Իմ կողքին կա ամեն առումով ուժեղ տղամարդ. Սուսաննա Պետրոսյանը մտադիր է ամուսնանալ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Հայ սուպեր-սթար 1» նախագծում հաղթող ճանաչվելուց հետո, պատրաստվում է Բուխարեստում կայանալիք համերգին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է շոու-բիզնեսում չլինելու պատճառների մասին, նշել, թե ինչու այլեւս չի երգում ակումբներում: Սուսաննան պատմել է նաեւ իր անձնական կյանքի մասին` ուրախությամբ խոստովանելով, որ գտել է այն մարդուն, ում հետ կցանկանար ընտանիք կազմել:

-Սուսաննա՛, այժմ ինչո՞վ եք զբաղված, երկրպագուներին առաջիկայում ուրախացնելու առիթներ կլինե՞ն:

-Այժմ դասավանդում եմ Երեւանի Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, որտեղ շուտով ընդունելության քննություններ են սկսվելու: Դիմորդներին օգնում եմ, որ քննությունները լավ հանձնեն: Նաեւ նախապատրաստվում եմ Ռումինիայում` Բուխարեստում կայանալիք համերգին: Այնտեղ սպասվում են հայկական օրեր: Դրանց շրջանակում բենդի հետ հանդես եմ գալու մենահամերգով, հիմնականում հնչելու են բլյուզ եւ ջազ ոճի երգեր:

glxavor

Դուք մշտապես նշում եք, որ շոու-բիզնեսում լինելու ցանկություն չունեք: Ամեն դեպքում դժվար չէ՞ շոու-բիզնեսի կողքով անցնել. այն երբեմն գայթակղիչ չէ՞:

-Միգուցե շատ գայթակղիչ բաներ կան, բայց ես կարեւորում եմ այլ բաներ. ես սիրում եմ երգը, ուստի ինձ համար այդ առումով ավելի հեշտ է: Շոու-բիզնեսը պահանջում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, ներկայացնել սենսացիա, մասնակցել շոու-բիզնեսյան հավաքույթներին, որոնք ինձ այդքան էլ չեն գրավում: Շոու-բիզնեսի անդամ լինելով` պետք է կարողանաս բոլորի հետ շփվել, առաջ գնալու համար շահի ետեւից ընկնել, եթե, իհարկե, գումար չունես: Եթե գումար չունես, պետք է նաեւ շողոքորթես, իսկ ես դա չեմ կարողանում անել, ոչ էլ սիրում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրել:

-Տեղյակ ենք, որ եղել են բազմաթիվ պրոդյուսերներ, որոնք առաջարկել են համագործակցել, ինչո՞ւ եք մերժել:

-Այո՛, առաջարկներ շատ-շատ եմ ունեցել, սակայն ոչ ոքի հետ չեմ ցանկացել աշխատել` կարծելով, որ ավելի լավ է փոքր քայլեր անեմ, բայց ինքնուրույն: Ցանկություն չեմ ունեցել աշխատելու մի օղակի հետ, որին այդքան էլ լավ ծանոթ չեմ: Չես կարող վստահ լինել, որ այդ համագործակցությունը վաղը անհաջող ընթացք չի ունենա:

sus

-Իսկ ինչո՞ւ դադարեցիք ակումբներում երգել: Ի՞նչը Ձեզ չբավարարեց:

-Ակումբներում վաղուց չեմ երգում. չեմ ուզում ամեն օր իմ երգով գումար աշխատել. դա արդեն ոչ թե արվեստ է, այլ սովորական, հասարակ մի բան: Երբեմն-երբեմն լինում են ակումբային համերգներ, որոնց հաճույքով մասնակցում եմ, բայց ակումբում ամեն օր երգելն արդեն հետաքրքիր չէ: Բացի այդ` ինձ հաճելի չէ ամեն օր կեսգիշերին կամ կեսգիշերն անց տուն գնալը… Փոխարենը դասավանդելու միջոցով եմ գումար աշխատում:

-Երեխաների, երիտասարդների մեջ ի՞նչ պոտենցիալ եք տեսնում: Նաեւ կա՞ մի ընդհանուր միտում, որը Ձեր սրտով չէ:

-Բավական լավ ձայնային տվյալներ ունեցողներ կան, բայց մի բան կուզենամ նշել. ամեն մեկը չէ, որ ներկայացնում է ինքն իրեն. սովորաբար, մեծ մասը փորձում է նմանակել որեւէ կատարողի: Դա իրենք անգամ չեն էլ գիտակցում: Այս երեւույթը երբեմն շտկելի է, երբեմն ոչ:

419189_103613003099671_773968923_n

-Ստանդարտ-շաբլոն՝ ուրիշներին կրկնելու միտումն առկա է նաեւ արտաքին տեսքը կերտելուն վերաբերող հարցերում: Դուք, օրինակ, երբեւէ դիմած չլինելով վիրահատական միջամտության՝ հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ:

-Ինձ թվում է` ինչ-որ շրջան յուրաքանչյուրն էլ դժգոհում է իր արտաքինից, որոշակի փոփոխություններ անելու ցանկություն է ունենում: Բայց երբ կողքիններդ ասում են, որ դու բնական տեսքով ավելի գեղեցիկ ես, սկսում ես քեզ ավելի սիրել եւ գնահատել: Հատկապես հիմա ինքս ինձ հետ այդ առումով հաշտ եմ:

-Դրան նպաստում է նաեւ կողքի տղամարդը: Ձեզ հաջողվե՞լ է գտնել այնպիսի մեկին, որի կողքին Ձեզ վստահ եւ երջանիկ կզգաք:

-Այո՛, փառք Աստծո, հաջողվել է, այդ առումով ինձ համարում եմ շատ երջանիկ. գտել եմ մի մարդու, ով ամեն հարցում բավարարում է ինձ: Նայում եմ նրան ու հասկանում, որ ամենաերջանիկն եմ, քանի որ իմ կողքին կա ամեն առումով ուժեղ տղամարդ:

-Իսկ ընտանիք կազմելու մասին մտածո՞ւմ եք:

-Կարելի է ասել` մտադիր եմ. շուտ կլինի դա, թե ավելի ուշ, կախված է հանգամանքներից: Ամեն դեպքում, գտել եմ այն մարդուն, ում հետ կուզենամ ընտանիք կազմել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս