Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել ամուսնու կողմից կնոջը սպանելու փորձի փաստով հարուցված քրեական գործը: Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն` 49-ամյա տղամարդը, իր կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, փորձել է սպանել նրան:
Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իրենց բնակարանում դավաճանվելու թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարձակվել է կնոջ վրա, բռնել նրա ոտքերից, բարձրացրել վեր և հրել խոհանոցի բաց պատուհանից դուրս: Կնոջը, բարեբախտաբար, հաջողվել է փրկվել ակտիվ դիմադրություն ցույց տալու արդյունքում: Նա ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:
Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ): Հավելենք, որ ամուսինը շուրջ 10 տարի է` հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: