ԶՈՀՎԱԾԻ ՄԱՅՐԸ` ԾԱԽՎԱ՞Ծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մատաղիսի գործով հերթական նիստը: Նախ՝ խոսքի իրավունք տրվեց մահացած զինվորներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի մորը՝ Գոհար Մելքոնյանին, որը նշեց, թե ինքն անձամբ կարծում է, որ տղաները մեղավոր են, եթե մեղավոր չլինեին ու գործի հետ կապ չունենային, ինչպե՞ս կկարողանային մանրամասնորեն ցուցմունք տալ: Մասնավորապես խոսելով ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի՝ սկզբում տված ցուցմունքներից՝ զոհվածի մայրը նշեց, թե դրանք համընկնում են վկաների տված ցուցմունքների հետ: Գոհար Մելքոնյանը դատարանից պահանջեց արդար դատաքննություն եւ արդար պատիժ. «Պահանջում եմ, որ նրանց ամենավերջին պատիժը տրվի, եթե դուք չպատժեք, ես նրանց ամենադաժան ձեւով կպատժեմ, ես վախենալու ոչինչ չունեմ: Ինչի՞ համար իրանք ազատ արձակվեն, որ վրաներս ծիծաղե՞ն: Դուք գիտեք՝ էսքան տարի ես հանգիստ նստա՞ծ եմ: Ես հենց սկզբից պահանջել եմ գտնել մեղավորներին եւ պատժել»:
Այդ հայտարարությունների ընթացքում դահլիճից անընդհատ միջամտում էին. «Իսկական մեղավորների՛ն գտի ու նրա՛նց համար արդար պատիժ պահանջի»: Նշենք, որ դատական նիստին չէին ներկայացել գործով երկու պետմեղադրողները, մյուս տուժողի իրավահաջորդը եւ ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Ամբաստանյալ Արայիկ Զարյանը դատարանին փոխանցեց Հայկ Ալումյանի խոսքը, համաձայն որի՝ պաշտպանը դատարանից խնդրում էր ժամանակ տրամադրել՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին:
Նիստի ավարտից հետո  Գոհար Մելքոնյանը դահլիճից դուրս եկավ ոչ թե սովորական, այլ ծառայողական մուտքով, ինչը հարուցեց նիստի մասնակիցների վրդովմունքը, որոնք նրա հետեւից բղավեցին. «Ծախվա՛ծ, ինչի՞ էդ դռնով գնացիր, եթե վախենալու բան չունեիր, դե էս դռնով դուրս գայիր: Դու մայր կոչվելու իրավունք չունես»:

Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս