«ԻՄ ԿՈՂՔԻՆ ԿԱ ԱՄԵՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՒԺԵՂ ՏՂԱՄԱՐԴ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Հայ սուպեր-սթար 1» նախագծում հաղթող ճանաչվելուց հետո, պատրաստվում է Բուխարեստում կայանալիք համերգին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է շոու-բիզնեսում չլինելու պատճառների մասին, նշել, թե ինչու այլեւս չի երգում ակումբներում: Սուսաննան պատմել է նաեւ իր անձնական կյանքի մասին` ուրախությամբ խոստովանելով, որ գտել է այն մարդուն, ում հետ կցանկանար ընտանիք կազմել:

-Սուսաննա՛, այժմ ինչո՞վ եք զբաղված, երկրպագուներին առաջիկայում ուրախացնելու առիթներ կլինե՞ն:
-Այժմ դասավանդում եմ Երեւանի Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, որտեղ շուտով ընդունելության քննություններ են սկսվելու: Դիմորդներին օգնում եմ, որ քննությունները լավ հանձնեն: Նաեւ նախապատրաստվում եմ Ռումինիայում` Բուխարեստում կայանալիք համերգին: Այնտեղ սպասվում են հայկական օրեր: Դրանց շրջանակում բենդի հետ հանդես եմ գալու մենահամերգով, հիմնականում հնչելու են բլյուզ եւ ջազ ոճի երգեր:
-Դուք մշտապես նշում եք, որ շոու-բիզնեսում լինելու ցանկություն չունեք: Ամեն դեպքում դժվար չէ՞ շոու-բիզնեսի կողքով անցնել. այն երբեմն գայթակղիչ չէ՞:
-Միգուցե շատ գայթակղիչ բաներ կան, բայց ես կարեւորում եմ այլ բաներ. ես սիրում եմ երգը, ուստի ինձ համար այդ առումով ավելի հեշտ է: Շոու-բիզնեսը պահանջում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, ներկայացնել սենսացիա, մասնակցել շոու-բիզնեսյան հավաքույթներին, որոնք ինձ այդքան էլ չեն գրավում: Շոու-բիզնեսի անդամ լինելով` պետք է կարողանաս բոլորի հետ շփվել, առաջ գնալու համար շահի ետեւից ընկնել, եթե, իհարկե, գումար չունես: Եթե գումար չունես, պետք է նաեւ շողոքորթես, իսկ ես դա չեմ կարողանում անել, ոչ էլ սիրում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրել:
-Տեղյակ ենք, որ եղել են բազմաթիվ պրոդյուսերներ, որոնք առաջարկել են համագործակցել, ինչո՞ւ եք մերժել:
-Այո՛, առաջարկներ շատ-շատ եմ ունեցել, սակայն ոչ ոքի հետ չեմ ցանկացել աշխատել` կարծելով, որ ավելի լավ է փոքր քայլեր անեմ, բայց ինքնուրույն: Ցանկություն չեմ ունեցել աշխատելու մի օղակի հետ, որին այդքան էլ լավ ծանոթ չեմ: Չես կարող վստահ լինել, որ այդ համագործակցությունը վաղը անհաջող ընթացք չի ունենա:
-Իսկ ինչո՞ւ դադարեցիք ակումբներում երգել: Ի՞նչը Ձեզ չբավարարեց:
-Ակումբներում վաղուց չեմ երգում. չեմ ուզում ամեն օր իմ երգով գումար աշխատել. դա արդեն ոչ թե արվեստ է, այլ սովորական, հասարակ մի բան: Երբեմն-երբեմն լինում են ակումբային համերգներ, որոնց հաճույքով մասնակցում եմ, բայց ակումբում ամեն օր երգելն արդեն հետաքրքիր չէ: Բացի այդ` ինձ հաճելի չէ ամեն օր կեսգիշերին կամ կեսգիշերն անց տուն գնալը… Փոխարենը դասավանդելու միջոցով եմ գումար աշխատում:
-Երեխաների, երիտասարդների մեջ ի՞նչ պոտենցիալ եք տեսնում: Նաեւ կա՞ մի ընդհանուր միտում, որը Ձեր սրտով չէ:
-Բավական լավ ձայնային տվյալներ ունեցողներ կան, բայց մի բան կուզենամ նշել. ամեն մեկը չէ, որ ներկայացնում է ինքն իրեն. սովորաբար, մեծ մասը փորձում է նմանակել որեւէ կատարողի: Դա իրենք անգամ չեն էլ գիտակցում: Այս երեւույթը երբեմն շտկելի է, երբեմն ոչ:
-Ստանդարտ-շաբլոն՝ ուրիշներին կրկնելու միտումն առկա է նաեւ արտաքին տեսքը կերտելուն վերաբերող հարցերում: Դուք, օրինակ, երբեւէ դիմած չլինելով վիրահատական միջամտության՝ հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ:
-Ինձ թվում է` ինչ-որ շրջան յուրաքանչյուրն էլ դժգոհում է իր արտաքինից, որոշակի փոփոխություններ անելու ցանկություն է ունենում: Բայց երբ կողքիններդ ասում են, որ դու բնական տեսքով ավելի գեղեցիկ ես, սկսում ես քեզ ավելի սիրել եւ գնահատել: Հատկապես հիմա ինքս ինձ հետ այդ առումով հաշտ եմ:
-Դրան նպաստում է նաեւ կողքի տղամարդը: Ձեզ հաջողվե՞լ է գտնել այնպիսի մեկին, որի կողքին Ձեզ վստահ եւ երջանիկ կզգաք:
-Այո՛, փառք Աստծո, հաջողվել է, այդ առումով ինձ համարում եմ շատ երջանիկ. գտել եմ մի մարդու, ով ամեն հարցում բավարարում է ինձ: Նայում եմ նրան ու հասկանում, որ ամենաերջանիկն եմ, քանի որ իմ կողքին կա ամեն առումով ուժեղ տղամարդ:
-Իսկ ընտանիք կազմելու մասին մտածո՞ւմ եք:
-Կարելի է ասել` մտադիր եմ. շուտ կլինի դա, թե ավելի ուշ, կախված է հանգամանքներից: Ամեն դեպքում, գտել եմ այն մարդուն, ում հետ կուզենամ ընտանիք կազմել:

 

 

 

 
«ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ»-Ի ՀԱՄԱՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Արդեն խոսվել է այն մասին, որ այս տարի «Մանկական նոր ալիք 2015» մրցույթը, որը տեղի կունենա օգոստոսի 11-13-ը, ոչ մի հայկական հեռուստաընկերություն չի հեռարձակի: Եվ եթե նախորդ տարիներին հեռարձակող հեռուստաընկերությունն էր հոգում մասնակցի բոլոր ծախսերը, ապա այս տարի այդ բոլոր խնդիրները պետք է լուծի մասնակիցը:

«Մանկական նոր ալիք»-ի այս տարվա մասնակից Մերի Քոչարյանը, ամեն դեպքում, հույսը չի կորցնում. «Գուցե վերջին պահին խնդիրը լուծվի»,-ասում է նա: «Ժողովուրդ»-ը Մերի Քոչարյանի մայրիկից՝ Սերինե Քոչարյանից, հետաքրքրվեց` արդյոք իրենց հաջողվել է հովանավորներ գտնել, հույս կա՞, որ մրցույթն, այնուամենայնիվ, կհեռարձակվի:
Նրա խոսքով` դեռ որեւէ հստակ բան չկա. «Շատ դժվար է, երբ ծախսերի ողջ բեռն ընկնում է ծնողների ուսերին: Մեզ ընդամենն աջակցել է մի հյուրանոց, ուրիշ ոչ մի աջակցություն ո՛չ պետության, ո՛չ անհատների կողմից չենք ստացել»,-ասաց նա` հավելելով, որ հայկական հեռուստաընկերությունները հրաժարվում են հեռարձակել մրցույթը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Մեր այն հարցին, թե արդյոք «Ճանապարհ դեպի Նոր ալիք» խորագիրը կրող համերգից որոշակի շահույթ գոյացել է, Ս.Քոչարյանը պատասխանեց` որոշ չափով միայն:
«Փորձել ենք հովանավորներ գտնել, սակայն պատասխան, առհասարակ, չենք ստացել: Գուցե մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, կամ ժողովրդի ֆինանսական վիճակը լավ չէ»,-ասաց նա` հավելելով, որ Մերիի հաջող ելույթի մասին մտածելու փոխարեն իրենք ստիպված են մտածել, թե որտեղից կարող են համապատասխան ֆինանսներ հայթայթել:
Ամեն դեպքում, Մերի Քոչարյանը մարտականորեն է տրամադրված. «Պետք է գնամ եւ շատ լավ ելույթ ունենամ, երգերը, որոնք պետք է ներկայացնեմ, լավ եմ պատրաստել, եթե ժյուրին ընտրի հենց մեր ներկայացրած երգերը, կարծում եմ, որ հաջողություն կունենամ»,-մեզ հետ զրույցում վստահեցրեց նա:
Նշենք, որ 12-ամյա երգչուհին այժմ պատրաստվում է մեկնել Ղրիմ` մասնակցելու մանկական երաժշտական տոնին: Որպես միջազգային հիթ Մերին պատրաստվում է կատարել Jessie J-ի Mama Knows Best կամ Beyonce-ի Love On Top երգերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԹԵՎԱԾԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ
Հունիս-հուլիս ամիսներին «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն Լիսաբոն քաղաքում կազմակերպել է հայ ավանդական երգ ու պարի դասընթաց: Այն տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել են անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչել է լիսաբոնյան այգում։
Պարերի ուսուցմանը աջակցություն են ցուցաբերել տեղի մասնագետ Նարե Սուքիասյանը եւ հայկական պարերի գիտակ Լիա Խաչատրյանը։ Երգերի ուսուցումն անցկացրել է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը։
Հայկական խմբին միացել են օտարազգիներ՝ չինացիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, աֆրիկացիներ, պորտուգալացիներ։
Հիշեցնենք, որ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն նախագահական դրամաշնորհի շրջանակներում ազգային երգ ու պարի դասընթացներ է կազմակերպել նաեւ ՀՀ 4 մարզում:

 

ՎԻՍՈՑԿՈՒ ՊԱՏՎԻՆ
Մոսկվայի քաղաքապետարանում որոշում է կայացվել քաղաքի մի շարք փողոցներ, պուրակներ եւ մետրոյի կայարաններ անվանակոչելու մասին, գրում է Interfax.ru-ն։
Մասնավորապես վերանվանվել է Տագանկայի թատրոնի հարեւանությամբ գտնվող փողոցը։ Այն այսուհետ կկրի հայտնի երաժիշտ, դերասան Վլադիմիր Վիսոցկու անունը։ Անցյալ շաբաթ օրը նշվել է Վլադիմիր Վիսոցկու մահվան 35-րդ տարելիցը։

 

ՈՒԵՍԹԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է սկանդալային պատմության մեջ: Օրերս Կանադայում ընթացող պանամերիկյան խաղերի փակման արարողությանն ունեցած իր ելույթի ժամանակ նա բախվել է տեխնիկական խոտանի: Երաժիշտին սա դուր չի եկել. նա նետել է բարձրախոսը հանդիսատեսի ուղղությամբ ու հեռացել բեմից` ապշած թողնելով հազարավոր երկրպագուներին. գրում է USA Today-ը:
Նշենք, որ պանամերիկյան խաղերին Քանյեի ելույթի դեմ ստորագրահավաքն անցել է 50 հազարից: Չնայած դրան՝ կազմակերպիչներն անտեսել են սոցկայքերի օգտատերերի խնդրանքը:




Լրահոս