Կարծում եմ՝ իմ վախը չափվել է, ու արդեն վաղուց վախը չափված մարդ եմ. որտեղ էր անհետացած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը վստահեցրեց, որ չի անհետացել, եւ իրեն փնտրել հարկավոր չէ. «Ի սեր Աստծո, Ուզունյանը միշտ իր տեղում է»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել են: Բանն այն է, որ վերջիններիս անհետացումը կապված է մի քրեական գործի հետ. «Ասում են, թե ինչ-որ քրեական գործով Սամվել Ուզունյանն ու Տիգրան Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական: Արդյունքում, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի, գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով:

Եվ այսպես, ինչ վրիպում են ցույց տվել դատարանի նախագահները, որ անհետացել են: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Ավան եւ Նոր Նորք վարաչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անհետացած նախագահ Սամվել Ուզունյանի հետ:

-Պարո՛ն Ուզունյան, անհետացե՞լ եք, լուրջ խնդիրնե՞ր ունեք: Լուրեր կան, որ արձակուրդի դիմում եք գրել: Ի՞նչ խնդիրներ ունեք:

-Հա, ինչ է պատահել, տեսնում եք՝ ինչքանով եմ անհետացել, 20 տարվա մեջ համարձակվել եմ երրորդ անգամ արձակուրդ գնալ: 2008 թվականին երկու շաբաթով գնացի արձակուրդ, ուրեմն անցյալ տարի մեկ շաբաթով, իսկ, ահա, այս տարի բուժման նպատակով դուրս եմ գալիս, ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է:

-Տեղեկություններ կան՝ քրեական գործ է եղել, Դուք, ըստ երեւույթին, գործը ճիշտ ճանապարհով չեք տարել կամ համապատասխան մարդկանց սրտով որոշում չեք կայացրել, ու Ձեզ ցուցում են տվել աշխատանքից ազատման դիմում գրել:

-Բացարձակ մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել:

-Ասում են՝ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդու` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ Ձեր հարաբերությունները շատ լարված են: Ի՞նչ խնդիր ունեք նրա հետ:

-Մենք պրոբլեմ չունենք, եւ, առհասարակ, ես ոչ մի դատավորի հետ պրոբլեմ չունեմ, եւ դեռ ավելին՝ ես պրոբլեմ չունեցող մարդ եմ, եւ մեր հարաբերությունները շատ նորմալ են:

-Միգուցե լավ հարաբերություններ ունեք, բայց տեղեկություններ կան, որ հենց Դավիթ Հարությունյանն է համապատասխան մարդանց տեղյակ պահել, թե Դուք քրեական գործով ինչ քայլեր եք արել, ու դա էլ դարձել է Ձեր հեռանալու պատճառը:

-Նման տվյալներ չունեմ:

-Չե՞ք վախենում պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդու` Դավիթ Հարությունյանի դեմ դուրս գալ՝ Ձեր իրավունքները պաշտպանելով:

-Ընդհանրապես վախկոտ մարդ չեմ: Կարծում եմ՝ իմ վախը չափվել է, ու արդեն վաղուց վախը չափված մարդ եմ:

-Փորձը ցույց է տվել, որ համակարգից երբ հեռանում են, հետագայում հայտնվում են ճաղերի հետեւում, վստա՞հ եք, որ Ձեզ նման վտանգ չի սպառնում:

-Պատասխանատվության չեմ ենթարկվելու, պատասխանատվություն ենթարկվում է այն մարդը, որ սխալ է արել, ես սխալ չեմ արել, հանգիստ եղե՛ք: Կրկնում եմ՝ 20 տարվա մեջ թույլ եմ տվել առողջականի համար արձակուրդ գնալ եւ հիմա էլ ստիպված հետ եմ եկել ու աշխատում եմ:

-Այսինքն՝ Ձեր աշխատանքին եք վերադարձել ու հեռանալու միտք չունե՞ք:

-Այո՛, երկուշաբթի օրվանից ես իմ գործի վրա աշխատում եմ, այնպես որ, հանգիստ եղե՛ք:

Քնար Մանուկյան




Լրահոս