Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ ամեն տարվա հուլիսի վերջին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կտրուկ լարվում է, քանի որ հակառակորդը սկսում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Փաստորեն վերջին երկու օրերին սահմանին իրավիճակը կտրուկ լարվել է, բայց բարեբախտաբար հայկական կողմից տուժածներ չկան:
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ մասնավորապես հուլիսի 21-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը: Սակայն, սովորական հրազենից բացի, այս անգամ օգտագործվել են նաեւ հրետանային զինատեսակներ, մասնավորապես՝ 60 միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 տիպի նռնականետեր եւ խոշոր տրամաչափի գնդացիրներ: Եւ այս ամենը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի օրերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 20-ին հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, որից հետո մեկնել էին Բաքու: Այսինքն՝ ենթադրվում է, որ սահմանին կրակոցները հնչել են հենց այն ժամանակ, երբ Բաքվում ընթացել է ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ինչպես հայտնի է՝ այս օրերին տարածաշրջան է այցելել նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը հենց հուլիսի 20-ին գտնվում էր Հայաստանում: Այսինքն՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ինչ-որ առումով հասցեագրված է նաեւ միջազգային հանրությանը: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմը ԼՂՀ խնդրի հետ կապված բանակցությունների նախաշեմին կամ դրանց ընթացքում հրադադարի ռեժիմը խախտելն արդեն սովորություն է դարձրել, ուստի ստացվում է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը հատկապես բանագնացների այցերի ժամանակ պետք է աչալուրջ լինեն: Իրերի նման վիճակը անտրամաբանական է, բայց փաստը մնում է փաստ:
Անցած տարի հուլիսի վերջին եւս սահմանին իրավիճակը լարվել էր: Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ նախաձեռնեց: Դրանց արդյունքում հայկական կողմն ունեցավ 5 զոհ 7 վիրավոր: Հայկական զինուժի պատասխան եւ կանխարգելիչ գործողութունների արդյունքում ադրբեջանական կողմն ունեցավ 25-30 զոհ: Ի դեպ, ուշագրավն այն էր, որ մարտական գործողություններից ընդամենը երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ:
Իսկ արդեն մարտական գործողություններից հետո Հայաստանի պաշտոնյաների շրջանում սահման գնալու «վիրուս» տարածվեց: Փաստորեն պաշտոնյաները, որոնցից շատերը տարբեր ձեւերով խուսափել են բանակում ծառայելուց, այդ օրերին ինչ-որ տեղից զինվորական համազգեստ էին ձեռք բերում, հագնում եւ գնում սահման ու այնտեղ նկարվելուց հետո վերադառնում:
Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվելուց հետո Հայաստանի պաշտոնյաներից սահման է այցելել միայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս այցը հաշվի մեջ չէ, քանի որ նա ի պաշտոնե էր պարտավոր գնալ սահման: Իսկ, այ, մյուս պաշտոնյաների «սելֆի-այցերը» թերեւս առջեւում են: Նրանց մի մասն այս օրերին արձակուրդում է գտնվում եւ հանրապետությունից բացակայում է: Բացառված չէ նաեւ, որ նրանք, ովքեր Հայաստանում են, նախընտրում են մի քանի օր սպասել, որպեսզի, երբ արդեն ակնհայտ կլինի, որ ամեն ինչ ավարտվել է, նոր միայն իրենց պահարաններից հանեն զինվորական շորերը, հագնեն եւ գնան սահման՝ նկարվելու:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Անցած հինգշաբթի տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավիացիայի ոլորտը վերահսկող գերատեսչություններին հանձնարարել էր ուսումնասիրել եւ պարզել, թե ինչով է պայմանավորված Հայաստանի ավիատոմսերի շուկայում տիրող խայտառակ իրավիճակը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե իրենց նախարարությունը վարչապետի հանձնարարականն իրագործելու ուղղությամբ ինչ է արել: Էկոնոմիկայի նախարարությունից այս առնչությամբ մեզ պատասխանեցին. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, ակտիվ աշխատանքներ է սկսել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված հարցերի շուրջ: Ավիաընկերությունների հետ սկսվել են համապատասխան քննարկումներ` վերջիններիս դիրքորոշումը պարզելու նպատակով: Կատարվում է ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագների գնագոյացման ուսումնասիրություն` հայկական շուկայի առանձնահատկությունների եւ տնտեսական մի շարք գործոնների համատեքստում»: Տեսնենք, թե ինչ արդյունք կտան դատարկ ուսումնասիրությունները:
ՎԵՐՋԸ ԾԱԽԵՑԻՆ
Հուլիսի 15-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Յուքոմ» ընկերությունը պատրաստվում է գնել «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Երեկ «Յուքոմը» պաշտոնապես հաստատեց «Օրանժ Արմենիան» գնելու իր մտադրությունը: Ակնհայտ է, որ այս գործարքի արժեքը շատ մեծ է լինելու: Մոտավոր հաշվարկներով գործարքի արժեքը կարող է կազմել հարյուր միլիոն դոլար եւ ավել: Երեկ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարեց, որ «Օրանժ Արմենիա»-ն ոչ թե հեռանում է Հայաստանից, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է տեղի ունենալու:
ՀՅԴ-Ն ԿԱՍԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը միակ քաղաքական ուժն է, որը «գոհ» է նոր Սահմանադրության նախագծից: Սակայն մինչ այսօր ՀՅԴ-ականները որեւէ պաշտոնական տեսակետ դեռ չեն հայտնել նախագծի վերաբերյալ անգամ իրենց լրատավամիջոցներով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզել, թե երբ է ՀՅԴ-ն իր պաշտոնական տեսակետը հայտնելու նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, եւ արդյո՞ք իրենց պահանջները դրանում ներառված են: «Մենք այժմ քննարկում ենք: Օգոստոսի սկզբին նոր միայն կուսակցության տեսակետը կլինի»,- ասաց ՀՅԴ անդամ պատգամավորը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ շնորհակալություն հայտնել Արգենտինայի իշխանություններին տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:
ՃՇԳՐՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ
Հայկական եւ ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում որոշում կկայացնեն, թե ի՞նչ պայմաններով, ի՞նչ տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի Հայաստանի էլեկտրական ցանցերում: Այս մասին երեկ ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ինչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջեւ՝ սակագնի հիմնավորվածությունը, եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը, եւ ընդհանուր ֆինանսական հարցերով աուդիտ կիրականացվի նաեւ ՀԷՑ-ում: Այս հարցերն են ընդգրկվելու ընդհանուր տեխնիկական առաջադրանքի մեջ»:
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին, ասել է, թե գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է իր համար: «Իմ կարծիքով մենք պետք է հեռու մնանք ոչ միայն ռազմական գործողություններից, այլեւ արմատական տոնայնությունից, թշնամանքի ու ատելության վրա հիմնված հայտարարություններից: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն այդպիսի քաղաքականության, գաղափարախոսության ու հարաբերությունների ակնհայտ օրինակ են: ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,-ասել է Տուսկը:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի գինի ներմուծողների շուկայում առաջատար է փոխվել: Այս մասին գրում է RBC.ru-ն՝ հղում անելով ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներին: «Առնվազն 2008 թվականից սկսած խոշորագույն ներմուծողը «Լուդինգ» ընկերությունն էր, որը պատկանում է հայ քաղաքական գործիչ եւ գործարար Գագիկ Ծառուկյանի կառույցներին: Այժմ այդ ընկերությունն առաջին տեղը զիջել է աբխազական «Միստրալ Ալկո» ընկերությանը»,- գրել է RBC-ն: Ռուսական պարբերականը, հավանաբար, տեղեկացված չէ, որ Ծառուկյանն այլեւս քաղաքական գործիչ չէ, կամ էլ այդ մասին պնդումները լուրջ չի համարում: Հուսանք՝ սա ներկայացած տեղեկատվության մեջ միակ անստույգությունն է:
ՍԵՎ ԽԱՎԻԱՐԸ` 5 ՏԱՐՈՒՑ
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան: Թրղի գետի վրա կառուցված եւ վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից: «Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին»: Վարչապետն այցելել է նաեւ Մատաղիսում գործող սեւ խավիարի արտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերության պատասխանատուների ներկայացմամբ` շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո՝ սեւ խավիարի առաջին խմբաքանակները: