Նախօրեին, ի վերջո, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այսպիսով` այլեւս հստակ է, որ իշխանությունները պատրաստվում են անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Ընդ որում, ուշագրավ է, որ իբրեւ պարտադիր պայման՝ նոր նախագծով սահմանվում է ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնության առկայությունը:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության հիմնական օղակը Ազգային ժողովն է: Նախատեսվում է, որ ԱԺ-ն լինելու է ժողովրդի ներկայացուցչական մարմինը, այն իրականացնելու է օրենսդրական գործունեություն, վերահսկելու է գործադիր իշխանության գործունեությունը: ԱԺ-ն կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Այսինքն՝ կսահմանվի պատգամավորների նվազագույն թիվը, իսկ առավելագույն շեմը կորոշվի օրենքով:
Գործադիր իշխանությունը միանձնյա իրականացնելու է Կառավարությունը, իսկ խորհրդարանը լինելու է նրա վերահսկող մարմինը: ԱԺ-ն իրավունք կունենա ստեղծել «քննիչ հանձնաժողովներ»՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու նպատակով: Նման հանձնաժողով հնարավոր կլինի ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: ԱԺ-ն հնարավորություն կունենա վարչապետին անվստահություն հայտնել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացված նախագծի հիման վրա, այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ` անվանական քվեարկությամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է հայրենի խորհրդարանի պատգամավորներից պարզել, թե ինչպես են վերաբերվում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, ու արդյո՞ք ներկայացված նախագիծն արդարացրել է իրենց սպասելիքները: Սակայն պարզվեց՝ օրենսդիր մարմինն ամբողջապես հանգստի է մեկնել ու չի էլ հետաքրքրվում տեղի ունեցող իրադարձություններով: Խորհրդարանականները մեզ հետ զրույցում ասացին, թե նախագիծն առաջիկայում կուսումնասիրեն, կքննարկեն ու իրենց տեսակետը կներկայացնեն հանրությանը: Ի դեպ, երեկ արտախորհրդարանական քաղաքական ուժերից «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ պետք է ոչ ասել նման բարեփոխումներին. «Երբ որ չես ցանկանում ռեալ բարեփոխել երկրի՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, այլ ցանկանում ես ընդմիշտ մնալ իշխանության ու թալանել, նախաձեռնում ես այսպիսի սահմանադրական բարեփոխումներ… ուրեմն` ո՛չ, այսպիսի բարեփոխումներին` ո՛չ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր ղեկավարած խմբակցությունն արդեն ուսումնասիրե՞լ է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծը: Ի՞նչ տեսակետ ունի «Ժառանգություն»-ը, Ձեր ակնկալիքները արդարացվե՞լ են:
-Մենք դեռեւս մանրամասնորեն չենք ծանոթացել, մենք այժմ ուսումնասիրում ենք սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
-Խնդրում եմ՝ ներկայացրեք Ձեր նախնական տեսակետը. Ձեր ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ կարծիք եք կազմել:
-Դեռեւս քննարկման փուլում ենք, առաջիկայում կլինի կուսակցության վարչության նիստը, այդ ժամանակ էլ կհստակեցվի ամեն ինչ, ու մենք կներկայացնենք մեր տեսակետը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարո՛ն Վարդանյան, խնդրում եմ՝ ներկայացրեք Ձեր կուսակցության տեսակետը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ կապված, արդյո՞ք սա այն էր, ինչ Ձեր կուսակցությունը պատկերացնում էր:
-Դեռեւս մանրամասն չենք ուսումնասիրել, կքննարկենք, ապա մեր տեսակետը կներկայացնենք:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, իշխանությունները հրապարակել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ի՞նչ տեսակետ ունի ԲՀԿ-ն՝ նախագծի հետ կապված, արդյո՞ք ուսումնասիրել եք այն:
-Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացվել է մեր փորձագետներին եւ իրավաբաններին, որպեսզի մասնագիտական եզրակացություն պատրաստեն խմբակցության եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի համար: Չեմ կարծում, որ սեպտեմբերից շուտ մենք դրան կանդրադառնանք, որովհետեւ Սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ կան, որոնցում հղում է արված օրենքին, օրինակ՝ գրված է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, բայց հասկանալի է, որ դա ունի տարբեր մոդիֆիկացիաներ, տարբեր ձեւեր: Մենք 100 տոկոս համամասնականին կողմ ենք, բայց թե այդ մոդիֆիկացիաններից որն է ընտրվելու, սա սահմանվելու է ընտրական օրենսգրքով: Երբ կլինեն նաեւ հարակից օրենքները, այդ ժամանակ մենք կկարողանանք վերջնական եզրակացություն ներկայացնել: Քաղխորհրդի մեծամասնությունը գտնվում է արձակուրդում, մենք կկարողանանք մեր որոշումը հստակեցնել սեպտեմբերից ոչ շուտ, քանի որ մենք պետք է անպայման այն քննարկենք մեր քաղխորհրդում: Մեզ համար այժմ առաջնային է մեր տարածքային կառույցների հետ հանդիպումը:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձեց նույն հարցի շուրջ զրուցել նաեւ ԱԺ ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հետ, սակայն նրանց հեռախոսները կա՛մ անջատված էին, կա՛մ մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում: Խորհրդարանականները «խորը» արձակուրդում են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ