Երեկ Գյումրիում աշխատավարձ չստացած շինարարների հերթական բողոքի ակցիան էր. բայց այս անգամ արդեն բողոքի ցույցի էին դուրս եկել ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի աշխատակիցները: 4 ամիս աշխատավարձ չստացած մոտ 40 շինարարները եկել ու իրենց գումարները պահանջում էին քաղաքապետարանից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպելու ցանկություն ունեցող շինարարները նշում էին, թե իրենք այդ ընկերության հետ ունեն կնքած պայմանագրեր. «3-4 ամիս է՝ մենք փող չենք ստացել ու հիմա մեր փողերն ենք ուզում»: Շինարարների տեղեկացմամբ՝ իրենք արդեն քանի օր է` գնում ու իրենց գումարները պահանջում են «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ ղեկավարներից, որոնք, սակայն, նրանց պարտքերը չեն վճարում` պատճառաբանելով, որ քաղաքապետարանն է իրենց գումար պարտք: Մինչդեռ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը զարմանալի է համարում, թե ինչու են շինարարները քաղաքապետարանից պահանջում իրենց աշխատավարձերն այն դեպքում, երբ իրենք շինարարների հետ կնքված պայմանագրեր չունեն: «Զրուցեցինք շինարարների հետ, բացատրեցինք նրանց, որ քաղաքապետարանը չպիտի իրենց վճարի, այլ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն: Միգուցե չարամտորեն, ինչ-որ մեկի ուղղորդմամբ կամ միամտաբար մարդիկ եկել ու քաղաքապետարանից էին գումար պահանջում, այնուամենայնիվ, նրանք սխալ հասցեատիրոջ էին դիմել»,-ներկայացրեց Զ. Եգանյանը:
Որ քաղաքապետարանը «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին 427 մլն դրամ պարտք է, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել էր դեռ հոկտեմբերի 25-ին` ավագանու արտահերթ նիստի ժամանակ: Նա զարմանքով նշել էր, որ աշխատավարձերի համար եկած դոտացիոն գումարները փոխանցվել են հենց այս կազմակերպությանը: «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն հոկտեմբերին նամակով դիմել էր քաղաքապետարան ու զգուշացրել, որ պարտքը չվճարելու դեպքում իրենք դիմելու են դատարան: Արդյոք այս ընթացքում դիմել են դատարան, թե ոչ՝ փորձեցինք պարզել Զ. Եգանյանից, որը փոխանցեց. «Այս պահի դրությամբ դատական գործի հետ կապված ինֆորմացիայի չեմ տիրապետում»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում, ու դեռեւս պարզ չէ` որքանով է հիմնավոր վերոնշյալ ընկերությանը քաղաքապետարանի ունեցած պարտքը: Նշենք, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը մի քանի ամիս գտնվում էր հետախուզման մեջ ու միայն վերջերս է եկել հայրենի քաղաք:
Գյումրի