Դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ են ներկայացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական դեպարտամենտում կարծես թե հերթական աղմկալի չարաշահման դեպքն է բացահայտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ են ներկայացվում:

Եվ այսպես, ինչպես գիտենք՝ ՀՀ դատարանները օտարալեզու դատական գործերը ուղարկում են համապատասխան թարգմանչական ընկերություններ, որպեսզի այդ գործերը թարգմանվեն, եւ դատավորները կարողանան քննել գործը: Ի դեպ, նախկինում, երբ դատարանները դատական գործերը ուղարկում էին որեւէ ընկերություն՝ թարգմանության համար, հաշվարկային միավորը համարվում էր «A4» ֆորմատի թուղթը: Իսկ, ահա, 2014 թվականից հաշվարկման կարգը փոխվեց եւ թարգմանությունների համար նախատեսված գումարի չափը հաշվարկվում է ըստ նիշերի (տառերի, կետադրության, բառամիջյան հեռավորության հաշվարկով):

Եվ, ահա, այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ վարչական դատարանը մի դատական գործ է ուղարկել թարգմանչական ընկերություն, որպեսզի թարգմանվի: Ավելի ուշ թարգմանչական ընկերությունը վարչական դատարան է ուղարկել թարգմանված նյութի Էլեկտրոնային տարբերակը, որը բաղկացած է եղել 54 հազար 341 նիշից:

4-i v

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրություն կատարեց եւ նկատեց, որ նյութի էլեկտրոնային տարբերակում առկա են մեծ քանակությամբ գծանշաններ, բացատներ (пробел), որոնք թարգմանված գործի նիշերը ավել են ցույց տալիս: Պարզեցինք նաեւ, որ, օրինակ, նյութում արված գծանշանները տեքստի սպիտակ գույնով նշելու եղանակով քողարկվում են, եւ տվյալ նյութը դիտելիս տեսանելի չեն ավել նիշերը, սակայն երբ թարգմանված նյութը էլեկտրոնային տարբերակում նայում ենք եւ վերը նկարագրված քողարկված ավելցուկները հեռացնում ենք, թարգմանված նյութի նիշի քանակը գնալով պակասում է, օրինակի համար՝ 60 հազար 341 նիշից դառնալով 38.648 նիշ: Այսինքն՝ թարգմանված նյութի նիշերը գրեթե կրկնապատիկ քանակով ներկայացնելու արդյունքում, ըստ էության, թարգմանչական ընկերությունը արհեստականորեն ավելացնում է նիշերը, որպեսզի դատական դեպարտամենտն էլ թարգմանության համար ավել գումար տրամադրի:

«Ժողովուրդ»-ի ձեռքում հայտնվել է միայն այս փաստաթութղը, սակայն նման գործերը, որոնք ուղարկվում են թարգմանչական ընկերություններ եւ վերադառնում, քիչ չեն: Արդյո՞ք մենք հերթական անգամ գործ չունենք պետական բյուջեի միջոցների փոշիացման կամ յուրացման հետ: Բացառվա՞ծ է, որ դատական դեպարտամենտը ներքին կարգով պայմանավորվածությունի ունի թարգմանչական ընկերության հետ, որ ավել նիշեր են ներկայացվում, գումար է դուրս գրվում եւ…

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ, որտեղից դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլանդյանի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանն ասաց, որ այս տեղեկությունը իրենց համար նոր երեւույթ է. «Խնդրում ենք՝ Ձեր հարցը եւ այն հիմքերը, որ Դուք ունեք, ուղարկեք մեր էլեկտրոնային փոստով: Մենք կուսումնասիրենք եւ ըստ ընթացակարգի՝ կպատասխանենք Ձեր հարցերին»:

Մենք նախընտրեցինք խնդիրը բարձրացնելու համար հրապարակել նյութը, մնացածը թող արդեն դատական դեպարտամենտը պարզի, թե ինչ է կատարվում (մեծ ցանկության դեպքում կարող են տրամադրել նաեւ մեկ կոնկրետ թարգմանչական գործը): Ի վերջո, լրատվամիջոցի առաքելությունը խնդիրների մասին բարձրաձայնելն է, ոչ թե «ներքին կարգով» նամակներ ուղարկելը:

Նկատենք, որ սա միակ աղմկալի չարաշահման դրսեւորումը չէ, որ կարող է գրանցվել ՀՀ դատական դեպարտամենտում: Հիշեցնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը եւ դեպարտամենտի եւս 12 նախկին աշխատակիցներ մեղադրվում են 115 մլն դրամ հափշտակելու համար:

Հավելելենք՝ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ գրել էր, որ թարգմանչական ծառայություններ մատուցող «Արթ Կոնսալթին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատի է տվել ՀՀ դատական դեպարտամենտին: Բանն այնն է, որ ընկերությունը մի շարք դատական գործերով մատուցել է թարգմանչական ծառայություններ, որոնց համար ՀՀ դատական դեպարտամենտը պարտավոր էր վճարել, սակայն չի վճարել: Գումարը վճարելու պահանջով Դատական դեպարտամենտին ուղղվել են գրություններ, որոնց, սակայն, վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել: Այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:

Տեսնենք, թե ինչ կլինի ավել նիշերի մասին ահազանգի ճակատագիրը:

Քնար Մանուկյան




Լրահոս