ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Երեկ կոնգրեսականները գլխավոր դատախազության մոտ հերթական բողոքի ակցիան են անցկացրել` ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների:  Ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը NEWS.am-ին ասել է, որ եթե երեկ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը մի քանի ժամ էլ ուշացնեին, հնարավոր է՝ արդեն կալանավորված լինեին: Մեկ ամսվա ընթացքում վճռաբեկը կա՛մ պետք է բողոքն ընդունի վարույթ, կա՛մ մերժի:

ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը դեկտեմբերի 14-ին հանդիպել են իշխող կոալիցիային մաս չկազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հետ: NEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպումը եղել է դռնփակ ու տեւել մոտ երկու ժամ: Իսկ մինչ այդ երեք երկրների արտգործնախարարները հանդիպել էին Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Հարսնաքար»-ի գործով երեկվա դատական նիստում ամբաստանյալ, ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը միջնորդել է, որպեսզի Դ. Ադամյանին տրամադրվի 5 օր ժամկետ՝ մորը եւ կնոջը տեսնելու համար: Բանն այն է, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի արդյունքում Դ. Ադամյանի մայրը՝ Աղավնի Ադամյանը, եւ կինը` Զալինե Հակոբյանը, ծայրահեղ վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կնոջը վիրահատել են, մայրը գտնվում է վերակենդանացման բաժնում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

ՉԵՐՉԻԼԻՆ ԽԱՅՏԱՌԱԿԵԼԻՍ
Նախագահական նստավայրից  50 մետր հեռավորության վրա երեկ բացվեց ԱԻՄ գրասենյակը: Այս մասին դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նկարագրելով, որ մոտենում են նախագահականին, որպեսզի ընտրություններից հետո երկար ճանապարհ չանցնեն: «Օրինակ՝ ԱՄՆ-ում եթե որեւէ մեկը նախագահ է առաջադրվում, ապա դրանից առաջ նահանգապետ է լինում ինչ-որ տեղ»,-նշեց Հայրիկյանը: Նրա խոսքով՝ մեզ մոտ ամոթալի է, որ սեփական ընտանիքը կառավարել չկարողացող մարդը հանկարծ որոշում է Հայաստան կառավարել: «Երեւի Չերչիլի պես են մտածում: Չերչիլին ասում են՝ աղջիկդ իրեն լավ չի պահում, այս ի՞նչ է կատարվում: Չերչիլն էլ ասում է, թե գիտեք, ես կարող եմ Անգլիան կառավարել, նույնիսկ շատ լավ՝ ԱՄՆ-ն, աշխարհն էլ կարող եմ կառավարել, բայց աղջկաս չեմ կարող կառավարել: Հիմա սրանք երեւի մտածում են, քանի որ աղջկան չեն կարող կառավարել, ուրեմն երեւի Հայաստանը կարող են կառավարել: Բայց դա սխալ է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

ՈՉ ԲԱՑԱՀԱՅՏ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, վստահեցրեց, որ իրենք, անկախ նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին ԲՀԿ որոշումից, շարունակելու են համագործակցել ընդդիմության, Հայ ազգային կոնգրեսի հետ. «ՀԱԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի հետ մենք բավականաչափ ակտիվ խորհրդարանական համագործակցություն ունենք, եւ ես պատճառ չեմ տեսնում դա ընդհատելու»։ Հարցին՝ հնարավոր է, որ Ծառուկյանը, ԲՀԿ-ականները, ԲՀԿ տարածքային կառույցների մի մասը եւ այլն, այնուամենայնիվ, ոչ բացահայտ, բայց պաշտպանեն Սերժ Սարգսյանին, ավելին, գործարար ԲՀԿ-ականները արդեն թեքվել են իշխանության կողմը, նա ասաց. «ԲՀԿ-ն հայտարարել է, որ որեւէ թեկնածուի չի սատարելու, իսկ մնացյալը կրկին ենթադրությունների ոլորտից է»։




Լրահոս