«ԱՄՈՒՍԻՆՍ ԲԻԶՆԵՍՄԵՆ Է… ԻՆՁ ՉԻ ԽԱՆԴՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը վաղուց էր տեղեկացրել, որ ընտրյալ ունի եւ պատրաստվում է իր կյանքը կապել նրա հետ: Վերջերս նա անսպասելի կերպով հայտարարեց, որ ամուսնացել է` օրինականացնելով հարաբերությունները սիրելիի հետ: «Ժողովուրդ»-ը Սոնայի հետ զրուցել է նրա կյանքի նոր փուլի եւ ստեղծագործական նորությունների մասին:

-Սոնա՛, արդեն ամառը կիսվել է, բայց Դուք շարունակում եք աշխատել, առաջիկայում Ձեզանից նոր երգեր սպասե՞նք:
-Դրանցից արդեն տեղադրել եմ համացանցում, առաջիկայում էլի կմատուցեմ նոր երգեր, բացի այդ` նոր տեսահոլովակ եմ նկարահանելու, որը կթողարկվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ` օգոստոսին, ինձ կնվիրեմ ամառային հանգստին:
-Վերջերս նույնիսկ գեղարվեստական ֆիլմում փորձեցիք Ձեր ուժերը: Եթե էլի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունենաք, կընդունե՞ք:
-Նոր առաջարկներ արդեն ստացել եմ, դեռ պետք է հստակ որոշեմ` ընդունել, թե ոչ: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը լուրջ բան է, պետք է պրոֆեսիոնալների թիմ լինի, որ ընդունեմ առաջարկը: Իմ մասնակցությամբ «Հյուսիս-հարավ» ֆիլմում մարմնավորել եմ հումորային, միեւնույն ժամանակ լուրջ, տարբերվող կերպարի, կարծում եմ` այն հաջողվել է: Ֆիլմի պրեմիերան կլինի սեպտեմբերին:
-Վերջերս անակնկալ կերպով հայտարարեցիք, որ ամուսնացել եք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք առանց որեւէ խնջույքի, հատուկ արարողության ամուսնանալ:
-Ես չեմ սիրում ինչ-որ հատուկ արարողություններ անել, ամպագոռգոռ բաներ ասել. իմ բնույթն է այդպիսին: Կարեւորը երջանկությունն է, փոխըմբռնումը: Չեմ սիրում որեւէ բան անել` մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար: Ովքեր գիտեն այդ մասին, բավական է, ովքեր չգիտեն, պարտադիր չէ, որ իմանան: Ու թեեւ չեմ սիրում թաքցնել, կոծկել իմ անձնականը, այնուամենայնիվ, չեմ էլ սիրում, որ իմ կյանք են մտնում, ինքս էլ չեմ փորձում որեւէ մեկի կյանք ներխուժել:
-Իսկ եկեղեցում պսակադրվելու ցանկություն չունեի՞ք:
-Նման ցանկություն ունեցել եմ, ի դեպ, ամեն բան դեռ առջեւում է: Պարզապես կարծում եմ, որ մարդ պետք է համապատասխան հոգեվիճակով մտնի այդ սուրբ վայր, ոչ թե ուղղակի` մտնելու համար, այդ հարցին պետք է գիտակցաբար մոտենալ` հետագայում չփոշմանելու համար: Ես շատ կարեւորում եմ նաեւ ԶԱԳՍ-ով ամուսնությունը, թեպետ կան շատ զույգեր, որոնք ամուսնությունից տարիներ հետո նոր են օրինականացնում իրենց հարաբերությունները:
-Ձեր եւ Ձեր ամուսնու միջեւ, որքանով տեղյակ եմ, տարիքային տարբերություն կա. Դուք նրանից տարիքով մեծ եք, ինքներդ էլ բնավորությամբ լիդեր եք, համարձակ, երբեմն թվում է` նաեւ իշխող: Կին-տղամարդ հարաբերություններին այս հանգամանքները չե՞ն խանգարի:
-Տարիքային այդ տարբերությունը ոչինչ չի նշանակում. կողքիդ մարդը կարող է տարիքով մեծ լինի, բայց ոչնչից գլուխ չհանի, իրար չհասկանաք… Որ ասեմ` լիդեր եմ, ոչ, բայց ինձ համարում եմ ուժեղ անձնավորություն: Կարծում եմ` կինն իր դիրքերում պետք է մնա, տղամարդն` իր: Ինքս պահանջկոտ չեմ, բայց որ տեղը գա, կպահանջեմ, կոնկրետ հարցերում կարող է եւ պահանջկոտ լինեմ. կյանքը ցույց կտա…
-Ձեր ամուսինը Ձեր ոլորտի հետ կապ ունի՞: Ինչո՞վ է նա զբաղվում:
-Ո՛չ, նա իմ ոլորտի հետ կապ չունի. ամուսինս բիզնեսմեն է, փոքր բիզնես ունի: Կարեւորը բարի ու խելացի անձնավորություն է:
-Դուք բեմի մարդ եք, Ձեզ չի՞ խանդում:
-Ո՛չ, չի խանդում, մեկս մյուսին վստահում ենք:
-Իսկ Ձեր ամուսնու ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում երգչուհու Ձեր կարիերային:
-Շատ լավ. ես իմ քրտինքով աշխատող մարդ եմ, իմ գործն էլ, կարծում եմ, լավ եմ անում:
-Կհամաձայնե՞ք ամուսնու ծնողների հետ ապրել:
-Այո՛, սիրով: Ես հիմա ապրում եմ առանձին, բայց եթե հարկ լինի, կհամաձայնեմ նաեւ նրանց հետ ապրել: Շատ սիրում եւ հարգում եմ նրանց, այդ վերաբերմունքն էլ փոխադարձ է:
-Ձեր մայրիկը պահանջկո՞տ զոքանչ է, հավանո՞ւմ է իր փեսային:
-Դե, բնականաբար, բոլոր մայրերն էլ կուզենան, որ իրենց դուստրերը երջանիկ լինեն, նրա ցանկությունն էլ հենց դա է, բայց առանձնապես պահանջկոտ չէ: Նա, թեեւ, ամեն մեկին չի վստահում եւ հավատում, բայց հավանում է իր փեսային: Մայրիկիս կարծիքն, իհարկե, կարեւորում եմ, բայց այն համոզման եմ, որ զույգի կարծիքը պետք է լինի գերիշխող. կողքից ոչ ոք չպետք է խառնվի երկուսի հարաբերություններին: Շատ բաժանություններ լինում են հենց երրորդ անձի խառնվելու պատճառով:
-Իսկ արդեն պլանավորո՞ւմ եք բալիկներ ունենալ, թե՞ դեռ չեք շտապում:
-Աստված ինչպես կամենա, դա պլանավորելով չէ. ինչ լինելու է, կլինի:

 

 

 

 

 
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՎՈՒՄ Է. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԼՊՏ-Ն

Հուլիսի 21-ին հերթական անգամ գերատեսչություններից մեկում կազմակերպված համաժողովն անցկացվել է օտար լեզվով` ռուսերենով, առանց համընթաց թարգմանության: Խոսքն այս անգամ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովի մասին է:

Ու թեեւ փոխնախարար Էմիլ Տարասյանը համաժողովի սկզբում ներողություն է հայցել ներկաներից, սակայն դրանից «Լեզվի մասին» օրենքի խախտման փաստը չի փոխվել:
Հիշեցնենք, որ ըստ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:
«Ժողովուրդ»-ը լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց` արդյոք տեսչությունը վերահսկում է այս եւ նմանատիպ այլ խախտումները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն՝ վերոնշյալ օրենքի պահանջները խախտելու համար:
Սերգո Երիցյանի խոսքով` եթե այս կարգի միջոցառումները հրապարակային են, պետք է անցկացվեն հայերենով. «Պետք է առնվազն ունենալ հայերեն սինքրոն թարգմանություն, հակառակ դեպքում տեղի է ունենում օրենքի խախտում, ուստի խախտողները պետք է տուգանվեն: Իսկ եթե խոսքը նեղ քննարկման մասին է, որը հրապարակային բնույթ չի կրում, կարող է եւ ընտրվել աշխատանքային լեզու, երբեմն նաեւ` լեզուներ»,-ասաց նա:
Մենք հարցրինք` ինչ է պատրաստվում անել կոնկրետ վերոնշյալ համաժողովի առնչությամբ լեզվի պետական տեսչությունը, քանի որ փաստացի արձանագրվել է օրենքի խախտում: Սերգո Երիցյանը պատասխանեց. «Մենք կզգուշացնենք կազմակերպիչներին, Դուք կարող եք մեզ ահազանգել, մենք անպայման կզգուշացնենք, իսկ իրողության կրկնվելու դեպքում արդեն գործի կդնենք մեր մեխանիզմները»:
Մենք նաեւ նշեցինք, որ «Լեզվի մասին» օրենքի նմանատիպ խախտումներ նախկինում էլի են եղել, եւ հարցրինք` արդյոք ԼՊՏ-ն խնդիրը տեղափոխել է օրենսդրական դաշտ, ինչին Սերգո Երիցյանը պատասխանեց, որ լեզվի տեսչությունը զգուշացումներ է արել, օրինակ, Ազգային ժողովում տարվող քննարկումներից մի քանիսի առնչությամբ, եւ խնդիրը լուծվել է. «Զգուշացումներ ենք արել, օրինակ, նաեւ առողջապահական մի ֆորումի առնչությամբ, եթե դրանք արդյունք չտան, կկիրառենք օրենսդրական հնարավորությունները»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունը: Ցանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին, հիմնականում՝ լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Այն հեղինակել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներն ընդգրկված են Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ.), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ.), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:

 

ԿՐԿԻՆ ԿՄԱՅՐԱՆԱ
Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն ու դհոլահար Գուրգեն Թամրազյանը կրկին ծնողներ կդառնան: Զույգի երեխան լույս աշխարհ կգա դեկտեմբերին: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն ու ամուսինն անսահման երջանիկ են. «Այս անգամ զգացողություններս այլ են, հիմա գիտակցում եմ ծնող լինելու լրջությունը»:
Հղիության հինգերորդ ամսում գտնվող երգչուհին աշխատանքային դադար չի վերցրել. «Հղիությունը ոչ թե խոչընդոտում, այլ հակառակը` ինձ էներգիա է տալիս: Այժմ նոր զուգերգի տեսահոլովակ ենք նկարահանում Ռուբեն Սասունցու հետ, իսկ սեպտեմբերին ելույթ կունենանք Լիբանանում: Հոկտեմբերը նույնպես համերգաշատ է լինելու»,-ասել է նա:

 

ՎՃԱՐԵՔ, ՈՐՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ
Ամենահայտնի բրիտանական սիմֆոնիկ նվագախմբերից մեկը` Մանչեսթերի «Հալե» նվագախումբն առաջին անգամ կունենա համերգ, որտեղ տոմսերի համար կվճարվի ելույթից հետո: Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: «Վճարեք, որքան ցանկանում եք»,- նշված է նվագախմբի կայքում: BBC-ի ռուսական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ համերգի ավարտին հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում թողնել այնպիսի գումար, որն իրենց կարծիքով արժի համերգի համար վճարել:
Նշենք, որ սովորաբար «Հալե» նվագախմբի համերգի տոմսի միջին արժեքը 60 դոլար է կազմում: Այս ակցիայով երաժիշտները ցանկանում են համերգի դահլիճ բերել այն մարդկանց, որոնք նախկինում երբեւէ չեն եղել դասական երաժշտության համերգի:




Լրահոս