք: Պարապ մնանք, ի՞նչ ենք անելու: Սեյրանենք ընդե՞ղ են»: Ապա պատգամավորը մտել է ԱԺ նիստերի դահլիճ: Սակայն նրա «զբաղվածությունը» նիստերի դահլիճում տեւել է ընդամենը մի քանի րոպե: Հավանաբար տեսնելով, որ իր ընկեր գեներալներից ոչ ոք չկա, նա դուրս է եկել` նորից պարապ մնալու: