ՊՆ-ն կոչ է անում զորակոչիկների ծնողներին զերծ մնալ զարտուղի եվ հանցավոր գործարքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության եւ թափանցիկության ապահովման սկզբունքով: Նման հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
“ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի եւ հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ եւ արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին եւ նրանց ծնողներին զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի եւ հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման:
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից: Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին”,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս