ՀԺ. Եվս 6 հոգի ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք են վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ՝ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել: Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը,”Ռադիո Հայ”-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ՍԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես “ՀԺ”-ին հայտնի դարձավ, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել: “ՀԺ”-ն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկանությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն է:




Լրահոս