ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼԸ ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ նախօրեին Էրեբունի վարչական շրջանի  շենքերից մեկի հարեւանությամբ գտնվող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող բենզալցակայանում դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը:
Նշենք, որ Ս. Գրիգորյանը նկարահանվել է նաեւ «Կարգին սերիալ»-ում: Տարածված տեղեկությունների համաձայն՝ եղբայրները ծանր վիճակով տեղափոխվել են  Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց: «Ժողովուրդ»-ն այցելեց նշված հիվանդանոց` տեղում  պարզելու եղելությունը:
Այնտեղ հանդիպեցինք դերասանի մորը` Աննա Գրիգորյանին, որը զարմացած էր որդիների մասին մամուլում տարածված տեղեկություններից. «Նման բան չկա, իմ տղան ծեծի չի ենթարկվել: Նա երեք օր առաջ տանը գործ է արել ու վայր ընկել: Ընդամենը այդքանը»:
Այն հարցին, թե որտեղ է իր մյուս որդին, որը ծեծկռտուքի ժամանակ Սերգեյի հետ է եղել, տիկին Աննան շփոթված  պատասխանեց. «Նրա հետ ոչ մի բան չի պատահել: Իր գործերով է: Իսկ այդ տեղեկություններն էլ սուտ են: Եթե իմ տղաները ծեծի ենթարկված լինեին, ես ինքս կբողոքեի, բայց նման բան չկա»:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Սերգեյի հետ, որը թեեւ լավ չէր լսում, այնուամենայնիվ, ժպտալով կարողացավ պատասխանել մեր հարցերին: «Ինձ ծեծի չեն ենթարկել, եւ ես ծանր վիճակում չեմ գտնվում»,-պատասխանեց նա: Փորձեցինք նրան լուսանկարել, սակայն թույլ չտվեց` թաքնվելով վերմակի տակ: Այդ պահին նաեւ Սերգեյի մայրը միջամտեց. «Ամեն դեպքում, պետք չէ: Նա դերասան է, մենք չենք ցանկանում, որ այս կերպ երեւա հանրությանը: Հասկացե՛ք մեզ»: Նկատեցինք, որ Սերգեյի գլուխն էր միայն վիրակապած, իսկ դեմքին կապտուկներ չկային:
Սակայն, չնայած դերասանի ու նրա մոր հավաստիացումներին, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ծեծկռտուք իրականում տեղի է ունեցել: Ընդ որում, ծեծկռտուքի ժամանակ բենզալցակայանի տարածքով ոստիկանական մեքենա է անցել, որը, սակայն, անտարբերություն է ցուցաբերել եւ չի միջամտել: Իսկ ծեծողներն էլ սպառնացել են Սերգեյին` ասելով. «Չբողոքես, թե չէ վատ կլինի»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ միջադեպի պատճառով հետաձգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի՝ մոտ օրերս կայանալիք ներկայացումները: Նույն թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ես այդ օրը նրան չեմ տեսել, բայց մեր մյուս աշխատակիցները պատմեցին, որ Սերգեյը եկել է թատրոն, որոշ ժամանակ մնացել, ապա հայտարարել, որ գլուխը ցավում է, ու գնացել  տուն»: Նրա խոսքով՝ այդ օրը Սերգեյը պատմել է նաեւ, որ բենզալցակայանում մի մեքենա, առանց հերթ կանգնելու, պահանջել է, որպեսզի իրեն սպասարկեն, ինչի պատճառով էլ Սերգեյը կոնֆլիկտի մեջ է մտել մեքենայի տիրոջ հետ: «Ես ինքս Սերգեյի հետ չեմ խոսել: Երբ աշխատակիցները զանգահարեցին, նա քնած էր: Ի վերջո, ստացվել էր եղբոր հետ խոսել: Նա էլ պատմել էր, թե եղբայրներով պահանջել են տղաներից հերթ կանգնել ու վերջում ավելացրել «եղբայր» բառը: Նրանք էլ ոգեւորվելով հակադարձել են` ասելով, թե մենք քեզ ինչ եղբայր: Սրան էլ հաջորդել է ծեծկռտուքը»,-ներկայացրեց Ֆ. Դավթյանը:
Երեկ՝ ժամը 16:14-ի սահմաններում, Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց է այցելել նաեւ Մհեր Սեդրակյանը, ինչից հետո հայտարարել է, թե մամուլում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ ինքը ոչնչից տեղյակ չէ:   Տեղեկացնենք, որ նույն հիվանդանոցում են եղել նաեւ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները:
Իսկ ՀՀ ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել եւ պատմել, որ վնասվածքը ստացել է իրենց տանը` Էջմիածնում, երեք օր առաջ: Տարակուսելի է, թե ինչպես կարող է նույն մարդը թատրոնում պատմել ծեծի մասին, իսկ հետո լրագրողներին ասել, թե ոչինչ չի եղել, տանն ընկել է: Մանավանդ այդ «ընկնելու» մոտիվներն այնքան տարածված ու ծեծված են, որ միմիայն, մեղմ ասած, ժպիտ են առաջացնում: Ընկավ, ստացավ արյան զեղում, վնասեց լսողությունը… Հիշեցնում է մի անեկդոտ, որտեղ ոստիկանության բաժնում ծեծի ենթարկված կասկածյալը հետո ցուցմունք է գրում. «Գլխով հարվածեցի ոստիկանի բռունցքին, եւ այդպես 7 անգամ»: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացավ, որ նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Հ.Գ. Ի դեպ, մի ուշագրավ փաստ էլ, որը, սակայն, պարտադիր չէ, որ կապ ունենա այս պատմության հետ. երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, ԱԺ-ում  «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է Մհեր Սեդրակյանը նիստի ժամանակ հապճեպ դուրս եկել դահլիճից եւ հեռացել՝ առանց որեւէ մեկին բացատրություն տալու:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս