ՀՔԾ ՊԵՏԻ ԲԱՐԵԿԱՄԻ ԳՈՐԾԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայության պետի բարեկամ, ֆիզկուլտուրայի քննությունների ժամանակ մահացած Արամուս գյուղի բնակչուհի Մարիամ Արշակյանի մահվան գործով մեղադրանքը մտել է Կոտայքի մարզի դատարան: Եւ զարմանալի չէ, որ գործով մեղադրյալ Նորայր Ստեփանյանին մինչեւ վերջին «խազը»` 4 հոդվածով մեղադրանք է առաջադրվել` 30 000 դրամ կաշառք ստանալու, փաստաթղթեր կեղծելու, սուտ ցուցմունք տալու դրդչության եւ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Ըստ մեղադրանքի` Նորայր Ստեփանյանը, աշխատելով Արամուսի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ լինելով ֆիզկուլտուրայի ավարտական ու պետական քննությունների հանձնաժողովի անդամ, 2011-2012թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12 բ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանին ֆիզկուլտուրայի դասաժամերից ազատելու եւ նույն առարկայի պետական ավարտական քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական նշանակելուն նպաստելու համար Մարիամի հայր Մելիք Արշակյանից 2011թ. հոկտեմբերին 30 000 դրամ կաշառք է ստացել: Դրա դիմաց դասամատյանում չի հաշվառել Մարիամի բացակայությունները, բարձր գնահատականներ է նշանակել եւ նպաստել, որ աղջիկը քննության ժամանակ էլ բարձր գնահատական ստանա: Այսինքն` Ն. Ստեփանյանը կաշառք է ստացել ու փաստաթուղթ կեղծել:
Բացի այդ, Ն. Ստեփանյանը մինչեւ քննությունը հանձնելը չի հրահանգել աշակերտներին` նախավարժանք կատարել, ինչի հետեւանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետեւանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել եւ մահացել:
2012թ. մայիսի 21-ին՝ Մարիամի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները՝ որպես վկա, հրավիրվել են հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում Մարիամի մի քանի դասարանցիների համոզել է` սուտ ցուցմունքներ տալ. ասել, որ իբր Մարիամի վայր ընկնելուց հետո ֆիզկուլտուրայի քննությունը դադարեցվել է, նրան չեն թույլատրել մինչեւ շտապօգնության գալը տեղաշարժել, տնօրենն ինքն է զանգահարել շտապօգնություն, հետաքրքրվել Մարիամի որպիսությամբ եւ այլն:  Աշակերտներն էլ քննչական բաժնում նման սուտ ցուցմունքներ են տվել:
Հ.Գ. Հետաքրքիր է` ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը ինչու որպես մեղադրյալ չի ներգրավել նաեւ իր բարեկամին` կաշառք տված Մելիք Արշակյանին: Վերջինս դստերը ֆիզպատրաստության դասերին մասնակցելու անհրաժեշտության մասին խորհուրդներ տալու փոխարեն իր գործողություններով նպաստել է դստերը մահվան հասցնելուն, քանի որ քննությունից առաջ մեկ նախավարժանքը չէր կարող փրկել երբեւէ վարժություն չարած Մարիամին:  

Նյութերը՝  ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ




Լրահոս