Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում մամուլի է ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է գյուղատնտեսական տարվա արդյունքները: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am) ասուլիսի մասին տեղեկատվության մեջ բացառապես նշված են մարզի գյուղատնտեսական հաջողությունները, կարծես թե ոլորտը խնդիրներ չունի: Ասուլիսի ժամանակ մարզպետը խոսել է գյուղատնտեսության ձեռքբերումների, պետության կողմից ցուցաբերված աջակցության մասին: Տավուշցի լրագրողները մարզպետին հարցեր են ուղղել գյուղատնտեսական խնդիրների՝ սակավ մթերված դեղձի, մարզում հիմնված, սակայն չգործող կաթի ընդունման կետերի, հակակարկտային կայանների բացակայության, գրանցված սիբիրախտի դեպքերի մասին: Այդքանով հանդերձ, մարզի գյուղատնտեսական ոլորտում կան բազմաթիվ այլ հիմնահարցեր, որոնց մասին ասուլիսում չի բարձրաձայնվել: Մասնավորապես մարզում չկան գյուղատնտեսական շուկաներ, եւ տավուշցին աճեցրած բերքն էժան գնով հանձնում է վերավաճառողներին: Մարզի գինու գործարաններն ընդունված խաղողի գումարների մի մասը դեռ չեն վճարել խաղողագործներին, Տավուշում իրացվող թունաքիմիկատները մեծ մասամբ անորակ են, որը բացասաբար է ազդում բերքի վրա, պետպատվերի շրջանակներում մարզում անասունների պատվաստումները պատշաճ ձեւով չեն արվում, որի հետեւանքով անասունները տարբեր հիվանդություններից սատկում են: Բացի այդ, Տավուշի մարզպետարանը գյուղատնտեսության վերաբերյալ երբեմն ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացնում: Օրինակ՝ վերոհիշյալ ասուլիսի ժամանակ նշվել է, որ 2011թ. համեմատ այս տարի մարզում 6 տոննայով ավելի պտուղ եւ հատապտուղ է արտադրվել: Հետաքրքիր է` ով է կշռել մարզում պտղի եւ հատապտղի ողջ բերքը: Էլ չասած` ասուլիսի ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանի խոսքում տեղ գտած զավեշտալի վրիպակների մասին: Օրինակ` խոսելով Տավուշում գյուղատնտեսության հաջողությունների մասին, նա հայտարարել է. «Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, համոզված եմ, որ մինչեւ 2005 թվականը կունենա առաջին կոնյակը՝ տեղական արտադրության»: Ասուլիսին մասնակից լրագրողները չեն ուղղել մարզպետի սխալը: Իսկ մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 12-ին ցուցադրեց ասուլիսի մասին տեսանյութը՝ մարզպետի վրիպումով հանդերձ:
Հավելենք, որ 2012թ. հոկտեմբերի 21-ին գյուղատնտեսական աշխատողի օրվա առթիվ գյուղնախարար Սերգո Կարապետյանը 5 մարզպետերի, այդ թվում Արմեն Ղուլարյանին պարգեւատրել է գյուղնախարարության ոսկե մեդալով: Անհասկանալի է, թե ինչու են Տավուշի մարզպետին ոսկե մեդալ տվել, երբ մարզի հազարավոր հեկտարներ տարիներ շարունակ անմշակ են, իսկ գյուղատնտեսական հիմնահարցերն այդպես էլ չեն լուծվում:
Տավուշ