Թիվ 30 և 67 երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկացման եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաճառում է ավտոբուսները՝ պարտքերը փակելու համար
«Արշակյան եղբայրներ» ընկերությունը, որը երկար տարիներ ուղեւորափոխադրումներ է իրականացրել եւ շահագործել է թիվ 30 եւ թիվ 67 երթուղիները, այսօր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում: Սնանկացման եզրին հայտնված ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս նախորդ տարվա փետրվարի 25-ին ուղեւորափոխադրումներ իրականացնող «Արշակյան եղբայրներ» ընկերությունը դիմել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով:

Նշենք, որ ներկա դրությամբ ընկերությունը դրամական միջոցներ չունի: Սակայն ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում են թվով 21 հատ միկրոավտոբուսներ, որոնք 2006 թվականի ռուսական արտադրության գազելներ են եւ շահագործվել են շուրջ 6 տարի: Ըստ գույքագրման վերջին գնահատման՝ այդ 21 միկրոավտոբուսների ընդհանուր արժեքը կազմում է 9 մլն 500 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ 2007-2008 թվականներին «Արշակյան եղբայրներ»-ը տրանսպորտային միջոցների վարձակալության, ինչպես նաեւ լիզինգի պայմանագրեր ու համաձայնագրեր է կնքել Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս», «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» եւ «Երեւան տրանս» ընկերությունների հետ՝ պարտավորվելով ամենամսյա կարգով վճարել տրանսպորտային միջոցների հաշվեկշռային արժեքը, ինչպես նաեւ՝ վարձավճարները: Սակայն 2012-2013 թվականների ընթացքում վառելիքի թանկացումների, տրանսպորտային միջոցների մաշվածության ու շահագործման հետ կապված դժվարությունների հետեւանքով ընկերությունն աշխատել է վնասով, որի պատճառով էլ հայտնվելով ծանր ֆինանսատնտեսական կացության մեջ՝ չի կարողացել կատարել ինչպես պայմանագրային, այնպես էլ պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները:

Բացի այս՝ ֆինանսական առողջացման նպատակով ընկերությունը պարտքեր է վերցրել անհատ քաղաքացիներից՝ աշխատողներին աշխատավարձ ու վարձավճարների մի մասը վճարելու, ինչպես նաեւ վառելիք ու ավտոպահեստամասեր ձեռք բերելու համար, սակայն խոշոր պարտատերերից երկուսը պարտքերի բռնագանձման հայցերով դիմել են դատարան եւ միջնորդել են արգելանք դնել ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա, ինչն էլ բավարարվել է:

Օրինակ՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ի օգտին բռնագանձման է ենթակա 12 մլն 646 հազար 100 դրամ պարտքի գումարը, պետբյուջեի օգտին՝ 3 մլն 731. հազար 824 դրամ տուրքի գումարը, ինչպես նաեւ՝ ԴԱՀԿ ծառայության կատարողական ծախսի 3 մլն 312 հազար 760 դրամը: Այս ամենից բացի` «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետք է բռնագանձվի 5 մլն 306 հազար 969 դրամ: Ընկերությունը 6 մլն 945 հազար 330 դրամ պարտք է նաեւ «Երեւան տրանս» ՓԲԸ-ին, իսկ աշխատողներին չվճարված աշխատավարձի պարտքը կազմում է 3 մլն 258 հազար 928 դրամ:
Այսպիսով` ստացվում է, որ ընկերության պարտքերն անհամեմատ ավելի մեծ են, քան ունեցած գույքի արժեքը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արշակյան եղբայրներ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի հետ, ով նկատեց, որ այս պահին N 30 եւ N 67 երթուղիները չեն փակվում, քանի որ սպասարկման խնդիր կա: «Ճիշտ է՝ եկամտաբեր չէ, բայց, այնուամենայնիվ, սպասարկման հարցն անհանգստացնում է»,- ներկայացրեց Ախոյանը: Նրա խոսքերով՝ այս ընկերությունը հիմնադրման օրից ի վեր բախվել է սպասարկման անհարմարության խնդրին: Բանն այն է, որ N 67 երթուղին քաղաքի մի ծայրից մյուս ծայրն է ընթանում, բայց հարկային պարտավորությունների համար վճարում է այնքան, որքան այն երթուղին, որը կարճ ճանապարհ է անցնում:

«Մեքենաների, վարորդների, վառելիքի ծախսերը, դրանց գումարած վճարման հարկերը ավելի բարձր են, քան իրենց ստացած շահույթը»,- պարզաբանեց սնանկության գործով կառավարիչը: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերության փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզել է, որ նրանք տարիներ շարունակ վնասով են աշխատել: Նա միաժամանակ նկատեց, որ եթե Կառավարությունը փորձի գործարարին հնարավորություն տալ, ապա վերջինս ցածր տոկոսադրույքով վարկերով կկարողանա կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ընկերությունը:

Սակայն «Արշակյան եղբայրներ» ընկերության հիմնադիր Արշակ Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինչքան էլ ներդրում իրականացվի, միեւնույն է՝ Երեւանում 100 դրամ ուղեվարձով հնարավոր չի լինի աշխատել: «Երեւանում հասարակական տրանսպորտը չի կարող 100 դրամով աշխատել: Ձեռնտու չէ: Սա է այսօրվա իրականությունը: Տունս քանդվեց, բայց ոչինչ նորը կկառուցեմ»,- զրույցի ավարտին հույս հայտնեց գործարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս