«ԵՍ, ԱՆԿԵՂԾ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում տեղի ունեցած «Armenian golden star» մրցույթում երգչուհի Եվան արժանացել է «Տարվա լավագույն էստրադային ժամանակակից երգչուհի» մրցանակին: Երգչուհին ինքն էլ չգիտի, թե ինչ սկզբունքով են իրեն ընտրել, միայն տեղյակ է, որ իր վերջին «Հայ տղա» տեսահոլովակն ԱՄՆ-ում մի քանի հեռուստաալիքներով առաջին հորիզոնականն է գրավել:
-Դրսում կարոտը հայ երգի նկատմամբ շատ է: Այստեղ կարող ես անգլերեն երգել կամ ժամանակակից ոճում, իսկ այնտեղ նմանատիպ բաներով ոչ մեկին չես զարմացնի, ուզում են հայերեն լսել:
-Շոու բիզնես մուտք գործելը բարդ է, հատկապես երիտասարդների համար: Դուք հե՞շտ եք գտնում Ձեր տեղը:
-Եթե խոսքը Հայաստանի մասին է, ասեմ, որ շատ բան է փոխվել, առաջ շատ ավելի հեշտ էր: Եթե նախկինում դու ունենում էիր նոր գործ, տալիս էիր եթեր, բոլորը սպասում էին, որ երգիչը նորություն ունենա, իրենք լուսաբանեն: Հիմա ամեն ինչ ծանոթով, փողով է: Այսինքն՝ դա մեծ խնդիր է դարձել հենց երգչի համար: Բավական չէ՝ շատ փող ես ծախսում, տեսահոլովակ ես նկարահանում, մի հատ էլ գումար ես տալիս, որ թիվիներով պտտվի: Բոլորն ունեն այդ խնդիրը, մատներիս վրա կարող եմ նշել նրանց, ովքեր չունեն նմանատիպ հարցեր, դրանք էլ շատ հայտնիներն են: Այս երկրում ստացվում է, որ ամեն ինչ իզուր ես անում, ու ոչինչ էլ հետ չի գալիս: Թեկուզ ձայնասկավառակ պատրաստելն էլ մեծ գումարների հետ է կապված: Ամենաքիչը 10 երգ ընդգրկում ես, ամեն երգն էլ 2-3 հազար դոլար արժի, իսկ սկավառակը թողարկելուց հետո վաճառում ես ընդամենը 1500 դրամով, մաքսիմում 3000 դրամով: Էլ չեմ ասում, որ հաջորդ օրը դրա կեղծ տարբերակն արդեն շուկայում է: Ես նոր երգեր ունեմ, մի տեսահոլովակ էլ կնկարահանեմ, բայց շատ գործ չեմ անելու, դա գումարի անիմաստ վատնում է, որը երբեք այս երկրում հետ չես բերի:
-Ամենօրյա աշխատանք ունե՞ք:
-Ուրբաթ-շաբաթ օրերին «Օպերա» ակումբում եմ աշխատում, որն ինձ հաճույք է տալիս:
-Եւ գումա՞ր:
-Դե երկու օրում ինչքա՞ն գումար պետք է աշխատես: Ես կարող եմ շաբաթվա մնացած օրերն էլ այլ ակումբում աշխատել, բայց չեմ ուզում: Ավելի լավ է ես մի համերգի գնամ Հայաստանից դուրս, ավելի շատ գումար կվաստակեմ, քան այստեղ օրերով, ամիսներով երգելուց: Ռուսաստանում եմ հաճախ լինում, Թեհրանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում էլ եմ եղել:
-Համերգների հրավերնե՞ր են, թե՞ կորպորատիվ երեկոներ:
-Ամեն ինչ էլ լինում է, բայց մեծ մասամբ կորպորատիվ միջոցառումներին են գումար վաստակում, համերգները շատ են քչացել:
-Հստակ սահմանված հոնորարի չափ ունե՞ք:
-Դե Հայաստանում հորեղբոր, մորաքրոջ տղա հասկացողությունը շատ-շատ է, միշտ չի ստացվում հոնորարի չափը կոնկրետ պահել: Սա մոտիկ մարդ է, մյուսը` հարազատ ու այդպես անընդհատ: Դրսում նման բան գոյություն չունի, դու ունես քո հստակ սահմանված հոնորարը, ձեռք է տալիս՝ գնում ես, ոչ` հաջողություն:
-Ինչքա՞ն եք վաստակում ամսվա ընթացքում:
-Ճիշտն ասած, չեմ հաշվել, ես ե՛ւ ակումբում եմ աշխատում, ե՛ւ ունենում եմ կորպորատիվ հրավերքներ, չեմ կարող ասել: Մեր բնագավառում ստաբիլ աշխատավարձ գոյություն չունի:
Ես իմ հագուստն էլ աշխատում եմ այստեղից չգնել. ե՛ւ թանկ է, ե՛ւ անհասկանալի ծագման, հաստատ բրենդ չի լինի: Իսկ բեմում չես կարող քեզ թույլ տալ հագնել այն, ինչ բոլորն են հագնում: Ստացվում է, որ այստեղ պետք է անիմաստ թանկ վճարես ու ոչ օրիգինալ հագուստի համար:
-Դուք երիտասարդ եք, հիմա շատերն են ձգտում գնալ Հայաստանից, Ձեզ մոտ նման ցանկություն չկա՞:
-Կա, ես, անկեղծ, չեմ ուզում այստեղ ապրել: Երեւի թե մի օր էլ ես կգնամ ու էլ հետ չեմ գա: Երբ մի երկրում ոչ մի մասնագետ չի գնահատվում, էլ ինչի՞ մասին է խոսքը:
-Երկիրն ընտրե՞լ եք:
-Ո՛չ, բայց ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները՝ անկախ ամեն ինչից, ով ինչ ուզում է ասի: Ես ուղղակի ուզում եմ տեսնել հարգանք մեկը մյուսի հանդեպ: Ճիշտ վերաբերմունք սեռերի նկատմամբ: Ամբողջ աշխարհում կինը արտոնյալ իրավունքներ ունի, միայն այս երկրում է, որ հակառակն է: Մեր մենթալիտետից ելնելով էլ` մի օրինակ բերեմ: Եթե կինն այս երկրում բաժանվում է, մտածում է, որ էլ երբեք չի ամուսնանա: Իսկ աշխարհում ընդհանրապես այլ կերպ են նայում այդ երեւույթին: Դրսում նույնիսկ տղամարդիկ են ավելի ծանր տանում բաժանումը, քան կանայք: Իսկ այստեղ կանայք հասկանում են, որ բաժանվելուց հետո էլ երեխայի հետ չեն կարողանա իրենց կյանքը դասավորել:
-Բավական ինքնուրույն աղջկա տպավորություն եք թողնում:
-Այո՛, ես ինքնուրույն եմ, 18 տարեկանից աշխատում եմ ու հպարտ եմ ինձանով, քանի որ ինչի հասել եմ, իմ քրտինքով է եղել: Չկա մի տղամարդ ոչնչություն այս երկրում, որ թույլ տա իրեն ասել, թե Եվային երգչուհի է դարձրել: Ես միշտ ձգտել եմ նրան, որ ծնողներս ու եղբայրներս հպարտանան ինձանով:
-Ձեզ նման աղջիկներից տղամարդիկ կվախենան:
-Այո՛, ես դա զգում եմ: Կինը շատ ուժեղ է, նա կարողանում է դժվար պահերն ինքնուրույն հաղթահարել, իսկ միայնակ տղամարդը կործանվում է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս