Վերջին տարիներին Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի անխնա օգտագործման հետեւանքով նվազել են խորքային ավազանների մակարդակն ու ինքնաշատրվանող հորերը: Արդյունքում տարածաշրջանի բնակիչները ջրի բացակայության պատճառով արդեն մի քանի տարի է` չեն մշակում իրենց հողատարածքները: Այս խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա հուլիսին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբն իրականացնում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման համաձայն՝ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականցման համար բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107 մլն 497 հազար 400 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՆ-ն ապօրինի հորերի լուծարման աշխատանքների համար հատկացված այս գումարները ձկնաբուծական տնտեսություններից հետ վերադարձնելու նպատակով դիմել է դատարան:
Այսպիսով, ԲՆ-ն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ձկնաբուծական տնտեսությունների, այդ թվում նաեւ «Յունիֆիշ» ընկերության՝ ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված գումարի բռնագանձման պահանջով: Տեղեկանալու համար, թե ապօրինի հորերի լուծարումից հետո այժմ ինչ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրում, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, բնապահպանության նախարարությունը դիմել է դատարան` ձկնաբուծական տնտեսություններից ԲՆ հատկացրած գումարները բռնագանձելու պահանջով: Այս պահին դատական գործընթացը ո՞ր փուլում է:
-Այս հարցը դեռ դատական փուլում է, մենք էլ սպասում ենք դատարանի որոշմանը: Բնականաբար, ապօրինի հորերի լուծարման համար հատուկ նպատակային Կառավարության կողմից գումար է տրվել: Եւ լուծարման համար հատկացված գումարը Կառավարությանը վերադարձնելու նպատակով այն նախարարությունը պետք է բռնագանձի ձկնաբուծարանի սեփականատերերից: Նշեմ, որ մի քանի կազմակերպություններ պարտաճանաչ մուծել են այդ գումարները, մեկ-երկու դատական գործընթացում էլ ԲՆ-ն հաղթող է ճանաչվել:
-Իսկ ապօրինի հորերը լուծարելուց հետո այժմ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտավայրում:
-Ապօրինի հորերի լուծարման մասով մեզ արդեն քիչ աշխատանք է մնացել, բնականաբար, մոնիտորինգի արդյունքներից ելնելով՝ հայտնաբերվել են նաեւ որոշ հորեր, որոնք նույնպես պարտադիր պետք է լուծարվեն: Նշեմ, որ ջուրն արդեն ավելանում է, եւ ջրի հետ կապված ավելանում է նաեւ լիտրաժը: Ամեն անգամ մենք պետք է ստուգումներ իրականացնենք, որ ձկնաբուծական տնտեսությունները թույլատրելի սահմանը չանցնեն: Իրենց տրված է ջրի թույլտվություն սահմանափակ քանակությամբ, եւ հնարավոր է, որ տարվա կտրվածքով իրենց մոտ ամբողջությամբ ավել քանակությամբ լինի: Միաժամանակ նաեւ զրուցում ենք ձկնաբուծական տնտեսությունների սեփականատերերի հետ: Տեղեկացնեմ, որ մեր կողմից իրականացված հորերի փակման աշխատանքները բերեցին նրան, որ ձկնաբույծների մոտ արդեն լիտրաժի ավելացում կա: Սա, իհարկե, դրական արդյունք է: Բայց սա չի նշանակում, որ մենք մեր գործերն ամբողջությամբ ավարտել ենք: Սա շարունակական պրոցես է, եւ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ դրական առաջընթաց ունենք:
-Թեեւ Դուք պնդում եք, որ լուրջ առաջընթաց եք արձանագրել, այնուամենայնիվ, տարածաշրջանի բնակիչները չեն դադարում դժգոհել, որ իրենք ո՛չ խմելու, ո՛չ էլ ոռոգման ջուր չունեն:
-Մենք ունենք այսօր 1 մլրդ 387 խորանարդ մետրի խնայողություն, որը լիարժեք տեսանելի, շոշափելի է: Արտաքին աչքով, երբ տեսնում ենք այն տարածքները, որտեղ որ հիմնականում ընդերքից են ջրերը դուրս գալիս, այդ տարածքներում մենք ունենք լուրջ հնարավորություններ: Լուրջ առաջընթաց է գրանցված այսօր:
-Իսկ ապօրինի հորերը լուծարելուց հետո բնապահպանության նախարարությունն արդյո՞ք համապատասխան վերահսկողություն իրականացնում է, որպեսզի ձկնաբուծարանների սեփականատերերը նոր ապօրինի հորատումներ չկատարեն:
-Միանշանակ, մեր նախարարության մարզային տեսչության աշխատակիցներն ամենօրյա հսկողություն են իրականացնում: Բացի այս, մենք ունենք մոնիտորինգի աշխատակիցներ, ովքեր նույնպես մասնակից են այդ հսկողության աշխատանքներին:
-Պարո՛ն Գրիգորյան, ապօրինի հորերի փակման ֆոնին լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ նախարարությունը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարանների ապօրինի հորերը չի լուծարում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես նորից եմ ասում, Դուք ինչ անուններ ուզում եք ներկայացրեք, բայց բնապահպանության նախարարությունը համայնք առ համայնք բոլոր տարածքներում պտտվել է, եւ որտեղ եղել են ապօրինի հորեր, դրանք անմիջապես լուծարվել են: Եւ եթե Դուք որոշակի մարդկանց անուններ եք տալիս՝ Ծառուկյան եւ Աբրահամյան, ապա կասեմ, որ պարոն Աբրահամյանն ինքը ձկնաբուծական տնտեսություններ չունի, ես բազմիցս անդրադարձել եմ դրան: Իսկ վարչապետի ընտանիքի անդամները, բարեկամներն ունեն նման ձկնաբուծական տնտեսություններ, եւ իրենց մոտ նույնպես ուսումնասիրություններ եղել են: Բնականաբար, եթե եղել են որոշակի թերություններ, ապա դրանք անմիջապես շտկվել են: Բայց ապօրինի հորեր ընդհանրապես չեն եղել: Գագիկ Ծառուկյանի մասով էլ նույնը կասեմ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՈՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ:
Հատկապես մտահոգիչ է այն, որ բռնության ենթարկված բոլոր լրագրողներն էլ կրում էին համպատասխան վկայագրերը, (բեյջերը) եւ նրանց լրագրող լինելու մասին ոստիկանության աշխատակիցները քաջատեղյակ էին, ուստի կարելի է արձանագրել, որ հունիսի 23-ին ոստիկանությունը միտումնավոր կերպով փորձ է արել խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Մտահոգիչ է նաեւ այն, որ այս արարքին անմիջապես համապատասխան իրավական ընթացք չտրվեց: Ամբողջ տասն օր երկմտելուց հետո միայն` հուլիսի 3-ին, օրենքով սահմանված վերջին օրը հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց:
2004թ. ապրիլից հետո սա աննախադեպ երեւույթ է, որը համապատասխան իրավական գնահատականի չարժանանալու դեպքում կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ Հայաստանում խոսքի ազատության վրա: Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում iLur.am կայքի պատասխանատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում» չկատարելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի երկու լրատվամիջոցների՝ iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի նկատմամբ ինֆորմացիայի աղբյուրը հրապարակելու պարտադրանքով դատական ուժի մեջ մտած վճիռ կա, ինչն անթույլատրելի է: Մամուլի վրա այս ակնհայտ հարձակումից զատ վերջին օրերին փորձ է արվում վերաթարմացնել նաեւ Հայաստանում անկախ մամուլին դատական գործընթացների միջոցով ֆինանսական ճնշումների ենթարկելու պրակտիկան:
24.06.2015 թվականից «Ժողովուրդ» օրաթերթի հաշվեհամարներն արգելանքի տակ են: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2011թ. նոյեմբերի 15-ին կայացված թիվ ՍԴՈ 997 որոշմամբ սահմանված չափանիշները՝ ակնհայտ անհամարժեք տուգանք է սահմանել՝ օրաթերթին պարտադրելով գործարար Խաչիկ Խաչատրյանին վճարել մոտ 2 մլն դրամ: Սա նյութական ծանր բեռ է, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցությունը կունենա թերթի գործունեության վրա: «Հրապարակ» օրաթերթի դեմ եւս երկու դատական վարույթներ կան… Մասնավորապես «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը «Հրապարակ»-ից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում: Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլեւ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսեւորումներ:
Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, դատապարտում ենք խոսքի ազատության դեմ իրականացվող վերը թվարկված բռնաճնշումների բոլոր ձեւերը՝ կոչ անելով իշխանություններին
1. ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից,
2. ձեռնարկել միջոցներ՝ լրատվամիջոցներին օժանդակելու, նրանց գործունեության անկախության երաշխավորը լինելու ուղղությամբ:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի եւ Armtimes.com կայքի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան
«168 ժամ» թերթի եւ 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
ԳՐԱՆՑՎԱԾ Է ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ
Տավուշի մարզում գործազրկության բարձր մակարդակ կա: Անգործներն իրենց օրվա ապրուստը հոգում են պատահական վաստակով, նաեւ բնության բարիքների հավաքչությամբ: Այդ ընթացքում բնությանը մեծ վնաս է պատճառվում: Դա տեղի է ունենում հատկապես ընկույզի հավաքման ընթացքում: Գարնան վերջին, ամռան սկզբին Տավուշում կանաչ ընկույզ են հավաքում, որից մուրաբա են պատրաստում, այն պահածոյացնում: Կան կանաչ ընկույզի մեծածախ գնորդներ, ովքեր այն վերավաճառում են Հայաստանի այլ մարզերում, իրացնում պահածոների գործարաններում: Հունիսին Բաղանիս գյուղում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, կայանել է Իջեւանի տարածաշրջանի բնակչին պատկանող «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա, որից դուրս եկած մարդիկ սկսել են քաղել Բաղանիսի բնակչին պատկանող, ճանապարհի եզրին գտնվող ընկուզենու կանաչ ընկույզները: Բաղանիսի բնակիչները դա նկատել են եւ աղմուկ բարձրացրել, ինչի արդյունքում իջեւանցիները ճողոպրել են եւ գյուղի մեկ այլ հատվածում մեքենան կանգնեցնելով՝ սկսել քաղել մեկ այլ բաղանիսցու ընկուզենու կանաչ բերքը: Քիչ անց անցորդները դարձյալ նկատել են եւ ահազանգել ընկուզենու տիրոջը: Ընկույզի գողերը նորից փախուստի են դիմել: Նրանք Բաղանիս գյուղից ներքեւ՝ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող լճակի մոտ, սղոցով հատել են ընկուզենու ծառ՝ քաղելով կտրված ծառի ողջ բերքը: Կանաչ ընկույզ մթերողներից շատերը կոտրում են ծառերի ճյուղերը, որպեսզի հետո ծառի ստվերում նստած՝ քաղեն ընկույզները: Ոմանք էլ ծառերն են բնից հատում: Նոյեմբերյանի տարածաշրջանի Գոգդաղ (Մեծասար), Գոմշավար, Դոնդար սարամասերում կանաչ ընկույզի համար հատված բազմաթիվ ընկուզենիներ կան, այնինչ ընկուզենին դանդաղ աճող ծառ է եւ բավականին ուշ է սկսում բերք տալ: Հավելենք, որ այն գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ