Հատկապես նախագահական ընտրություններից առաջ Արեւմուտքից եւ Ռուսաստանից աջակցության որոշակի ազդակներ ստացած Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու առավելագույն ջանքեր գործադրել` կողմերից յուրաքանչյուրին հնարավորինս գոհացնելու եւ առայժմ միայն ավանսի տեսքով ստացած ազդակներն ամրապնդելու համար: Հակառակի նման էլ` հենց այս փուլում շատ ակտիվ զարգացումներ են ընթանում երկու ուղղություններով էլ, որոնք պահանջում են հրապարակային մասնակցություն եւ հրապարակային որոշումներ` այդտեղից բխող անցանկալի հետեւանքներով: Ուստի, որքան էլ Սերժ Սարգսյանը չցանկանար, կողմերից յուրաքանչյուրին տված խոստումները ստիպված է լինելու ամրապնդել կոնկրետ գործողություններով` ընդ որում, մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս առումով բավականին ծանր է լինելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք այսօրվա հանդիպման ներքին օրակարգը. ուշագրավ է, որ ՌԴ նախագահն այսօր երկկողմ հանդիպումներ է ունենալու Մաքսային միությանն անդամակցող պետությունների` Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ա. Լուկաշենկոյի եւ Ն. Նազարբաեւի հետ, ապա նաեւ` այդ միությանն անդամակցելուց տեւական ժամանակ խուսափող ՀՀ նախագահի հետ: Եվ ըստ ամենայնի, դրանից հետո Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու առավել հստակ հայտարարություն անել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին: Առայժմ այդ մասին խոսել է միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, որը, վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա հիմնվելով ուկրաինական լրատվամիջոցներին ասել էր, թե ներկայում ԵՏՀ-ն եւ ՀՀ իշխանություններն աշխատում են համագործակցության փաստաթղթերի պատրաստման վրա, որոնք ավարտելուն պես` 2013թ. սկզբին, Հայաստանը կմիանա Մաքսային միությանը:
Այս հեռանկարը, բնականաբար, չի կարող չառաջացնել Եվրամիության դժգոհությունը, որն արդեն իսկ սկսում է դրսեւորվել տարբեր եվրոպական կառույցներում ՀՀ մասին արվող հայտարարությունների տեսքով եւ մասնավորապես` ԵՄ-Հայաստան տարեկան համագործակցության նախօրեի նիստի շրջանակներում: Ի թիվս առաջիկա ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու մասին նոր հիշեցում-պահանջների, երեկ տարածված ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ հստակ նշվում է, որ Եվրամիության համար ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է: Ինչ խոսք, ստատուս-քվոյի հետ կապված նմանօրինակ հայտարարություններ նախկինում էլ են եղել, սակայն մշտապես նշվել է, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մինչդեռ երեկվա հայտարարության մեջ, ստատուս-քվոյի անընդունելիությունից բացի, ընդամենը նշվում է, որ «հակամարտության լուծումն առաջնային խնդիր է»:
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ