Հուլիսի 27-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարվեց, որ ՀԾԿՀ-ն հրավերներ է ուղարկել խորհրդատվական 5 խոշոր ընկերությունների:
«Նիստում հաստատվել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին եւ վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները եւ արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմ»,-տեղեկացնում էր ՀԾԿՀ-ի հաղորդագրությունը:
Նշվում էր նաեւ. «Հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը եւ այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է, որ խորհրդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման եւ դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում»:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի՝ հունիսի 17-ի որոշման համաձայն՝ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 6.93 դրամով: Սակայն Սերժ Սարգսյանի՝ հունիսի 27-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ որոշվել էր, որ մինչ համակարգում անցկացվելիք աուդիտի ավարտը ՀՀ Կառավարությունը իր վրա է վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացման բեռը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք աուդիտի անցկացումը խորհրդատվական ծրագրից հետո չի իրականացվելու, քանի որ տեսակետ կա, որ այդ ամենից հետո աուդիտի հարցը վերջնականապես «փակվելու» է:
-Դրանք տարբեր գործառույթներ են` զուգահեռ անցկացվող, որեւէ մեկը մյուսի հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կապ չունի: Մենք 5 ամենախոշոր, ամենահայտնի խորհրդատուներին հրավիրել ենք, որպեսզի մեզ մոտ գան, իսկ ՀԷՑ-ի աուիդտը լրիվ այլ գործողություն է, դա մեզ հետ որեւէ կապ չունի, իրենք իրենց աշխատանքն են կատարելու, իսկ մենք՝ մերը:
-Բայց այս ժամանակահատվածում աուդիտ անցկացնող ընկերություններն այդպես էլ չեն ընտրվել, եւ նաեւ այդ պատճառով տեսակետ է ձեւավորվել, որ իրականում այդ աուդիտը փոխարինվել է խորհրդատվական ծրագրով: Դուք բացառո՞ւմ եք նման հնարավորությունը:
-Աուդիտի հետ կապված, խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք, դրա հետ մենք որեւէ առնչություն չունենք, այդ աշխատանքները կատարվում են ՀՀ եւ ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո: Այժմ մշակվում է այդ տեխնիկական առաջադրանքը, ես կարծում եմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, ու երբ որ պատրաստ կլինի արդյունքը, կհրապարակվի, ինչպես մեր դեպքում եղավ՝ հանդես եկանք հայտարարությամբ՝ տեղեկատվությունն ամբողջությամբ տեղադրելով նաեւ մեր պաշտոնական կայքէջում: Եթե Դուք ծանոթ եք մեր մամլո հաղորդագրություններին, ապա տեղյակ կլինեք, որ խորհրդատվական հարցի հետ կապված մենք 3 հիմնական ուղղություններ ենք նշել, մենք նաեւ մոտավոր ժամկետներ ենք սահմանել խորհրդատուների համար, որոնք իրենց աշխատանքը կատարելու դեպքում կներկայացնեն:
-Հայ հանրության շրջանում որեւէ վստահություն չկա նման խորհրդատվական ծրագրերի, աուդիտների նկատմամբ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք միջազգային խորհրդատուներին կհաջողվի այնպիսի աշխատանք կատարել, որից հետո հասարակության համար ամեն ինչ հստակ կլինի:
-Եկեք ավելի տրամաբանական նայենք հարցին, աշխարհի ամենախոշոր, 5 բարձր ռեյտինգ ունեցող խորհրդատվական ընկերություններն են ընդգրկվել, իրենք 10 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպություններ են, եւ նրանց համար գալ, ինչ-որ թոզ փչել ու գնալ… չի կարող նման բան լինել, իրենց հեղինակությունն ավելի մեծ փող արժի, քան թե… նրանք գալու են, իրենց մասնագիտական գործը շատ լուրջ կատարեն, փաստաթուղթը կազմեն, թողնեն, գնան: Թե ինչու են նման հայտարարություններ անում, ես չեմ հասկանում: Համաշխարհային բանկին չեք հավատում, միջազգային հեղինակավոր կառույցներին չեք հավատում, եվրոպական կառույցներին չեք հավատում, մեզ չեք հավատում, մեկին պե՞տք է հավատաք, թե՞ չէ: Բա ո՞ւմ հավատանք, մենք, ի վերջո, պետք է մեր մոտեցումներն ունենանք, թե չէ, եթե մարդը չի հավատում, մենք որեւէ բան չենք կարող անել, մենք մեր աշխատանքը կատարում ենք՝ ապացուցելով, որ պետք է հավատալ, որպեսզի արդյունք լինի:
-Պարո՛ն Նազարյան, բայց ժողովուրդը մեղավոր չէ, որ կորցրել է հավատը իշխանությունների նկատմամբ: Ի վերջո, իշխանությունների գործունեության արդյունքում է այդ անվստահությունը ձեւավորվել, ինչի մասին, ի դեպ, վերջերս բարձրաձայնեց նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը…
-Բայց ի՞նչ հիմքեր կան չհավատալու, մենք աշխատում ենք, որպեսզի հասարակությունն արդյունք ունենա: Այսքանը, շնորհակալություն:
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ» Է
Հայաստանում վերջին տարիներին էլ ավելի է արմատավորվում այն «հին ու բարի» ավանդույթը, երբ ամռան ամիսներին ամբողջ գերատեսչություններ աշխատում են, այսպես ասած, «հանգստի ռեժիմով», եւ հաճախ հսկա կառույցներում գեթ մեկ «կենդանի շունչ» հնարավոր չի լինում գտնել: Օրինակ՝ «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ փորձում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հանրությանը հուզող մի քանի գրավոր հարցերի պատասխաններ ստանալ, սակայն ապարդյուն:
Երեկ եւս ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մի քանի հարցերի շուրջ պարզաբանում ստանալ, սակայն մեր բոլոր ջանքերն անհաջողության մատնվեցին: Բանն այն է, որ վերջին ժամանակահատվածում այս գերատեսչության աշխատակիցներն անգամ «ալարում» են հեռախոսազանգերին պատասխանել կամ գուցե իսկապես ողջ օրը «տեղում չեն», իսկ երբ հրապարակվում է իրենց գերատեսչության մասին տեղեկատվությունը, հաջորդ օրն «արթնանում» են ու սկսում են մյուս լրատվամիջոցներին բացատրություններ ու պարզաբանումներ ներկայացնել:
Հուլիսի 1-ից «Ժողովուրդ»-ը գրավոր հարցեր է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որոնք մինչեւ այսօր անպատասխան են մնացել: Փաստորեն, ողջ նախարարությունում արձակուրդային վիճակ է:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչով է զբաղված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որի աշխատակիցները «խորը հանգստի» մեջ են: Գերատեսչության պաշտոնական կայքից պարզեցինք, որ նախարարության աշխատանքային գործունեության մասին վերջին հիշատակությունը վերաբերում է հուլիսի 28-ին. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մասնակցել է «Հիվանդների տնային խնամքը» գրքի շնորհանդեսին»:
Իսկ, ահա, իր` նախարարի վերջին «հայտնությունը» շատ ավելի վաղ էր՝ հուլիսի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ Կառավարության հերթական նիստին ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը (սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը): Սա Արտեմ Ասատրյանի վերջին «գործն» է, որը պաշտոնապես լուսաբանվել է: Դրանից հետո նախարարը եւս անցել է հանգստի ռեժիմի կամ գուցե պաշտոնապես արձակուրդ է ձեւակերպել, ինչը հնարավոր չեղավ պարզել նախարարությունում մարդ չլինելու պատճառով:
Ստացվում է` օրեր շարունակ չի «գործում» մի ողջ երկրի նախարարություն, որը ուղիղ կապ ունի հասարակության հետ ու ամենօրյա ռեժիմով պարտավոր է լուծել առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները:
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կանդրադառնա նաեւ մյուս գերատեսչություններին:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ
ՀՀ Կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր կայանալիք նիստում ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը կհատկացնի 9 մլն 868 հազար դրամ: Նշված գումարով նախարարության համար պետք է վարձակալեն 400 քմ մակերեսով տարածք, որի ամսական վարձավճարը կկազմի 1 մլն 973 հազար դրամ: Նոր նախարարությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին: Մինչ օրս անհասկանալի է, թե ինչ է անում այս գերատեսչությունը, ինչը չէին կարող իրականացնել մյուս՝ արդեն գոյություն ունեցող նախարարությունները: ՄՏԻԲ նախարարությունը մինչ օրս անգամ պաշտոնական կայք չունի, եւ նրա գործունեությունը որեւէ կերպ չի լուսաբանվում: «Ժողովուրդ»-ը երկար ժամանակ փորձում է պարզել, թե, ի վերջո, ովքեր են այս գերատեսչությունում աշխատում եւ ինչով են զբաղված, բայց ապարդյուն: Հայտնի է միայն, որ նախարարը Վաչե Գաբրիելյանն է, իսկ նրա տեղակալը` Սուրեն Կարայանը, եւ վերջ: Այսինքն՝ անունը կա, ամանումը չկա:
Ի ՎԵՐՋՈ ՀԱՍԿԱՑԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի» աշնանը կայանալիք ամենամյա վերալիցքավորման գործընթացը վտանգված է: Բանն այն է, որ ՀԱԷԿ-ը չի կարողանում պատվիրել վերալիցքավորման համար անհրաժեշտ նյութերը, սարքերն ու սարքավորումները: Իսկ պատճառը պետական ձեռնարկությունների գնումների օրենսդրությունն է, ըստ որի՝ ՀԱԷԿ-ը պարտավոր է իրեն անհրաժեշտ նյութերի համար մրցույթ հայտարարել: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ նյութեր կամ սարքավորումներ կան, որոնք արտադրվում են մեկ ընկերության կողմից, եւ անիմաստ է լրացուցիչ ծախս կատարել եւ ձեւական մրցույթ հայտարարել: ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում պատրաստվում է ընդունել մի որոշում, որով կհաստատվի այն սարքերի եւ սարքավորումների ցանկը, որոնք ՀԱԷԿ-ն իրավունք կունենա գնել առանց մրցույթի՝ անմիջապես արտադրողներից կամ նրա միակ ներկայացուցչից:
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԵՌԱՆԱ՞Ն
«Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը եւ հեռանալ Հայաստանից: Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել: Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»,- ապա անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս առաջ «Գրանդ Քենդի» ընկերության մի շարք աշխատակիցներ բողոքում էին, որ մոտ 6 ամիս աշխատավարձ չեն ստացել: