ԵՐԲ ՄԻ ԴԱՏԱՎՈՐ ՔԱՐԸ ԳՑԵՑ ՓՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ից, երբ մայրաքաղաք Երեւանի մի շարք դատարաններում ներդրվեց համակարգչային համակարգը, շատ կարծիքներ սկսեցին գերակշռել, թե այլեւս անհնար կլինի սուբյեկտիվ մոտեցումներ դրսեւորել, եւ դատական հայցերի քննությունն առավել օբյեկտիվ կլինի: Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում դատավորները ստիպված են լինում քննել այնպիսի հայցեր, որոնցից պարզապես գլուխ չեն հանում` կողմերի համար առաջացնելով լրացուցիչ դժգոհություններ:

Հիմա առավել մանրամասն փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում հայաստանյան դատական համակարգում, եւ բացի համատարած կոռուպցիոն (ներառյալ ազդեցիկ հովանավորչության դեպքերը) երեւույթներից՝ ուրիշ ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ՝ դատական արդարության հասնելու համար: Նախկինում Հայաստանում երբ որեւէ քաղաքացի հայց էր ներկայացնում դատարան, դատարանի նախագահն իր հայեցողությամբ էր հայցը մակագրում որեւէ դատավորի` նրան հնարավորություն տալով քննել գործը: Բայց արդեն մեկ տարուց ավել դատաիրավական բարեփոխումների շրջանակում որոշվեց մայրաքաղաքի դատարանների նախագահներին զրկել այդ իրավասությունից` դատավորներին առավել ազատ գործունեության դաշտ ապահովելու համար: Ու քանի որ Հայաստանում նույնիսկ բարեփոխումները հենց այնպես չեն արվում, ուստի այս ռեֆորմն էլ իր մեջ անձնավորված ենթատեքստ ունի:
Իսկ ի՞նչն էր այս որոշման իրական պատճառը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մայրաքաղաքի դատարանների նախագահների նկատմամբ անվստահությունը առաջացրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը: Պարզվում է` նա, շատ դեպքերում, երբ որեւէ հայց է ստացել, փաստաթղթերն այնքան է պահել իր գզրոցում, որ կա՛մ որեւէ դատավոր գնա, խնդրի` այդ գործն իրեն տալ` քննելու, կա՛մ հայցի տերը հայտնվի` համապատասխան վերաբերմունքով, որից հետո նոր գործի քննությունը սկսվել է: Այսինքն` ըստ լուրերի՝ դատարանի նախագահը ցուցաբերել է սուբյեկտիվ վերաբերմունք, որի օրինակը մատնացույց անելով՝ դատական համակարգում համակարգչային մոդելը կիրառելու անհրաժեշտություն է առաջ եկել: Իհարկե, դատավոր Ուզունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դուք ինձ զարմացրեցիք, դատարանների նախագահներ եղել են մինչեւ Ուզունյանը, Ուզունյանի ժամանակ եւ Ուզունյանից հետո էլ կլինեն: Ինձ թվացել է, որ ես միշտ օբյեկտիվ եմ եղել: Այս ինչ հետաքրքիր ընտրություն կատարեցիք, ես հասկացա, որ ձեր հարցը սադրանք էր, ինչո՞ւ չէ, Ուզունյանի ազգանունը երեւի գրավիչ էր: Դուք շատ սխալվում եք, գտեք ձեր հարցերի մեկնաբանությունը ուրիշի մոտ, ոչ ինձ մոտ, ես այդ մարդը չեմ եղել, գոնե երեք տարի նամուսով բարեխիղճ բոլորիդ աչքի առաջ աշխատել եմ: Ձեր հարցերի մեջ պրովոկացիա կա, եւ դրա համար չեմ պատասխանում»:
Հիշեցնենք` Սամվել Ուզունյանն այն պաշտոնյան էր, ով վարում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը: Եւ նրա վարած դատավարությունից առ այսօր ՀՀ որեւէ քաղաքացի գոհ չէ: Մեծից փոքր բոլոր հայերի մեջ 16 տարի շարունակ չեն փարատվում կասկածները, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության ղեկավարներին ու պատգամավորներին չէր կարող Նաիրի Հունանյանի բանդան սպանել, նրանք ունեին կազմակերպիչներ ու հովանավորներ, որոնք Սամվել Ուզունյանի վարած դատաքննության ընթացքում այդպես էլ ի հայտ չեկան:
Բայց Ս. Ուզունյանը ստացավ առավել բարձր պաշտոն` Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է հիմա, եւ նրա գործունեության արդյունքում տուժեցին մայրաքաղաքի մի շարք դատարանների նախագահներ: «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ շատ դատավորներ ու դատարանների նախագահներ պարբերաբար մասնագիտական քննարկումների ժամանակ դժգոհում են, թե ինչպես կարելի էր մի դատարանի նախագահի երեսից ողջ համակարգը փոխել: Բայց եղածը եղած է, եւ 2014 թվականից մայրաքաղաքի բոլոր դատարաններում, երբ որեւէ գործ է մուտքագրվում, համակարգչային սկզբունքով է բաշխվում, թե որ դատավորը պետք է քննի այն: Իսկ մարզերում դեռ նոր-նոր են սկսել կիրառել այդ մեթոդը, քանի որ տեխնիկապես վերազինվելու համար դեռ ռեսուրսներ են անհրաժեշտ: Եւ հիմա ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ. ՀՀ 10 մարզերում գործունեություն ծավալող դատարանների նախագահները օբյեկտիվ են բաշխում դատական հայցերը, իսկ մայրաքաղաքի դատարանների նախագահները «ժուլիկներ» են, եւ նրանց փոխարեն պետք է բաշխումը կատարի համակարգիչը: Թեեւ կարծիք կա նաեւ, որ անգամ համակարգչային բաշխման ժամանակ է հնարավոր աճպարարությունների միջոցով ցանկալի գործը ցանկալի դատավորի մոտ ուղարկել:
Բայց այս իրավիճակում մի խնդիր կա. դատարանների նախագահները (թե՛ մարզային, թե՛ քաղաքային) իրականում լավ պատկերացնում են, թե իրենց ղեկավարած դատարանում որ դատավորն ինչ մասնագիտական ու մարդկային որակներ ունի, որ դատավորը ինչ բնույթի գործ կարող է լավ քննել: Դատավորներ կան, որ տնտեսական գործեր չեն կարող քննել, կան այնպիսիք, որ երկու հարեւանների վեճերը հարթելու մեջ են «մասնագիտացած», կան ամուսիններին հաշտեցնելու մեջ հմուտները եւ այլն: Այս իմաստով դատական հայցերի քննության արդյունավետ ընտրությունը միայն մարդկային միջամտության միջոցով է հնարավոր հասնել: Դատարանի նախագահը կարող է կողմնորոշվել, թե ընտանեկան վեճերը ում կարելի է վստահել, դաժան սպանության գործի քննությունը եւ բանկային խնդիրների կարգավորումը որ դատավորը պատվով կքննի: Թեեւ չի կարելի անտեսել սուբյեկտիվիզմի գործոնը, ինչպես եղել է Ս. Ուզունյանի եւ գուցե էլի շատերի պարագայում:
Բայց անկախ ամեն ինչից, մեկ անձով պայմանավորված ռեֆորմները վաղ թե ուշ դատապարտվում են ձախողման: Դատական արդարության, անկախության, անկաշառության պատճառներն առավել հեշտ է գտնել ու խնդիրը կարգավորել: Ուղղակի ցանկություն է պետք, որը դեռ մեր երկրում չկա: Երբ լինի քաղաքական կամք` անկախ դատական համակարգ ունենալուց, այդ օրերից էլ կունենանք այն:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՕՐԻՖԼԵՅՄԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Օրիֆլեյմ Քոսմետիքսը» հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ հուլիսի 15-ին «Օրիֆլեյմ Քոսմետիքս» ընկերության մաքսային ձեւակերպումների մասնագետ Հայկ Մայիլյանը դիմել է Արարատյան տարածաշրջանային մաքսային պետի տեղակալին եւ հայտնել, որ վերաներմուծում մաքսային ընթացակարգով հայտարարագրել է դրոշմապիտակներ կոսմետիկ միջոցների համար: Ըստ նրա՝ ավելի ուշ պարզվել է, որ հայտարարագրված ապրանքները մաքսային մարմին սխալ տվյալներով են ներկայացվել: Արդյունքում մաքսային մարմինն արձանագրություն է կազմել եւ նշանակել քննություն, որից հետո որոշում է կայացվել ընկերության մասնագետ Հայկ Մայիլյանին ենթարկել վարչական պատասխանատվության 50 հազար դրամի չափով: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրիֆլեյմ Քոսմետիքս» ընկերությունը թույլ տված սխալների համար տուգանվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: 2015թ. ապրիլին էլ «Օրիֆլեյմ» ՍՊԸ-ի մաքսային ձեւակերպումների մասնագետ Արսեն Ավագյանն էր նույն սխալը թույլ տվել եւ տուգանվել 50.000 դրամի չափով:

 

12 ՈՍՏԻԿԱՆ ՊԱՏԺՎԵՑ
ՀՀ ոստիկանության 3 աշխատակցի նկատմամբ հայտարարվել է «խիստ նկատողություն»` կապված 2015թ հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի հետ: Արդեն տեղեկացրել ենք, որ այդ օրը՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել էր, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել էր մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել էր նկատողություն, 7 ծառայողի՝ խիստ նկատողություն: «Ժողովուրդը» գրել էր, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվի, եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության 3 ծառայողների` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Է. Պողոսյանին, նույն վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Հ. Սանթրոսյանին եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ԱԳ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Բաբայանին հայտարարվել է խիստ նկատողություն: Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ընթացքը կասեցվել է: Ծառայողական քննությանն անդրադարձ կարվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործերի նախաքննությունների վերջնական արդյունքներով:

 
ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է հանրապետության 19 մանկապարտեզների եւ խոհանոցների գործունեությունը: Մասնավորապես կասեցվել է Տավուշի մարզի երեք՝ Խաշթառակի, Պտղավանի եւ Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ եւ Մյասնիկյան համայնքների, ինչպես նաեւ՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի եւ Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը: Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմանները ներկայացնող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով: Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները: Ստուգումները շարունակվում են:

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՏՎԵԼ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած սպանությունը: Այնուհետեւ ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետը իր նկատմամբ կիրառել է բռնություն, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ եւ խոստովանել, թե, իբր, իրականում ինքն է սպանությունը կատարել: Պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին շարունակվեց «օֆշորի գործով» դատավարությունը: Երեկվա նիստին Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Սուքիասյանը դատարանին խնդրեց նիստը հետաձգել, սակայն դրան ընդդիմացավ Փայլակ Հայրապետյանը` նշելով. «Ժամանակ ենք կորցնում, պետք է ամեն մեկը իր պարտականությունները կատարի»: Այնուամենայնիվ, դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 30-ը:




Լրահոս