ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ձմռան ցրտերն ընկնելուց առաջ գրիպի օջախային բռնկումների դեմ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է նախատեսում եւ անցկացնում ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գերասիմ Հակոբյան (69 տարեկան, կենսաթոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով ներկայում համաճարակային իրավիճակը լարված չէ: Այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում են գրիպի Ա եւ Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96%-ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը: Նման պատկեր է դիտվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում:
Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ այդ հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիթորինգ:
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը չի գերազանցում նշված վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական շեմը:

ՀՀ առողջապահության նախարարության
հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախորդ տարիների գրիպի «ճապոնաչինաիսպանական» տեսակների գրոհի մասին դեռ չմոռացած՝ հույս հայտնենք, որ մեր բուժհաստատությունները պահեստավորված են դեղորայքի եւ պատվաստանյութի անհրաժեշտ քանակով ու տեսականիով, որովհետեւ որ «սարսափը» որ գալիս է, գալիս է առանց համաճարակաբանական շեմից մտնելու թույլտվություն հարցնելու:




Լրահոս