Դատական հայց պատգամավորի ընկերության դեմ. պահանջում են մեկ միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական վեճ է հասունացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերության միջեւ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախարարությունը պատգամավորի ընկերությունից պահանջում է շուրջ մեկ միլիոն դրամ:

Եւ այսպես՝ 2015թ սեպտեմբերի 4-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ դատարանի միջոցով «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ից բռնագանձվի 950 հազար 400 դրամ:
Իսկ ինչ գործունեությամբ է զբաղվում «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ն եւ, առհասարակ, ում է պատկանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Խաչարամ կոնսերվատորիա» հետաքրքիր անունը կրող ընկերությունը իրականում ոչ թե երաժշտական, այլ տպագրական ծառայություններ իրականացնող կազմակերպություն է, որի բրենդը «Նորք» տպագրատունն է:

Այս տպագրատունը պարբերաբար տպագրական ծառայությունների պատվերներ է ստանում պետական կառավարական մարմիններից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների՝ ՍՊԸ-ի համահիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է:

Ըստ ամենայնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերոնշյալ գումարը փոխանցել է պատգամավորին պատկանող ընկերությանը՝ տպագրություն իրականացնելու համար, սակայն գումարը ծախսվել է, բայց նախարարության պատվերը չի իրականացվել կամ թերակատարվել է, ինչն էլ նախարար Արտեմ Ասատրյանին ստիպել է ընկնել դատարանի դռները: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ Արագած Ախոյանից, սակայն վերջինս պատասխանեց, թե ինքը նման ընկերություն չունի. «Առաջին անգամ եմ լսում, ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը կապ չունենք այդ ընկերության հետ: Եթե մի բան լինում է, ճիշտն ասում եմ, բայց նման բան չկա»:

Չնայած պատգամավորը հերքեց իր առնչությունը ընկերության հետ, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հայտնվում է դատական քաշքշուկի կենտրոնում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականը դատական գործընթացների մեջ է գտնվում ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ:

Հարաբերություններն այնքան են սրվել, որ Արագած Ախոյանի ընտանիքը դատական հայցեր է ներկայացրել Կապրիելյանի դեմ: Հիշեցնենք, որ Արագած Ախոյանի ու Հրաչ Կապրիելյանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել էր իրենց բռնած ընդհանուր գործից դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով: Ու մինչ պատգամավորն իր բաժնեմասերի հետ կապված դատական նիստերին էր հետեւում, 2013թ. դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը հայց ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանի դեմ՝ պահանջելով նրանից հօգուտ վարչական շրջանի գանձել 436 հազար 476 դրամ:

Եւ, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: Վերջինս մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, սակայն ընկերությունները դեռես լռում են եւ սպասում, որ պատգամավորը կարգավորի իր ֆինանսական վիճակը:

Սա էլ դեռ քիչ էր, ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին պատգամավորի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները, կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել:

Քնար Մանուկյան




Լրահոս