Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ:
Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
- չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
- սննդում չօգտագործել հում սունկ
- սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
- հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
- ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Թունավորման նախնական ախտանշաններն են՝
- սրտխառնոց
- փսխում
- սուր ցավեր որովայնի շրջանում
- ջերմություն
- ստամոքի և բարակ աղու բորբոքում
- գլխապտույտ
Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: