«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանքի տակ գտնվող որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Մեզ տեղեկություններ են հասել, որ հենց կալանավորման առաջին օրվանից նրան տեղափոխել են բուժմաս: Հայտնի փաստ է, որ ՔԿՀ-ների բուժմասերում պայմանները շատ ավելի լավն են, քան սովորական խցերում։ Եթե խցում կալանավորները շատ են, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ տեղ-տեղ անգամ մահճակալների թվից երկու անգամ ավելի, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, ապա բուժմասում հանգիստ վիճակ է, ամեն սենյակում՝ 2-3 հոգի, պայմաններն էլ՝տանելի:
Ավելորդ է անգամ հարցնել, թե ինչ առողջական խնդիրներ են առաջացել Տիգրան Խաչատրյանի մոտ անմիջապես կալանավորումից հետո, որ այդպես օպերատիվ տեղափոխել են բուժմաս: Իդեպ, մարզպետի որդու վատ ինքնազգացողության մասին փաստաբանը հայտարարել է երեկ, մինչդեռ նա օրեր շարունակ գտնվում է բուժմասում, հավանաբար, այժմ էլ հող են պատրաստում, որ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ եթե ստացվի՝ քաղաքացիական հիվանդանոց»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: