ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱՇՎԱՌՎԱԾ Է ԴԻՍՊԱՆՍԵՐՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ստանիսլավ Շարմազանովի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Վանաձորի բնակիչ 42-ամյա Ս. Շարմազանովը 2011թ. օգոստոսի 1-ին դուրս է եկել տանից եւ առանց անձը հաստատող փաստաթղթի, առանց պատշաճ թույլտվության Լոռու մարզի Շամլուղ գյուղի տարածքով ապօրինի հատել պետական սահմանը եւ ոտքով անցել Վրաստանի Հանրապետության տարածք: Քրեական գործի վարույթն իրականացրել է ԱԱԾ քննչական վարչությունը:     
Ս. թ. հուլիսի 23-ին դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, լսելով Ս. Շարմազանովի պաշտպան Հովսեփ Հովսեփյանի միջնորդությունը, որոշել է ամբաստանյալ Ս. Շարմազանովի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար` սահմանը հատելու պահին Շարմազանովը մեղսունակ է եղել, թե ոչ: Քրեական գործով դատական նիստի նախապատրաստական փուլում դատարանի տված հարցերին ամբաստանյալ Շարմազանովը ոչ ադեկվատ պատասխաններ է տվել եւ տարօրինակ վարքագիծ դրսեւորել, ինչը նրա հոգեկան առողջության վերաբերյալ կասկած է հարուցել: Պաշտպանն էլ իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ 1996թ.-ից Վանաձորում մոր եւ քրոջ հետ ապրող իր պաշտպանյալը 2004թ.-ից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում, քանի որ տառապում է «շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» հիվանդությամբ: Դատարանի որոշմամբ Շարմազանովը տեղավորվել է «Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց» ՊՓԲԸ-ում, իսկ մինչ այդ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հավանաբար կհրապարակվի դեկտեմբերի 11-ին, որից էլ հայտնի կդառնա՝ սահմանը հատելու պահին Շարմազանովն իսկապես անմեղսունակ է եղել, թե հատուկ նպատակով է գաղտնի անցել սահմանը:  

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս